Լրահոս
Օրվա լրահոսը

ՓԱՍՏԱԲԱՆԻ ՀԱՐՑԸ ԼՍՎԵՑ

Հոկտեմբեր 18,2011 00:00

\"\"«Առավոտի»՝ «Դիմել է Փաստաբանների պալատի նախագահին» (2011թ. մարտի 8) հրապարակմամբ տեղեկացրել էինք քաղաքացի Գարեգին Շահվերդյանի դատական վեճի մասին: Դատարան էր ներկայացել հակառակ կողմի փաստաբանը, որը, պարզվել էր, նախկինում եղել է դատական կատարածու՝ նույն գործով:

ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը 2011թ. հուլիսի 28-ի թիվ 15/11 Ա որոշմամբ՝ փաստաբան Կրոմվել Գրիգորյանին (արտոնագիր թիվ 305) ճանաչել է մեղավոր՝ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջների խախտման համար: Փաստաբան Կրոմվել Գրիգորյանի նկատմամբ նշանակվել է տույժ՝ նկատողություն երեք ամիս ժամկետով, որոշման մեջ նշված է. «Այսպիսով Պատասխանողը կատարել է գործողություն, որն ուղղակիորեն արգելված է «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, որում ասված է, որ փաստաբանն իրավունք չունի իրավական օգնություն ցույց տալ այն դեպքում, երբ տվյալ գործին մասնակցել է որպես դատավոր, դատախազ, քննիչ, հետաքննության մարմնի աշխատող, փորձագետ, տուժող կամ վկա, ինչպես նաեւ, եթե նա հանդիսացել է պաշտոնատար անձ, որի իրավասության մեջ էր մտնում տվյալ անձի շահերից բխող որոշման ընդունումը» եւ «Այսպիսով, հանդիսանալով դատական տեսուչ (կատարածու), Կրոմվել Գրիգորյանը իրավասու է եղել ընդունելու ինչպես դիմողի, այնպես էլ պատասխանողի շահերից բխող որոշումներ»:
Ես օգոստոսի 27-ին վճռաբեկ բողոք եմ ներկայացրել ՀՀ վճռաբեկ դատարան, կից ուղարկել եմ ՀՀ փաստաբանների պալատի որոշման պատճենը:
Սեպտեմբերի 30-ին վճռաբեկ բողոքս վերադարձվել է հետեւյալ պատճառաբանությամբ՝ «Տվյալ դեպքում բողոք բերած անձը վերաքննիչ դատարանի 2011թ. մարտի 30-ի որոշումը վերանայելու համար որպես նոր երեւան եկած հանգամանք վկայակոչել է ՀՀ փաստաբանների պալատի հուլիսի 28-ի որոշումը, մինչդեռ վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոք բերող անձը վճռաբեկ բողոքում չի ապացուցել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 204.
32-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված նոր երեւան եկած հանգամանքների առկայությունը, քանի որ ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի հուլիսի 28-ի որոշումը սույն գործի լուծման համար չունի էական նշանակություն»:
ՀՀ վճռաբեկ դատարանը ուշադրություն չի դարձրել այն փաստի վրա, որ ՀՀ վարչական դատարան ներկայացրած իմ հայցում ես նշել եմ, որ իմ տան հետ կապված Էջմիածին քաղաքի կադաստրում եղած չկայացած աճուրդի մասին ես տեղյակ չեմ եղել եւ ծանուցում չեմ ստացել: Չկայացած աճուրդի մասին ակտերը կազմել եւ ստորագրել է նախկինում դատական տեսուչ, այժմ փաստաբան Կրոմվել Գրիգորյանը: Նույնը նշվել է նաեւ ՀՀ վերաքննիչ վարչական դատարան ներկայացված իմ բողոքում: Անտեսվել է նաեւ այն փաստը, որ 10-11 տարի ես տեղյակ չեմ եղել, որ իմ սեփական տունը ինձ չի պատկանում եւ երբ դատական կարգով փորձել եմ վերականգնել իմ իրավունքը, նախկին դատական տեսուչը (կատարածուն)՝ Կրոմվել Գրիգորյանը, որը օտարել էր իմ տունը եւ ում ջանքերի շնորհիվ իմ տան վերաբերյալ այլ անձի տրվել էր սեփականության իրավունքի գրանցման վկայական, այս դատավարությունների ընթացքում ներկայացնում էր տվյալ անձի շահերը:
Հոկտեմբերի 3-ին ես նոր վճռաբեկ բողոք եմ ներկայացրել ՀՀ վճռաբեկ դատարան եւ հուսով եմ, որ այս անգամ դատարանը կցուցաբերի այլ մոտեցում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել