Մի քանի օր առաջ Արմենակյան 202վ շենքում հրդեհ է բռնկվել: Բնակիչներին հաջողվել է արագ դիմել հրշեջ ծառայություն ու կրակը մեկուսացնել: Սովորական արտակարգ իրավիճակ հիշեցնող այս լուրը, թերեւս, կարող էր ընկալվել որպես պատահական դեպք, ինչ-որ բնակչի անփութության հետեւանք կամ պարզապես դժբախտ պատահար, եթե շենքի նկատմամբ խիստ հետաքրքրություն չունենային որոշ օլիգարխներ:
«Առավոտի» սեպտեմբերի 16-ի համարում մենք հրապարակել ենք, որ այդ շենքը գտնվում է հայաստանյան բարձրաստիճան պաշտոնյաների, օլիգարխների ուշադրության կենտրոնում, քանի որ այն նախկին «Կանազ» գործարանի առողջարանն է, գտնվում է Երեւանի սրտում՝ քաղաքի աղմուկից ու փոշուց կտրված Նորքի մի շատ գայթակղիչ հատվածում: Բնակիչներն «Առավոտին» պատմել էին, որ արդեն 2 տարի է՝ իրենց հանգիստ չեն տալիս, անընդհատ դուռը թակում են, «լավով» ու սպառնալիքներով առաջարկում են տունը վաճառել կամ փոխանակել Հյուսիսային պողոտայի «էլիտար» շենքերից մի բնակարանի հետ: Իսկ բնակիչները ոչ մի կերպ չեն համաձայնում իրենց սեփական բնակարանները բռնի ուժով վաճառել՝ հատկապես որ մեծ մասը սփյուռքահայեր են, Եվրոպայի քաղաքացիներ եւ 10 հա կանաչ այգիների մեջ գտնվող այդ շենքում հայրենիքի կարոտն են առնում ու անցկացնում իրենց արձակուրդները: Բնակիչները համոզված են, որ հրդեհը զուտ պատահականություն չէ. այդ միջոցով իրենց ուզում են ստիպել ընդունել ցանկացած առաջարկ ու ազատել տարածքը, հատկապես որ գնորդների կողմից այդ մասին սպառնալիքներ եղել են: