Լրահոս
Օրվա լրահոսը

80%-ը գոհ է ԱՊՊԱ-ից

Հոկտեմբեր 18,2011 00:00

\"\"Մասնագետների վստահեցմամբ, ԱՊՊԱ-ն չի կարող նպաստել վթարների ավելացմանը

«Բոլոր երկրներում ապահովագրությունն ավելի մեծ վստահություն է ձեռք բերում պարտադիր ապահովագրատեսակների միջոցով: ԱՊՊԱ-ի միջոցով 400 հազար ավտոսեփականատերեր որոշակի հարաբերություններ ստեղծեցին ապահովագրական ընկերությունների հետ: Մեր հաշվարկներով, մինչեւ տարվա վերջ, ապահովագրական ընկերությունները կսպասարկեն 26-30 հազար վթար»,- օրերս Դիլիջանում հայտարարեց «Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Գրիգորյանը: «Ռոսգոսստրախն» այս տարի նշել է հիմնադրման 90-ամյակը, իսկ «Ռոսգոսստրախ Արմենիան» իր գործունեությունը ծավալում է արդեն 3 տարի, աշխատակիցների թիվը հասնում է 900-ի: Ընկերության գործադիր տնօրենի խոսքով՝ ԱՊՊԱ ոլորտում շուկայի մեքենաների մոտ 35%-ն ապահովագրված է իրենց ընկերության կողմից: Երկրորդ տեղում՝ «Ինգո Արմենիան» է՝ 16-17%-ով: Կարծիք կա, թե ԱՊՊԱ-ն նպաստել է վթարների քանակի ավելացմանը, Գ. Գրիգորյանից հետաքրքրվեցինք՝ ԱՊՊԱ-ի կիրառումից հետո վթարների թիվը չի՞ ավելացել. «ԱՊՊԱ-ն ոչ մի կերպ չի կարող նպաստել վթարների ավելացմանը: Ապահովագրությունը բոլոր տվյալները ստվերից հանում է մաքուր դաշտ, որովհետեւ մարդկանց մոտ տվյալներ չհայտնելու շահագրգռվածություն չկա»,- պատասխանեց նա: Ինչ վերաբերում է ապահովագրավճարների բարձր լինելու հետ կապված դժգոհություններին, Գ. Գրիգորյանը խորհուրդ տվեց սպասել մինչեւ տարվա վերջ. «Չկա որեւիցե դեպք համաշխարհային պրակտիկայում, որ 6-7 ամիս հետո փորձեն ինչ-որ բան ամփոփել՝ մանավանդ ապահովագրական շուկայում: Նորմալ հասկանալու համար առնվազն 2-3 տարի պետք է»: Միեւնույն ժամանակ վնասաբերությունը, գների բարձր կամ ցածր լինելը գնահատելու համար որեւէ հեղինակավոր կազմակերպության հրավիրելու պատրաստակամություն հայտնեց. «Մեր հարցումները ցույց են տվել, որ ավտոսեփականատերերի մոտ 80%-ը գոհ է գործընթացից եւ մարդկանց մոտ չկա կարծիք, որ գները բարձր են»: Անդրադառնալով ԱՊՊԱ-ի աշխատակիցների՝ վթարի վայր ուշացումով հասնելուն, Գ. Գրիգորյանն ասաց. «Կա օրենքով հստակ ամրագրված ժամկետ. Երեւանում եւ շրջկենտրոններում՝ 35 րոպե, հեռավոր վայրերում՝ մինչեւ 80 րոպե: Եթե այդ ընթացքում ապահովագրական ընկերության ներկայացուցիչը չի գալիս, ապա ավտոսեփականատերերը իրավունք ունեն թողնել դեպքի վայրը՝ հետո ներկայացնելով համապատասխան փաստաթղթեր կամ դիմումներ»: Դժգոհությունների, քաշքշուկների եւ դատական գործերի «մասով» էլ նա նշեց. «Մենք շահագրգռված ենք, որպեսզի շատ արագ, օրենքով սահմանված ժամկետներում բոլոր խնդիրները լուծենք եւ մարդկանց հատուցումը տանք: Խորհրդարանական լսումների ժամանակ մեր բյուրոյի տնօրենը զեկույցով հանդես եկավ եւ ասաց, որ արդեն 15 հազարից ավելի ապահովագրական դեպքեր են եղել, որոնք արդեն կարգավորվել են եւ ընդամենը 12-13 դատական գործընթացներ կան այդ դեպքերի հետ կապված: Մեր ընկերությունում չկան նման դեպքեր, բայց թիվը փոքր է»: Նշենք, որ ընկերության 50 աշխատակիցներ Դիլիջանում էին, որտեղ մասնագետների օգնությամբ վերանորոգեցին քաղաքի թիվ 5 նախակրթարանի շենքն ու նոր տեսքի բերեցին խաղահրապարակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել