Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՐԱԴԱՐՁ ԱՐՄԱՏՆԵՐԻՆ

Հոկտեմբեր 18,2011 00:00

Կիրակի օրը գյուղն ու քաղաքը հանդիպեցին  Երեւանի Հյուսիսային պողոտայում

\"\"

Երեւանյան էլիտար թաղամասերից մեկը՝ Հյուսիսային պողոտան, կիրակի օրը բավականին յուրահատուկ, երեւանցիների աչքին անսովոր տեսք ուներ: Պողոտայի հենց մեջտեղում փոքրիկ ախոռ էր, որտեղ աշխույժ եռուզեռին ու ուսումնասիրող հայացքներին անտարբեր, առօրյա ռեժիմով իրենց օրն էին անցկացնում «Արզնի» ընկերության տոհմային ցուլիկները, կովերը, ոչխարները: Քիչ այն կողմ կոմբայններ ու տրակտորներ էին կանգնած, դեպի Աբովյան փողոց գնացող հատվածում մեկը մյուսից ճոխ եւ շքեղ զարդարված սեղաններ էին՝ գյուղմթերքի ամենատարբեր տեսականիներով: Այդ օրն առաջին անգամ մայրաքաղաքի կենտրոնում անցկացվեց բերքի եւ գոհաբանության տոն, նշվեց գյուղատնտեսության աշխատողի՝ մեզ սնողի օրը: Միջոցառումը կազմակերպել էր «People Metr» ընկերությունը՝ ՀՀ գյուղատնտեսության պատվերով: Միջոցառման նպատակն, ըստ կազմակերպության նախագահ Նարեկ Մալյանի՝ «Քաղաքի, այսպես ասած, պսեւդո-գլամուրային կենտրոնում իրականացնել միջոցառում, որը միտված է մեր արմատների ճանաչմանը: Շփվենք մեզ սնող մարդկանց հետ, ճանաչենք եւ մեծարենք նրանց»: Թեեւ միջոցառումը գյուղնախարարության պատվերով էր եւ բավականին շքեղ կազմակերպված, ասել է թե՝ մեծ ծախսեր պահանջած, միջոցառման վրա, ըստ մեր զրուցակցի, բյուջետային գումարներ չեն ծախսվել: Հովանավորները առատաձեռն էին գտնվել:
Տաղավարներում իրենց աճեցրած բերքն ու բարիքն էին ցուցադրում եւ համտեսի առաջարկում ՀՀ 10 մարզերի ներկայացուցիչները: Իր առանձին եւ հարուստ տաղավարն ուներ նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Առանձին տաղավարներում իրենց արտադրանքի տեսականին էին ներկայացնում նաեւ գյուղմթերքներ վերամշակող կազմակերպությունները: Յուրաքանչյուր տարածաշրջան ներկայացրել էր իր մշակույթը՝ տարազները, երաժշտությունը: Միջոցառման կազմակերպիչն էլ չէր զլացել նաեւ մշակութային մասում. հայկական երգեր, որ ժամանակակից տեսք ու ռիթմ էին ստացել հայտնի դիջեյ Վակցինայի ներկայությամբ, ով իր հերթին հայկական ազգային տարազով էր: Միջոցառմանը ներկա  էին ՀՀ վարչապետը եւ ՀՀ գյուղնախարարը, ովքեր մեկ առ մեկ մոտեցան բոլոր տաղավարներին, համտեսեցին ներկայացված տեսականուց, զրուցեցին գյուղացիների եւ արտադրողների հետ նրանց հուզող եւ կառավարության միջամտությունը պահանջող հարցերի շուրջ, վերջում բավականին գոհունակությամբ հեռացան՝ ընդգծելով, որ հետաքրքիր եւ յուրօրինակ կազմակերպված այս միջոցառումը ոչ միայն ներկաների համար տոն ապահովեց, այլեւ գյուղացի-արտադրող-կառավարություն հետագա համագործակցության համար պարարտ հող դարձավ: Ընդհանրապես, մասնակիցները հենց նման ակնկալիքներով էլ եկել էին եւ հույս ունեին, որ նման նախաձեռնությունները պարբերական բնույթ կունենան: «Շատ հաճելի է, որ ԼՂՀ-ն ՀՀ-ում այսօր ներկայացված է եւ իր մասնակցությունն է բերել ՀՀ գյուղատնտեսության աշխատողի օրվան: Մենք ցուցադրել ենք այն ողջ տեսականին, ինչն այսօր կարելի է ստանալ ԼՂՀ-ում, ազատագրված տարածքներում: Օգտվելով առիթից՝ կոչ եմ անում մարդկանց՝ եկեք միասին ապրենք մեր եղբայրների արյան գնով ազատագրված հողերում, արարենք, արտադրենք եւ զարգացնենք մեր գյուղատնտեսությունը: Ես համոզված եմ, որ մեր ներկայացրած տեսականին կհետաքրքրի նաեւ հայաստանցի գործարարներին, եւ հնարավորություն կստեղծվի նաեւ հանրապետությունից դուրս արտահանել մեր թուզը, մեղրը, խաղողը, բանջարեղենը: Շատ լավ նախաձեռնություն է եւ, ամենակարեւորը, նաեւ բավականին լավ կազմակերպված»,- մեզ հետ զրույցում ասաց Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Արտավազդ Ալեքսանյանը: Իսկ Լոռու մարզպետարանի գյուղբաժնի վարիչ Վազգեն Օհանյանը հատկապես տպավորված էր գյուղի եւ գյուղացու նկատմամբ այս աննախադեպ ուշադրությունից: «Տոնը ստացվեց, նախաձեռնությունը գովելի է, կազմակերպվածությունը՝ բարձր մակարդակի»,- նկատեց նա՝ հավելելով, որ տոնից հետո հոգ չէ, եթե գործարարներից այսօր հետագա համագործակցության առաջարկներ չստանան: Հետո կստանան: 
Հայաստանի ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանն էլ մեզ հետ զրույցում ասաց. «Շատ կարեւոր է, որ Երեւանում, հենց քաղաքի կենտրոնում մեր գյուղացիական տնտեսությունները ցուցադրում են իրենց բարիքները: Սա յուրօրինակ ստուգատես է, միեւնույն ժամանակ ներքին լիցք ստանալու պայման է դառնում, քաղաք-գյուղ կապերի ամրապնդման համար եւս մի խթան: Սա անպայման կնպաստի, որ մեր կառավարությունը գյուղատնտեսական քաղաքականության ոլորտում ավելի նախաձեռնող կլինի եւ ավելի շատ հետամուտ լինի գյուղացու խնդիրների լուծմանը, գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների ձեւավորմանը, ինչը հնարավորություն կտա ավելի շատ օգտագործելու հողատարածքները, որովհետեւ անցյալ տարվա տվյալներով՝ 170 հազար հա հող չի մշակվել: Կարծում եմ, այսպիսի ցուցադրությունները, այսպիսի միջոցառումները խթան կլինեն գյուղացու խնդիրներին հետամուտ լինելու»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել