Լրահոս
Օրվա լրահոսը

Հերթական ընտրությունների շեմին

Հոկտեմբեր 18,2011 00:00

Խորհրդարանական ընդդիմությունը
սկսել է հանդիպումները
«Ժառանգությունը» շարունակում է ֆորումների շարքը
Հոկտեմբերի 19-ին, ժամը 18:00-ին, Գյումրիի տիկնիկային թատրոնում տեղի կունենա «Ժառանգություն» կուսակցության հանդիպումը քաղաքացիների հետ: Այս մասին հաղորդում է «Ժառանգության» մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում նախատեսվում է նաեւ կուսակցության առաջնորդ  Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթը: Իսկ մինչ այդ՝ երեկ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը գյումրեցի լրագրողների ու համակիրների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե իշխանությունները զբաղված են մի բանով՝ փորձում են սազը առած իրենց գովել օտար երկրներում, որպեսզի իրենց վարչակարգի վերարտադրության հարցը լուծեն. «Եթե իշխանություններն էդքան լավն են, եթե վստահ են, որ որեւէ խնդիր չունեն, ինչի՞ են ինքնասիրահարվածի նման ինքնագովազդով զբաղվում»: Հանդիպման ժամանակ շարունակելով իր գործընկեր Զարուհի Փոստանջյանի՝ «տնայնաբուծական» փորձագետների թեման ու անդրադառնալով պնդումներին, թե «Ժառանգությունը» դուրս է մնացել քաղաքական պրոցեսներից, այլեւս հիմնական խաղացող չէ, Սաֆարյանն ասել է. «Իսկ ո՞վ է այդ հիմնականը՝ ՀԱ՞Կ-ը, որ միայն ժողովրդին մղել է հիասթափության: Որքան էլ ինքնասիրահարված ուժերը փորձեն պլաններ գծել, միեւնույն է՝ ժողովուրդը խառնելու է բոլոր խաղաքարտերը»: Նա հավելել է, որ Հայաստանի ապագան կախված է հենց առաջիկա ԱԺ ընտրություններից, որոնք վճռորոշ են լինելու նաեւ  2013թ. նախագահական ընտրությունների համար: Պատգամավորի մատուցմամբ, Գյումրի այցելությունը տեղի է ունենալու քաղաքացիական ֆորումների շրջանակներում: Այդ շարքը մեկնարկել է Երեւանից:

ՀՅԴ-ն «տաշի-տուշիների»
զահլա չունի
ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Սպարտակ Սեյրանյանը, ի պատասխան «Առավոտի» հարցի, անդրադարձավ «Ընտրական իրավունքի պաշտպանության հասարակական շարժմանը», որը կուսակցությունը նախաձեռնել էր դեռ մի քանի ամիս առաջ եւ այդ գաղափարի շուրջ համախմբվելու առաջարկով դիմել էր քաղաքական դաշտում գործող մյուս ուժերին: Սեյրանյանի ասելով,  ՀՅԴ-ն այդ շարժումը շարունակում է միայնակ իրականացնել: Հիշեցնենք, որ այդ կարգախոսով ՀՅԴ-ն քաղաքացիների հետ մի շարք հանդիպումներ ունեցավ ՀՀ մարզերում: Նման մի հանդիպում նախատեսվում էր նաեւ Երեւանում, որը դեռեւս տեղի չի ունեցել:
«Մենք հիմա չենք ուզում այդ շարժումը ֆորմալացնել՝ այն իմաստով, որ դիմենք մյուս քաղաքական ուժերին: Եթե հիշում եք, 2003թ. ընտրությունների նախօրյակին՝ աշնանը, մենք էլի դիմել էինք բոլոր կուսակցություններին՝ առաջարկելով ստեղծել մեկ միասնական շտաբ՝ բոլոր հնարավոր ընտրախախտումներին միաժամանակ եւ համատեղ արձագանքելու եւ ընտրությունների ավարտին նաեւ համատեղ հայտարարությամբ հանդես գալու նպատակով: Այն ժամանակ սկզբում բոլորը համաձայնեցին, հետո հրաժարվեցին»,- հիշեցրեց Սեյրանյանն ու նկատեց, թե, ցավոք, քաղաքական ուժերը մի «գեշ բնավորություն ունեն» ու շատ դժվարությամբ են միանում որեւէ գաղափարի շուրջ, անպայման ուզում են ամեն ինչի կենտրոնում իրենք լինել: «ՀՅԴ-ն, ինչպես հայ-թուրքական արձանագրությունների դեմ «Ոչ»-ի շարժման դեպքում էր, այս մի հարցում էլ  առաջինը լինելու խնդիր չի դնում, բայց մենք չենք կարող մարդկանց համոզել կամ պարտադրել  միանալ շարժմանը, որն ընդամենը ընտրությունների ժամանակ հնարավոր անարդարությունների կամ ընտրախախտումների դեմ համատեղ պայքարելու, դրանք արձանագրելու նպատակ ունի: Ի՞նչն է խանգարում բոլոր նրանց, ովքեր ոչ թե խոսքով, այլ գործով պատրաստ են նպաստել արդար ընտրություններին, այսօրվանից սկսեն համագործակցել այդ գաղափարի շուրջ: Հիմա այն պահն է, երբ որեւէ քաղաքական ուժ կարող է իր խոսքն ու գործը նույնականացնել: «Մենք այն ուժը չենք, որ շաբաթը մեկ իշխանափոխության օր հայտարարենք ու ասենք՝ սկսվում է, հետո՝ չսկսվի: Անլուրջ, մանկական բաների ժամանակ ու զահլա չունենք, ոչ էլ  քաղաքական դաշտը գրական ընթերցումների կամ տաշի-տուշիի ենք վերածում»,- հայտարարեց Ս. Սեյրանյանը:
Ի դեպ, նրա հետ «Առավոտի» հարցազրույցը կարդացեք մեր հաջորդ համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել