Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՆԱԿՈՒՄ ՊԵՏՔ է ՎԵՐԱՑՎԻ ԱՆՊԱՏԺԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

Հոկտեմբեր 18,2011 00:00

Դա, ըստ ՀՀ ՄԻ պաշտպանի, նշանակում է առաջին հերթին իրավական  արդարացի գնահատական տալ նախորդ տարիների մահվան դեպքերին:

\"\"

Անցած ուրբաթ, մի քանի րոպե առաջ այն բանից, երբ ՀՀ նախագահի նստավայրի դիմաց բանակում խաղաղ պայմաններում սպանված զինծառայողների հարազատները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ու իրավապաշտպանները հերթական բողոքի ակցիան էին անում այդ սպանությունները բացահայտելու եւ մեղավորներին պատժելու պահանջով, «Առավոտը» զրուցում էր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հետ: Վերջինս անդրադառնալով բանակում տեղի ունեցող ողբերգությունները կանխելու հնարավոր միջոցառումների ձեռնարկմանը՝ ասաց, թե այդպիսիք կարող են լինել կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ միջոցառումների զուգահեռ իրականացումը: «Երկարաժամկետն են այն քայլերը, որոնք 5-10 տարի առաջ պիտի արվեին, բայց չեն արվել, եւ դա է պատճառը, որ մենք մեկ շաբաթվա ընթացքում երեք մահ ունենք»,- ասաց ՄԻ պաշտպանը: Նրա մատուցմամբ, վերջերս տեղի ունեցած իր, պաշտպանության նախարարի եւ զինդատախազի հետ ունեցած հանդիպման նպատակն ու քննարկման թեման բանակում պատժելիության մթնոլորտի ձեւավորումն էր՝ «կանոնակարգային հարաբերություններ, ամեն փոքրիկ խախտումի զեկուցում եւ դրա առնչությամբ համարժեք իրավական արձագանք», որոնք երկարաժամկետ ծրագրեր են. «Մենք հիմա փորձում ենք օրենսդրական համապատասխան դաշտ ապահովել՝ խստացնել եւ ավելի հստակեցնել օրենքը ու չարաշահումների համար սողանցքներ չթողնել: Այս էր մեր հանդիպման նպատակը, եւ սա մենք փորձում ենք անել: Կա նաեւ մի միջնաժամկետ միջոցառում, որը փորձում եմ իրականացնել: Շատերի կողմից, թերեւս, արդեն մոռացված այն 8 զինվորների սպանությունները, որոնց ծնողներն ամեն օր՝ արցունքն աչքներին, կանգնած, հասարակությունից արդարություն են խնդրում, դրանց գործերը վերաբացել, հասկանալ, թե ի՞նչ կարելի է անել այդ մարդկանց համար արդարությունը վերականգնելու իմաստով: Ես արդեն ամփոփել եմ տեղեկանքները, եւ մահացած զինվորի ծնողների հետ համատեղ ստորագրելու եւ դիմելու ենք ԱԺ-ին, որ պատգամավորներն էլ իրենց հերթին որոշակի գործողություններ ծավալեն այս դեպքերի լիարժեք բացահայտմանը նպաստելու համար: Սրանք գործեր են, որոնք հասարակության միայն մի հատվածի համար են մոռացված, իսկ մյուսների համար մնում են ցավոտ խնդիր: Երրորդ, կարճաժամկետ ծրագիրը, որը պետք է իրականացնել զուգահեռաբար, վերջերս սպանված զինվորի գործերին է վերաբերում»:
ՄԻ պաշտպանն ընդգծեց, որ սրանց հետ կապված առաջին հերթին պետք է զուսպ ու իրավաբանորեն ճիշտ գնահատական հնչի պետական մարմնի կողմից: «Միեւնույն ժամանակ հասարակությունը պետք է այս ուշադրության ալիքը հանկարծ չթուլացնի, որպեսզի նրանց գործերով էլ չտարվի այնպիսի քննություն, որոնք եղել են ժամանակին, եւ որոնք այս կամ այն պաշտոնյայի, փորձագետի անփութության, կոռումպացվածության, լկտիության պատճառով «թերի» են արվել, եւ այսօր ծնողների ցավը դեռեւս չի բուժվում, ու նոր դեպքեր են լինում, որովհետեւ այդ չբուժված ցավը բերում է նոր սպանությունների: Հիմա, գոնե, պետք է կասեցվի դա, որպեզի քննությունները տարվեն ճշմարտությունը բացահայտելու եւ արդարությունը հաստատելու տրամաբանությամբ: Դա կբերի պատժելիության մթնոլորտի ձեւավորման, ինչը բոլորն ակնկալում են: Այսինքն՝ աշխատանքներ սկսվել են երեք ուղղություններով՝ օրենսդրական փոփոխություններ, արդեն եղած սպանությունների բացահայտում եւ նորերի նկատմամբ լուրջ հանրային վերահսկողություն: Սա միակ ճանապարհն է, որը հնարավորություն կտա մոտ ապագայում այս ցավալի դեպքերը չունենալ»,- ասաց Օմբուդսմենը:
Մեր երկրում բոլոր ոլորտների առնչությամբ է ասվում, որ ամենալավ օրենքը կիրառելու համար պետք է միայն քաղաքական կամք եւ ամենաբարձրաստիճան պաշտոնյայի ցանկությունը: Չե՞ք կարծում, որ գործող ՀՀ օրենքների շրջանակներում էլ հնարավոր է կանխել բանակում տեղի ունեցող ողբերգությունները՝ առնվազն պատժելիության մթնոլորտ ձեւավորելով, ինչն այսօր բացակայում է, հովանավորչությանը վերջ տալով: Մեր այս դիտարկմանն Անդրեասյանն արձագանքեց. «Ձեր ասածի փայլուն օրինակը «զրպարտության եւ վիրավորանքի» մասին օրենքն է: Ունենք լավ օրենք եւ վատ կիրառում: Բայց ձեր ասածի փայլուն օրինակ է նաեւ հենց պատժելիության խնդիրը, որովհետեւ ունենք գործող օրենքի, գուցե, ոչ պատշաճ կիրառում, բայց նաեւ օրենսդրական բաց: Այս ոլորտում՝ զինվորական կարգապահության, պատժելիության, քրեական օրենսդրության, մենք դեռ անելիքներ ունենք: Ինչ վերաբերում է դրա կիրառմանը, ապա ես համաձայն չեմ, որ դրա համար քաղաքական կամքն է, որ բացակայում է: Ես գտնում եմ, որ կա կամք, գոնե բանակի այսօրվա ղեկավարության մեջ: Ես տեսնում եմ այդ կամքն ու ցանկությունը, եւ նույնիսկ չեմ կասկածում, որ մեր երկրում որեւէ պաշտոնյա կուզի, որ 18 տարեկան տղան զոհվի: Ես դա բացառում եմ: Ուրիշ բան, որ համակարգն այնպիսին է, որ դեռ չի ապահովում, որպեսզի մեկ ապտակ անգամ տեղի չունենա, որովհետեւ այդ մեկ ապտակը, մեկ ստորացումը հետո բերում է մահվան դեպքի: Ես հասկանում եմ նաեւ պաշտոնյաներին, որոնք ասում են, որ այդ մեկ ապտակի կանխումը միայն իրենցից չի կախված: Այստեղ ե՛ւ սերիալներն են, ե՛ւ հասարակությունը, ընտանիքը, ծնողները, ե՛ւ օրենքները, ե՛ւ օրենքի վատ կիրառումը: Բայց այն, որ բանակում կան կոռուպցիոն երեւույթներ, որոշակի անպատժելիության զգացողություն՝ տարբեր էշելոնի հրամանատարների մոտ, դա ակնհայտ է: Իհարկե, այդ կարգապահության վրա պիտի աշխատել հենց այսօր՝ անկախ առաջարկվող օրենսդրական նախաձեռնություններից: Բոլոր ուղղություններով աշխատանք պիտի տարվի, հակառակ դեպքում այդ սպանությունները կանխել հնարավոր չի լինի»:
Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ ՄԻ պաշտպան Կարեն Անդրեասյանը կատարել է իր խոստումն ու նախորդ տարիներին բանակում զոհված 8 զինծառայողների ծնողների հետ համատեղ կազմված եւ ստորագրված տեղեկանքներն ուղարկել է ԱԺ մի քանի պատգամավորների՝ դրանց իրավական ընթացք տալու առաջարկությամբ: Այդ տեղեկանքները ներառում են զինծառայողի մահվան պաշտոնական վարկածը, ծնողի վարկածը, գործի քննության ներկայիս փուլը, քննության ընթացքում ծնողների ներկայացրած խախտումները եւ թերացումները, նաեւ Պաշտպանի կողմից իրավական հետագա գործողությունների առաջարկները: Ըստ այդ տեղեկանքների ամփոփ տարբերակի, զինծառայողներ «Արայիկ Ավետիսյանի գլխի վրա, բացի հրազենային վնասվածքներից, առկա են եղել այլ վնասվածքներ, իսկ վարույթն իրականացնող մարմինը չի էլ պարզել դրանց պատճառները: Գեղամ Սերգոյանի մահվան գործով քննիչի կողմից փորձագետին է ուղարկվել թվով 3 ռենտգեն լուսանկարներ, որոնց թե դատաբժշկական գիտագործնական կենտրոնում եւ թե նախաքննության ընթացքում անդրադարձ չի կատարվել: Նարեկ Գալստյանի մահվան դեպքի վայրից ոչնչացվել են մի շարք իրեղեն ապացույցներ: Տիգրան Համբարձումյանի դին գտնվել է զորամասից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա՝ տեսանելի վայրում, սակայն զորամասի սպայական կազմը մարմինը հայտնաբերել է դեպքից մեկ օր անց: Անդրանիկ Սարգսյանի մահվան գործով բուժծառայության պետը իր բացատրությունում նշում է, որ ինքը սխալ ախտորոշում է իրականացրել, մինչդեռ նախաքննության մարմինն այդ հարցին չի անդրադարձել: Քննիչն իր որոշման մեջ արձանագրել է, որ սպանված Արման Հակոբյանին նաեւ ծեծի են ենթարկել, սակայն քայլեր չի ձեռնարկել ծեծած զինծառայողներին որպես մեղադրյալ ներգրավելու համար: Պարանի վրա, որով կախվել է Վալերիկ Մուրադյանը, առկա են եղել արյան հետքեր, սակայն պարանը չի ուղարկվել փորձաքննության՝ արյան կարգը եւ պատկանելիությունը որոշելու համար: Սպանված Տիգրան Օհանջանյանի մարմնի նկարներից ակնհայտ երեւում են աչքի, ծնոտի եւ գլխի հատվածներում առկա վնասվածքները, ինչպես նաեւ ձեռքի ափի կապտուկները, սակայն դատաբժշկի կողմից այդ ամենը չի արձանագրվել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել