Լրահոս
Օրվա լրահոսը

ՖՈՒՏԲՈԼՆ ՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՏԵՂԵԼԻ ԵՆ

Հոկտեմբեր 18,2011 00:00

\"\"Վերջին օրերի համահայկական թիվ մեկ խնդիրը Իռլանդիա-Հայաստան հանդիպումն էր, որի դրվագները քննարկում են ֆուտբոլի սիրահարներից մինչեւ այդ հրաշք խաղի հետ բացարձակապես կապ չունեցող մարդիկ: «Եվրո-2012»-ի մրցաշարը ցույց տվեց, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային ֆեդերացիան ունի ինտելեկտուալ եւ ֆուտբոլային ներբերանգներին ու փիլիսոփայությանը տիրապետող, մտածող մարզիչ, ուրույն ձեռագիր, համախմբված եւ իրենց գործին նվիրված պրոֆեսիոնալ խաղացողներ՝ թիմ, որը կարող է հաղթել ցանկացած մրցակցի: ՀՖՖ-ն համապատասխան քայլեր է կատարել հանդիպման ժամանակ թույլ տրված մրցավարական հանցագործությունները ՈՒԵՖԱ-ի կանոնադրության շրջանակներում բողոքարկելու ուղղությամբ: Հայ ֆուտբոլասերներին, մեր հեռանկարային եւ հրաշք թիմին պետք է սատարել օրինական հնարավոր բոլոր միջոցներով եւ քաղաքակիրթ եղանակներով: Այդ տեսակետից քննարկման առարկա կարող են դառնալ որոշ գաղափարներ, որոնք կներկայացնեմ ստորեւ:
Իռլանդիա-Հայաստան հանդիպման ոչ ֆուտբոլային, բայց առանցքային դրվագը Իռլանդիայի նախագահի կատարած քայլն էր, երբ խաղից առաջ անձամբ իջավ խաղադաշտ, ողջունեց երկու թիմերի ֆուտբոլիստներին ու մրցավարներին եւ ընդունված կարգով՝ հրապարակավ բոլորին մաղթեց արդար մրցակցություն: Անկախ այդ քայլի մոտիվացիայից, այդ թվում՝ այն հանգամանքից, որ Իռլանդիան թեւակոխել է նախագահական ընտրությունների փուլ, որին մասնակցելու է նաեւ գործող նախագահը, անկասկած բոլոր առումներով տիկին նախագահի ֆուտբոլային բնույթ ունեցող շախմատային քայլը ողջունելի էր: Իր այդ քայլով Իռլանդիայի նախագահը դարձավ Իռլանդիա-Հայաստան խաղը արդար պայքարում անցկացնելու երաշխավորը՝ խորհրդանշելով նաեւ սպորտի եւ քաղաքական պայքարի սերտությունը: Չանդրադառնալով Իռլանդիա-Հայաստան խաղի մրցավարական հանցագործություններին՝ նշեմ միայն, որ մրցակցության բանաձեւն այսպիսին էր՝ 10 հայ քաջարիներ մարտնչում էին 12-ի դեմ: Իռլանդիայի հավաքականի անդամի կատարած հայտնի ինքնախոստովանությունն արժեք կունենար եւ ազնիվ ու ընկալելի կլիներ, եթե արվեր հենց խաղի համապատասխան դրվագի ժամանակ, այլ ոչ թե հանդիպումից հետո, երբ ամեն ինչ արդեն ավարտվել էր:
Երկու տարի առաջ Իռլանդիայի հավաքականը դարձավ չարաբաստիկ մրցավարության զոհ՝ Ֆրանսիայի հավաքականի հետ խաղում Թիերի Անրիի կողմից ձեռքով խաղալու հայտնի դրվագում: Ուստի հենց Իռլանդիայի հավաքականը, որն իր մաշկի վրա է զգացել անարդարությունը, հնարավորություն ունի ցուցաբերել բարոյական կեցվածք, արժանապատվություն եւ առաջարկել ՈՒԵՖԱ-ին՝ քննարկել Իռլանդիա-Հայաստան հանդիպումը վերախաղարկելու հայտը, որը ֆուտբոլային աշխարհում կդառնա նախադեպ՝ արդարությունը վերականգնելու առումով, անկախ նրանից, թե ՈՒԵՖԱ-ն ինչ որոշում կընդունի: Այդ տեսակետից Իռլանդիայի հավաքականին կարող են օգնել հայ ֆուտբոլիստները, որոնք կարող են դիմել Իռլանդիա-Հայաստան խաղն իր ներկայությամբ պատված եւ խաղի արդարության երաշխավորի դերը ակամայից ստանձնած նախագահին՝ խնդրանքով, որ տիկին նախագահը, չմիջամտելով Իռլանդիայի հավաքականի եւ Ֆուտբոլի ֆեդերացիայի ներքին գործերին՝ խնդրի, առաջարկի կամ հորդորի հավաքականին՝ քննարկել Իռլանդիա-Հայաստան հանդիպումը վերախաղարկելու հարցով ՈՒԵՖԱ-ին դիմելու խնդիրը: Իլյուզիաներին տուրք չտալով հանդերձ՝ ավելորդ եմ համարում նշել, թե հայ ֆուտբոլասեր հասարակության այդ խնդրանքի մերժումը ինչ վիճակի մեջ կդնի հենց խնդրանքը մերժողներին, իսկ Իռլանդիայի նախագահի քաղաքակիրթ եւ համարժեք արձագանքը կընկալվի ժողովրդավարական արժեքներին դավանող հանրության կողմից, կդառնա լուրջ նախադեպ՝ խորհրդանշելով, որ արդար խաղը կարեւոր է խաղի արդյունքից: Հայ ֆուտբոլասերներին եւ մեր թիմին աջակցելու նպատակ հետապնդող այս եւ այլ գաղափարներ քննարկելիս պատրաստ եմ ունենալ իմ համեստ մասնակցությունը: Միաժամանակ վերոհիշյալ քաղաքացիական նախաձեռնությունը կարելի է զուգակցել պառլամենտական դիվանագիտության հետ՝ գործընթացին ԱԺ-ի մասնակցության հարմար ձեւաչափ եւ մեխանիզմներ գտնելուց հետո:
Եթե կան մարդիկ, որոնք կարծում են, որ պետք չի ֆուտբոլային խաղին քաղաքական երանգ տալ, եւ չի կարելի խառնվել սպորտին, հիշեցնենք, որ նախադեպեր կան: Օրինակ, վերը նշված խաղից հետո, երբ վճռորոշ դարձավ Թիերի Անրիի ձեռքը, Իռլանդիան կառավարական մակարդակով պահանջում էր Ֆրանսիայի հետ խաղի վերախաղարկում: Ճիշտ է, ՖԻՖԱ-ի չինովնիկները կտրականապես դեմ հանդես եկան, բայց փաստը մնում է փաստ: Ավելին, Նիկոլա Սարկոզին Իռլանդիայից ներողություն խնդրեց Անրիի ձեռքի համար, իսկ Իռլանդիայի վարչապետը դրան ի պատասխան ասել էր. «Արդար խաղի սկզբունքը պետք է լինի ֆուտբոլի հիմքում»:
Մեկ այլ դեպքում, երբ Ֆրանսիայի հավաքականը ձախողվեց 2010թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերում, Ֆրանսիայի պառլամենտում փակ լսումներ կազմակերպվեցին, որում քննարկվում էին անհաջող խաղի պատճառները: Այդ լսումներին քննարկվեց նաեւ ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատտերի սպառնալիքը՝ Ֆրանսիայի հավաքականին մրցակցությունից հեռացնելու մասին՝ ֆուտբոլին քաղաքականությունը խառնելու համար: Ֆրանսիացի պառլամենտականներն ի պատասխան հայտարարեցին՝ ՖԻՖԱ-ն իրավունք չունի ֆրանսիական օրենսդիրներին սպառնալու՝ «մենք դեմոկրատական հասարակության մեջ ենք ապրում, եւ օրենսդիրները կարող են լսումների կանչել յուրաքանչյուրին, ում կամենան»: Իր հերթին Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին էր վարչապետի եւ սպորտի նախարարի հետ քննարկում կազմակերպել ֆուտբոլի թեմաներով: Եվ վերջին օրինակը. երբ 2014թ. Բրազիլիայում անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի առաջնության կազմկոմիտեում Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիան չընդգրկեց աշխարհահռչակ Պելեին, Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռոզեֆը անձամբ հրավիրեց Պելեին եւ նշանակեց աշխարհի առաջնությունում Բրազիլիայի դեսպան: Օրինակները գուցե թե ավելի շատ են, բայց բավարարվենք եղածով  եւ ստեղծենք մեր նախադեպը:
Հ. Գ. Միայն միամիտները կարող են գայթակղվել բարոյական հաղթանակներ տոնելու տեսլականով կամ գերագնահատել առաջարկվող քայլի էֆեկտիվությունը: Այսօրինակ մտայնությունը նույնքան պարզունակ եւ մակերեսային է, որքան որեւէ քայլ չկատարելը, կատարվածն անտեսելը եւ համակերպվելը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել