Լրահոս
Օրվա լրահոսը

Աբու Դաբիի ձյուդոյի տատամին անհաջողակ էր

Հոկտեմբեր 18,2011 00:00

NEW

Աբու Դաբիում ընթացած ձյուդոյի «Grand Prix» մրցաշարը, որ Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերի վարկանիշային միջոցառումների ցուցակում էր, ավարտվեց առանց Հայաստանի ներկայացուցիչների: Առաջին իսկ գոտեմարտերից պայքարից դուրս մնացին մոսկվաբնակ մեր աղջիկները՝ 48 կգ քաշային Գայանե Հարությունյանը եւ Ժաննա Ստանկեւիչը (57 կգ): Իսկ ահա մեր գլխավոր օլիմպիական հույսերը՝ Հովհաննես Դավթյանը (60 կգ) եւ Արմեն Նազարյանը (66 կգ) մեկական հաղթանակից հետո 1/8 եզրափակչում պարտություն կրեցին:
Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ մեր երկու տղաներն այսօրվա դրությամբ իրենց անհատական վարկանիշներով աշխարհում բավականին բարձր տեղեր են զբաղեցնում իրենց քաշային կարգերում եւ ամենայն հավանականությամբ անգամ տեսականորեն հնարավոր չէ, որ նրանք օլիմպիական ուղեգրեր չնվաճեն: Հովհաննեսը ներկայումս 15-րդն է, իսկ Արմենը՝  16-րդը: Իսկ ինչ վերաբերում է Գայանեին եւ Ժաննային, նրանք, համապատասխանաբար, ընթանում են մոտավորապես 47-րդ եւ 49-րդ տեղերում: Հիշեցնենք, որ Լոնդոնի համար տղաներին անհրաժեշտ է տեղ զբաղեցնել 22, իսկ աղջիկներին՝  14 առաջատարների մեջ:
Պարոն Խիթարյանը տեղեկացրեց նաեւ, որ մեր երկու ձյուդոիստները նոյեմբերի 1-10-ը Իսպանիայի Մալագա քաղաքում ուսումնամարզական հավաք են անցկացնելու, որից հետո 20-օրյա մարզումների կմեկնեն Տոկիո եւ այդ ընթացքում հանդես կգան տարվա՝ «Մեծ սաղավարտի» վերջին (նույնպես՝ վարկանիշային) խաղարկությանը: Իսկ օլիմպիական խաղերի մասնակից ձյուդոիստների անունները վերջնականապես հայտնի կդառնան 2012-ի մայիսին, երբ ամփոփվեն վարկանիշային բոլոր մրցաշարերի արդյունքները:
 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել