Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Հոկտեմբեր 15,2011 00:00

  \"a\"

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

 

ՊԱՏԱՀԱԿԱՆ ՄԱՐԴԸ

– Չեմ  հասկանում՝ ինչի ես էսքան չարացած,- Նանսենին ասաց Տաթեւիկը:
– Չարացած չեմ,- ասաց Նանսենն ու մի քիչ մտածելուց հետո հարցրեց.- կարող ա՞ Շիրազն իրանից  պակաս գրող ա:
– Սիլվա ծյոծյայի՞ց,- փռթկացնելով հարցրեց Ռաֆիկը:
– Չէ,- ասաց Նանսենը.- հենց լափ էլ Սարոյանից:
– Սփյուռքում Շիրազին լավ էլ սիրում ու պաշտում են,- ասաց Հրանտը.- Սփյուռքում Շիրազին ավելի շատ գիտեն, քան՝ Սարոյանին:
– Ներսում ո՞վ կա,- հարցրի Տաթեւիկին:
– Մենք ու մերոնք ենք ու դպրոցականները,- ասաց Տաթեւիկն ու մի քիչ մտածելուց հետո ավելացրեց.- հա, մեկ էլ՝ Իգիթյանը:
– Մեկ էլ Սարոյանը,- ժպտալով ավելացրեց Հրանտ Մաթեւոսյանը:
– Բնականաբար,- ժպտալով ասաց Տաթեւիկն ու  ավելացրեց.- Իգիթյանը երեխաների նկարած նկարներ է բերել, որպեսզի նվիրի Սարոյանին:
– Խեղճ մարդն էդքան վեշը ո՞նց ա հետը քարշ տալու Ֆրեզնո,- ասաց Ավագյան Ռաֆիկը:
– Խեղճը մենք ենք, Ռաֆո ջան,- հոգոց հանեց Նանսենը.- խեղճը ես ու դու ենք:
– Հետաքրքիր ա. որ Հեմինգուեյը գար, էսքան իրար կխառնվեի՞ն,- հարցրեց Համալսարանի Խորենը:
– Հեմինգուեյը մանկուց երազում էր «Ծիծեռնակի» խմբագրություն գար,- փռթկացրեց Ռաֆիկը:
– Բայց մուրազը փորում մնաց,- փռթկացրեց Նանսենը:
– Բայց որ Հեմինգուեյը Երեւան գար, էսքան իրար կխառնվեի՞ն,- նորից հարցրեց Խորենը:
– Ես ներս գնամ,- զզվանքով Խորենին նայելով՝ ասաց Տաթեւիկը:
– Գնա, Տաթեւ ջան,- ասաց Նանսենն ու ժպտալով ավելացրեց.- Սիլվա ծյոծյան որ գա, ներս կբերենք, բայց նախքան ներս բերելը Շիրազին ու իրան կբարիշացնենք:
– Սայլուկնաս գը,- Նանսենի վրա  գոռաց Շիրազը:
– Սիլվան որ իմանա դու էստեղ ես, վաբշե էս շենքին մոտիկ չի գա, վարպետ,- ասաց Նանսենը:
– Քիթդ մի՛ խոթի քեզի չվերաբերող հարցերի մեջ,- գոռաց Շիրազը:
– Իզուր ես նեղանում, վարպետ,- ասաց Խորենը.- Նանսենը ճիշտ ա ասում:
– Դու սուս կաց, աղվե՛ս,- Խորենի վրա գոռաց Շիրազը:- Առավոտ գիշերով ինձի քարշ տվիք բերիք էստեղ, օր էդ մեծ ու հզոր մարդուն ախպա՞ր ասեք:
– Նեղսրտած են, Շիրազ,- ասաց Հրանտը.- նեղսրտությունից են էդ բաներն ասում:
– Փոխանակ ինձի ու իրան մարդավարի ծանոթացնեն, ընդհակառակը, հակադրեն գը իրար:
– Քեզ բերել են, որ իրանց արեւին Սարոյանի վրա ստվեր գցեն,- ժպտալով բացատրեց Մաթեւոսյանը:
– Փոխանակ մարդավարի ծանոթացնեն, էդ հսկա մարդու վրա ստվեր կգցեն,- դժգոհեց Շիրազը:
– Ինքը քեզ շատ լավ գիտի,- Շիրազին ասաց Հրանտը.- իրանք էնտեղ առավոտները զարթնում՝ Շիրազ են լսում, օրվա ընթացքում էլ մի գլուխ լսում ու լսում են:
– Փոխանակ  մարդավարի ծանոթացնեն, ալիքները խառնեն գը,- դժգոհեց Շիրազը:
– Ես կծանոթացնեմ,- ասաց Հրանտը:
– Մի քանի անգամ ծանոթացել ենք,- մի քիչ մտածելուց հետո ասաց Շիրազը եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց.- Աճեմյանն էլ թատրոնից հետո ծանոթացրեց, բայց վայ թե մոռացած էղնի:
– Անհնարին բան ես ասում,- ասաց Հրանտը.-  հնարավոր չի, որ ինքը քեզ մոռանա: Էստեղից ուղիղ Գառնի ենք գնալու. դու էլ հետներս կգաս: Ինքը շատ ա ուզում քեզ տեսնի:
– Գիտեմ, Հրանտ ջան,- գոհունակությամբ ժպտալով ասաց Շիրազն ու ավելացրեց.- բայց Գրողների միությունն ու Սփյուռքի կոմիտեն խանգարեն գը. կվախնան  էրկու մեծերի հանդիպումից:
– Էրկու վախը մի մահ ա,- ծիծաղեց Նանսենը:
– Ջրիկնաս գը, Նանսեն տղա,- Նանսենին խոժոռ նայելով՝ ասաց Շիրազն ու հանդիմանանքով ավելացրեց.- առավոտ գիշերով խմելու խասյաթիդ ե՞րբ ես վերջ տալու:
– Մի գրամ չեմ խմում. թարգել եմ,  վարպետ ջան,- ժպտալով ասաց Նանսենը:
– Արաղն ես թարգել, բայց պիվեն առավոտից իրիկուն Թաթուլի հետ հուպ կուտաք,- ասաց Շիրազը:
– Պիվեն հաշիվ չի,- ժպտալով ասաց Նանսենը:
– Պիվի զարգացը զարգած է,- մի  քիչ մտածելուց հետո ասաց Շիրազը եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց.- պիվեն ընպես ուժեղ կզարգե, օր չափից ավել խմողը Սարոյանի պես ժայռաբեկորին ախպար կըսե:
– Պիվից չի,- ասաց Հրանտը.- նեղսրտությունից ա:
– Կարող ա՞ դու Սարոյանից փոքր գրող ես, ա՛յ Շիրազ,- բողոքեց Նանսենը.- քեզ ինչի՞ չեն ըսենց մեծարում:
– Հերիք էղավ էդ մարդու հաշվին ինձի գովաք,- գոռաց Շիրազը:
– Շիրազը ճիշտ է ասում,- խոսակցությանը խառնվեց Սեյրանը.- իզուր եք իրեն Սարոյանի հետ համեմատում. իզուր եք չափազանցությունների մեջ ընկնում:
– Դու քեզի տես, Սեյրան տղա,- անակնկալի գալով՝ պոռթկաց Շիրազը.- ինձի օր Շեքսպիրի հետ էլ համեմատեն, էլի չափազանցություն չի էղնի:
– Ափսոս՝ Հեմինգուեյ չես կարդացել, վարպետ,- Շիրազին ասաց Խորենը:
– Այ աղվես, ես օր Հեմինգուեյ կկարդայի, դու վայ թե ծնված էլ չէիր,- գոռաց Շիրազն ու ավելացրեց.- ես օր «Ծերունին ու ծովը» կկարդայի, դու վայ թե ձեր գեղից դուս չէիր էկել: Հայերեն Հեմինգուեյ ինչ թարգմանած կա՝ տեղոց տեղ կարդացել եմ:
– Մենակ «Ծերունին եւ ծովը» չի. ինքը շատ ավելի ուժեղ գործեր ունի,- ասաց Համալսարանի Խորենն ու մի քիչ մտածելուց հետո ավելացրեց.- համ էլ՝ Հեմինգուեյ հայերեն շատ քիչ ա թարգմանված:
– Բա դու ի՞նչ լեզվով ես կարդացել, աղվե՛ս,- գոռաց Շիրազը:
– Ախալքալաքի  լեզվով,- ծիծաղեց Ռաֆիկը:
– Էսոր պես աղվեսները ժողովրդի մեջ տարածեն գը, թե Շիրազը գիրք չի կարդա,- բողոքեց Շիրազը:
– Ես գիտեմ, որ լավ էլ կարդում ես,- Շիրազին ասաց Նանսենն ու ժպտալով ավելացրեց.- ձեւեր ես անում, թե չես կարդում, բայց թաքուն ամեն ինչ էլ կարդում ես:
– Թաքուն կարդալը ո՞րն է,- Նանսենի վրա գոռաց Շիրազը.- տանս մեջ ինձի համար նստեմ գը՝ կարդամ գը. հո  պռասպեկտի վրա չեմ նստի կարդամ, օր սաղ աշխարհը տեսնի:
Դժվար է  ասել, թե ինչ ուղղությամբ կշարունակվեր էդ խոսքուզրույցը, եթե խմբագրի աշխատասենյակից հանկարծակի չաղաղակեր մանկական ջութակը, որի սրտակեղեք հնչյուններից հատկապես անակնկալի եկան ու ցնցվեցին դռան մոտ կանգնած անվտանգության աժդահա պահապանները, որոնք էսօրվա մեր սափրագլուխներից ոչ միայն մազերի առկայությամբ էին տարբերվում, այլեւ կոկիկ ու պատշաճ հագուկապով՝ փողկապներով ու կոստյումներով:
Մանկական ջութակի «Կռունկը» ծոր տվեց, ամբողջովին լցվեց միջանցք եւ, ինչպես հանկարծակի ծայր էր առել, նույնքան անսպասելի էլ ավարտվեց ու մարեց:
Ջութակի ավարտից անմիջապես հետո դպրոցականները դուրս հորդեցին խմբագրի աշխատասենյակից: Նրանց հետեւից դուրս եկան Տաթեւիկն ու Կատյան:
– Սիլվա ծյոծյան չեկա՞վ,- ինձ թաքուն հարցրեց Տաթեւիկը:
– Չէ,- ասացի ես:
– Երեւի իմացել ա, որ Շիրազն էստեղ ա, դրա համար էլ չի էկել,- ասաց Տաթեւիկն ու հոգոց հանելով ավելացրեց.- խեղճ կինն ամբողջ կյանքում էդ մարդու էրեսից տուժել ա:
– Առանձնապես շատ չի տուժել,- ժպտալով ասացի ես:
– Հրանտ, քեզ ա հարցնում,- Մաթեւոսյանին ասաց Կատյան:
– Ներսը ո՞վ կա,- հարցրեց Հրանտը:
– Իգիթյանն ու Ժենյա Ղուկասովնան են,- ասաց Կատյան եւ մի քիչ մտածելուց հետո  ավելացրեց.- հա, մեկ էլ՝ Ռոլանդը:
– Մեկ էլ՝ Սարոյանը,- ծիծաղեց Հրանտը:
– Բոլորդ էլ ներս եկեք,- դռան մոտ հավաքվածներիս ասաց Կատյան:
– Բոլորն ո՞ւր գան,- ճչաց Տաթեւիկն ու Խորենին նայելով ասաց.- որոշ մարդիկ արդեն հասցրել են քեֆները լավացնել:
– Մեր Նանսենն ա,- ժպտալով ասաց Կատյան:
– Ես Նանսենին նկատի չունեմ,- Խորենին թարս նայելով՝ ասաց Տաթեւիկը:
– Ձեր Սարոյանը ձեզ ըլնի,- նեղացած ասաց Նանսենն ու գնաց մտավ «Ոզնու» իր սենյակը:
Խորենն, այնուամենայնիվ, հաջողացրեց հետներս ներս խցկվել:
Երբ ներս մտանք, Իգիթյանը երեխաների նկարներն էր Սարոյանին ցույց տալիս:
– Վարպետ, մեր երեխաներն ազատ են մտածում, չէ՞,- Սարոյանին հարցրեց Իգիթյանը:
– Մեծերն ալ որ ազատ մտածեն, շատ աղեկ կըլլա,- ասաց Սարոյանը:
– Շիրազին բերել եմ, վարպետ,- Սարոյանին ասաց Հրանտը:
Սարոյանը Շիրազին տեսնելով՝ մեկից պայծառացավ, գրկեց, համբուրեց, գրկած վեր բարձրացրեց, հետո իջեցրեց ու Հրանտին հարցրեց.
– Շիրազ մեզի հետ կուգա՞:
– Հա,- ասաց Հրանտը.- համոզել եմ:
– Սաղմոսավանք կերթանք, Շիրազ ախպար,- ասաց Սարոյանն ու ավելացրեց.- Սաղմոսավանք շատ կհավնիմ:
– Գառնի ու Գեղարդ ենք գնալու,- ասաց Հրանտը:
– Ափսոս,- ասաց Սարոյանը.- Սաղմոսավանք շատ կհավնիմ:
– Սաղմոսավանք էղե՞լ ես, Վիլյամ եղբայր,- հարցրեց Շիրազը:
– Չէ,- ասաց Սարոյանը.- անունը շատ կհավնիմ:
– Սաղմոսավանքն էլ մնա մյուս անգամ,- ասաց Հրանտը.- մյուս անգամվա համար էլ բան թողնենք:
– Մասիսը տեսա՞ր, Վիլյամ եղբայր,- հարցրեց Շիրազը:
– Նորեն տեսա,- ասաց Սարոյանը:
– Աշխարհի էրեսին երկրորդ Մասիս չկա,- ասաց Շիրազը:
– Աղվոր սար է,- ասաց Սարոյանը:
– Մասիսը մենակ սար չէ,- ասաց Շիրազը.- Մասիսն ամեն ինչ է:
– Եթե Ֆրեզնո պզտիկ հորաքրոջս ըսեմ, որ հոս Շիրազին տեսած եմ, չպիտի հավատա,- ժպտալով ասաց Սարոյանը:
– Միասին նկարվեք, որ հավատա,- ժպտալով ասաց Ռոլանդը:
– Հա,- ասաց Իգիթյանը.- նկարվենք:
– Կանգնեք, Հրանտ ջան,- Հրանտին ասաց Ռոլանդն ու ինձ  դիմելով ավելացրեց.- դու էլ կանգնի, Արմո ջան:
– Արմո՞,- զարմացած ինձ նայեց Սարոյանը.- հայրիկիս անունն ալ Արմո է՝ Արմենակ:
– Արմոն մեր ամենալավ բանաստեղծն ա,- ասաց Ռոլանդը:
– Ռազմիկեն ա՞լ աղվոր բանաստեղծ է,- հարցրեց Սարոյանը:
– Ռազմիկեն աղվոր բանաստեղծ հեչ Ռազմիկը չի,- ծիծաղելով ասաց Իգիթյանը:
– Այ Հենրիկ, դու էլ հո բանաստեղծ չես, որ Ռազմիկին նախանձում ես,- Իգիթյանին ասաց Հրանտը: 
– Ես հեչ ինձ չեմ նախանձում, այ Հրանտ,- ծիծաղելով ասաց Հրանտը:
– Ես քեզ շատ եմ նախանձում,- Իգիթյանին ասաց Հրանտը:
– Իմ ինչի՞ն ես նախանձում,- հարցրեց Իգիթյանը:
– Լուսանկարվենք պրծնենք՝ կասեմ,- ժպտալով ասաց Հրանտը:
Երբ Ռոլանդը պատրաստվում էր լուսանկարել մեզ, Տաթեւիկը մրգերով լի երկու մեծ ափսեներն ինձ մեկնելով՝ խնդրեց, որ տանեմ լվանամ, ու ես տարա, ու էդ էր պատճառը, որ էսօրվա դրությամբ Սարոյանի ու Շիրազի հետ լուսանկար չունեմ:
Խմբագրի դռան մոտ լիքը ժողովուրդ էր հավաքված. բոլորն ուզում էին ներս մտնել, բայց անվտանգության աժդահաները չէին թողնում:
Երբ վերադարձա, արդեն լուսանկարվել էին, եւ Տաթեւիկն ու Կատյան սուրճերն ու կոնյակի բաժակներն էին շարում խմբագրի երկար սեղանին: Երբ բաժակները լցված էին, Ռոլանդն իր բաժակը բարձրացնելով ասաց.
– Խմենք Վիլյամ Սարոյան մեծ  գրողի ու մեծ մարդու կենացը:
– Շիրազի՛ կենաց, Շիրազի ու Հրանդի՛ կենաց, Հայաստան ապրողներո՛ւ կենաց, պզդիկներո՛ւ կենաց,- աղաղակեց Սարոյանն ու Կատյային հարցրեց.- պզդիկներն ո՞ւր գացին:
– Դպրոց,- ժպտալով պատասխանեց ու ասաց Կատյան:
– Անոնք ատանկ աղվոր արտասանություն ըրին ու ասանկ աղվոր պտուղներ մե՞զ բաժին հասան,- զարմացավ Սարոյանը:
– Ափսոս Վարդերեսյանը չեկավ,- Կատյային ասաց Ժենյա Ղուկասովնան:
– Հիվանդ էր,- ասաց Կատյան.- երեսունութ աստիճան տաքություն ուներ:
– Այս պատկերն ուզում եմ ձեզ նվիրել, վարպետ,- նկարը Սարոյանին մեկնելով՝ ասաց Սեյրանը:
– Սեյրանը Նոր  Նախիջեւանից է, Վիլյամ եղբայր,- ասաց Շիրազը.- Նալբանդյանի, Պատկանյանի ու Սարյանի հայրենակիցն է:
– Մարիետա Շահինյանն էլ ձեզ նվեր,- ժպտալով ավելացրեց Հրանտը:
– Աղվոր գույներ են. Արշիլ Գորկի նմանապես աս գույներեն օգտված է,- Սեյրանի նկարին նայելով ասաց Սարոյանը եւ մի քիչ մտածեց ու Սեյրանին հարցրեց.- հոս ա՞լ ասբտրակցիոն կընեն:
– Ոչ բոլորը,- ինքնագոհ ժպտալով պատասխանեց  ու ասաց Սեյրանը:
– Սեյրանը Հայաստանի առաջին աբստրակցիոնիստներից է,- ասաց Իգիթյանը եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց.- եթե չասենք՝ առաջինը:
– Արշիլ Գորկի նմանապես աբստրակցիոն կըլներ,- ասաց Սարոյանը:
– Ի տարբերություն Արշիլ  Գորկու, մեր Սեյրանը հազարից մեկին ա նկար նվիրում,- ժպտալով  ասաց Հրանտը:
– Արշիլ Գորկի շատ աղվոր աբստրակցիոն ըրած է,- Սեյրանի կտավին նայելով՝ ասաց Սարոյանը:
– Բայց հենց հերթը հասել ա ծնողներին, նույն աբստրակցիոնիստ Արշիլ Գորկին մորը ֆոտոյից մեկին մեկ արտանկարել ա,- ասաց Հրանտը:
– Աղվոր աչք ունիս, Հրանդ. նկարչության իմաստով ալ զորեղ ես,- հիացմունքով Հրանտին նայեց Սարոյանն ու ավելացրեց.- երիտասարդ ատեն ես ալ աբստրակցիոն ոտանավոր կգրեի:
– Ձեր որդին էլ է վերացական  բանաստեղծություններ գրում,- Սարոյանին ասաց Համալսարանի Խորենը:
– Վրացակա՞ն,- զարմացավ Սարոյանը.- ի՞նչ ըսել է վրացական:
– Ոչ թե վրացական, այլ՝ վերացական,- ասաց Խորենն ու ներողամտորեն ժպտալով բացատրեց.- վերացական, այսինքն՝ աբստրակտ:
– Իրավ, Արամն ալ աբստրակցիոն ոտանավոր կգրե,- Խորենին ճանաչելով ու խեթ-խեթ նայելով՝ ասաց Սարոյանը:
– Բանաստեղծությունը  տեղով մեկ աբստրակցիա է,- ասաց Ռաֆիկ Ավագյանը:
– Աս մարդն իմաստուն է,- Ռաֆիկին հիացած նայելով՝ բացականչեց Սարոյանը:
– Ֆոլկներն աբստրակցիա չի՞,- հարցրեց Հրանտը:
– Ֆոլքներ ահագին խոշոր բանաստեղծ է,- ասաց Սարոյանը:
– Իսկ Հեմը՞,- անսպասելի հարցրեց Խորենը:
– Հե՞մ,- զզվանքով Խորենին նայեց Սարոյանն ու հարցրեց.- ատիկա ըսի-ըսա՞վն է:
– Ես Հեմինգուեյին նկատի ունեմ,- ասաց Խորենը:
– Ես ալ զինք նկատի ունիմ,- զզվանքով Խորենին նայեց Սարոյանն ու հարցրեց.- անիկա չի՞ գրե՝ ըսի-ըսավ, ըսի-ըսավ:
– Կներեք, վարպետ,- խեղճացավ Խորենը:
– Ֆրեզնո սեղան-աթոռ շինողներուն վարպետ կըսենք,- գոռաց Սարոյանը:
– Կներեք,- կմկմաց Խորենը:
– Ֆրեզնո զորավար Անդրանիկ նմանապես սեղան-աթոռ կշիներ, բայց զինք վարպետ չէր. ահագին զորավար մըն էր,- եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց.- ճարահատ սեղան-աթոռ կշիներ:
– Աղվե՛ս,- Խորենի վրա գոռաց Շիրազն ու օձիքից քաշելով ասաց.- ինձի զոռովեն բերիք էստեղ, օր էս ապառաժ մարդու տրամադրությունը փչացնե՞ք:
Որոշ ժամանակ լռություն տիրեց,  հետո Սարոյանը մոտեցավ մեզ ու Ռոլանդին հարցրեց.
– Աս մարդը հիվա՞նդ է:
– Խորե՞նը,- հարցրեց Ռոլանդը:
– Աս մորուքավորու անուն Խորե՞ն է,- հարցրեց Սարոյանը:
– Հա,- ասաց Ռոլանդը:- Հիվանդ չի, վարպետ. ուղղակի՝ Հեմինգուեյի վրա խփնված ա:
– Ի՞նչ ըսել է խփնված,- հարցրեց Սարոյանը:
– Ինքը Հեմինգուեյին շատ ա սիրում,- բացատրեց Ռոլանդը.- Հեմինգուեյին ուղղակի պաշտում ա:
– Իրա՞վ,- զարմացավ Սարոյանը:
– Ինքը Հեմինգուեյի ազդեցությամբ պատմվածքներ ա գրում,- ասաց Ռոլանդը:
– Աղեկ է,- մի քիչ մտածելուց հետո ասաց Սարոյանն ու հարցրեց.- Խորե՞ն կըսես:
– Հա,- ասաց Ռոլանդը- անունը Խորեն ա:
– Աղվոր անուն է,- ժպտալով ասաց Սարոյանը:- Ֆրեզնո Խորեն անունով ատաղձագործ մը կար:
– Խորենը Հեմինգուեյի ազդեցության տակ պատմվածքներ ա գրում,- ասաց Ռոլանդը:
– Հիվանդ չէ՞,- հարցրեց Սարոյանը:
– Չէ, վարպետ,- ժպտալով ասաց Ռոլանդն ու ծիծաղելով ավելացրեց.- ինքը շատ վատ պատմվածքներ ա գրում, բայց առողջ ա:
– Հատուկ Հեմինգուեյ կմեծարե, որ ինձի տխրությո՞ւն պատճառե,- հարցրեց Սարոյանը:
– Հատուկ չի անում,- ասաց Ռոլանդը.- ինքը միշտ էլ Հեմինգուեյին մեծարել ա: Հեմինգուեյին ամբողջ հոգով  ու մաքուր սրտով ա սիրում:
– Անվտանգության մարդոց հետ ա՞լ կապ չունի,- հարցրեց Սարոյանը:
– Խորենը Հեմինգուեյից բացի՝ ոչ մեկի հետ կապ չունի,- ծիծաղելով  ասաց Ռոլանդը:
– Խորեն,- քթի տակ խնդմնդաց Սարոյանը, հետո մի քիչ մտածեց ու էլի քթի տակ դնդնաց.- Խորե՜ն:
Խորենի անունը եւս մի քանի անգամ դնդնալով՝ Սարոյանը հանկարծ կտրուկ շրջվեց, մոտեցավ սեղանին, կոնյակի իր կիսատ բաժակը վերցրեց, ու հենց էդ պահին Շիրազը Խորենի թեւից քաշելով ճչաց.
– Կորի էստեղից, աղվես. էսորից հետո տունս ոտ չդնես:
– Ձեր տունն ինչքան ուզում է՝ թող ոտ դնի, վարպետ, բայց թող էսպիսի կարեւոր ու պատասխանատու տեղեր ոտ չդնի,- Շիրազին ասաց Կատյան:
– Մեղավորն Արմենն ու Ռոլանդն են,- ասաց Ժենյա Ղուկասովնան.- ես իրենց զգուշացրել էի, որ ամեն պատահական մարդու ներս չթողնեն:
– Ես պատահական մարդ չեմ,- կմկմաց Խորենը:
– Ինձ էլ է թվում, որ պատահական մարդ չեք,- բազմիմաստ ժպտալով՝ ասաց Տաթեւիկը:
– Ներողություն,- կմկմաց Խորենն ու շարժվեց դեպի դուռը, եւ հենց էդ պահին խմբագրի կաբինետը ողողվեց Սարոյանի աղաղակով:
– Խորե՜ն,- աղաղակեց Սարոյանը:
Խորենը դռան մոտից կտրուկ շրջվելով՝ ապշահար նայեց Սարոյանին:
– Քու կենաց, Խորեն,- բաժակը բարձրացնելով՝ աղաղակեց  Սարոյանը:
– Ի՞նչ,- Սարոյանին ապշահար նայելով՝ հարցրեց Խորենը:
– Խորենի կենաց,- Սարոյանն իր բաժակը խփեց իմ բաժակին, որովհետեւ ես առաջինը բաժակս դեմ արի իր բաժակին:
– Խորենի կենացը,- բաժակս Սարոյանի բաժակին խփելով՝ ասացի ես:
– Հոս եգուր, Խորեն,- գոռաց Սարոյանը:
– Մոտիկ արի, աղվես. քեզի կկանչե,- հանդիմանանքով Խորենին ասաց Շիրազը:
Ռոլանդը մոտեցավ սեղանին, բոլորի կիսատ ու դատարկ բաժակները լցրեց, տվեց իրենց եւ իր բաժակը Խորենի բաժակին խփելով ասաց.
– Կենացդ, Խորեն ջան:
– Մերսի, Ռոլանդ ջան,- կմկմաց Խորենը:
– Մոտեցի վարպետին, աղվես,- Խորենի վրա գոռաց  Շիրազը:
Խորենը մոտեցավ, բաժակը խփեց Սարոյանի բաժակին եւ, բոլորիս համար անսպասելի, աղաղակեց.
– Մեծն Վիլյամ Սարոյանի կենացը:
– Խորենի ու Հեմինգուեյի կենաց,- աղաղակեց Սարոյանը:
– Էս մարդն արժանի չէ, որ իրա կենացը խմես, Վիլյամ եղբայր,- ասաց Շիրազը:
– Արժանի է,- ասաց Սարոյանը:- Ֆրեզնո բիթլիսցի Խորենը կար, ատաղձագործ էր,  շատ աղվոր մարդ էր, շատ վարպետ մարդ էր:
– Այդ Խորենի մասին ոչինչ չեք գրել,- ժպտալով ասաց Խորենը:
– Ինչպե՞ս չեմ գրել,- զարմացավ Սարոյանը.- Մագ Գրեգորն ինքն է:
– Վարդերեսյանը որ գար, էֆեկտը լրիվ ուրիշ կլիներ,- Կատյային ասաց Ժենյա Ղուկասովնան:
– Խեղճը երեսունութ աստիճան տաքությունով ո՞նց գար,- ասաց Կատյան:
– Բայց ձեր պիեսում Մեգ Գրեգորի բիթլիսցի լինելու մասին ոչ մի  խոսք չկա,- Սարոյանին ասաց Խորենը:
– Ֆրեզնո առաջին անգամ մանչերն էդ խաղը որ խաղցան, մինակ Խորեն հասկցավ, որ Մագ Գրեգորն ինքն է: Մինակ Խորենն ու ես իմացանք, որ ինքն է:
– Էս շոգուկրակին Վարդուհին ո՞նց է հաջողացրել մրսել,- Կատյային հարցրեց Ժենյա Ղուկասովնան:
– Տոլմա փաթաթելիս սկվազնյակի տակ է ընկել,- պատասխանեց ու ասաց Կատյան:
– Տոլմա՞,- Կատյայի ասածը լսելով՝ զարմացավ Սարոյանը:
– Տոլմա սիրո՞ւմ եք, վարպետ,- ժպտալով հարցրեց Կատյան:
– Խորենի քույրիկ շատ աղվոր տոլմա կփաթթեր,- ասաց Սարոյանը:
– Տոլմա բոլորն են սիրում,- ժպտալով ասաց Խորենը:
– Քու անունիդ իմաստ կհասկնա՞ս, Խորեն,- հարցրեց Սարոյանը:
– Չէ,- ժպտալով ասաց Խորենը:
– Բիթլիսցի Խորենն ալ չէր հասկնա. Խորեն, ըսել է՝ խո՜ր, շա՜տ խոր,- ժպտալով ասաց Սարոյանն ու ավելացրեց.- Խորենի մայրիկ Բիթլիսեն աղվոր պատմություններ կըներ:
Էդ պահին Շիրազը մոտեցավ Սարոյանին, մտավ թեւն ու տարավ պատուհանի մոտ, իսկ Խորենը քթի տակ գոհ ժպտալով՝ դուրս թռավ խմբագրի կաբինետից:
Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ

Գլուխ երրորդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել