Փորձաքննությունների ազգային բյուրոյի մշակութաբանական փորձաքննությունների բաժնի պետ Էմիլ Ավանեսովը երեկ «Առավոտի» հետ զրույցի ժամանակ տեղեկացրեց, որ բաժինը գործում է 2006թ.-ից՝ բյուրոյի ստեղծման առաջին իսկ օրվանից: Թե աշխարհում, թե, մասնավորապես, Հայաստանում, պարոն Ավանեսովի դիտարկմամբ, աճել է կրիմինալը՝ կապված մշակույթի հետ: Մշակութաբանական փորձաքննությունների բաժինը գործում է երկու ուղղությամբ՝ պետպատվերի (քրեական եւ քաղաքացիական գործերով) եւ պայմանագրային (վճարովի): «Մեզ դիմում են քաղաքացիներ, որոնք ցանկություն ունեն երկրից արտահանել, գնահատել իրենց մոտ եղած որոշակի մշակութային արժեք ներկայացնող իրերն ու ստեղծագործությունները, պարզել դրանց իսկությունը»,- ասում է զրուցակիցս, որը նաեւ հավելում է, որ Փորձաքննությունների ազգային բյուրոն միակ կառույցն է Հայաստանում, որտեղ իրականացվում է մշակութաբանական համալիր փորձաքննություն. մշակութաբանական, ձեռագրաբանական, նյութագիտական (ներկանյութ, մանրաթել), փաստաթղթաբանական (ուլտրամանիշակագույն, ինֆրակարմիր ճառագայթների միջոցով հետազոտություն) փորձաքննություն: Մասնավորապես, ուլտրամանիշակագույն եւ ինֆրակարմիր ճառագայթների միջոցով փորձագետները կարող են որոշել, թե ում ձեռագիրն է, ոճը, երբ է դրվել հեղինակի ստորագրությունը, որտեղ է ստեղծագործության «վերականգնված» հատվածը:
Պարոն Ավանեսովի տեղեկացմամբ, վերջին տարիներին աճել են հեղինակային եւ արտոնագրային իրավունքների խախտման դեպքերը, եւ այդ պատճառով հաճախ կարելի է փորձագետներին տեսնել դատարաններում: Ի դեպ, ավելացել է մի նոր փորձաքննության տեսակ մշակութաբանական բաժնում՝ դիմանկարային համեմատական վերլուծություն: Օրինակ, դանակահարությունից հետո արդյոք կա՞ դեմքի այլանդակում: Քրեական գործերի ժամանակ այս փորձագետները տալիս են եզրակացություն՝ կապված մարդու դեմքի հետ:
Հայաստանում հնաոճ իրեր եւ մշակութային արժեքներ ունեն հիմնականում օլիգարխներն ու արվեստի հավաքածու ունեցողները: Պայմանագրային հիմունքներով փորձաքննություն անցկացնելու ժամանակ նրանք շա՞տ են դիմում Ձեզ եւ անկե՞ղծ են՝ հարցին փորձագետը պատասխանում է. «Փորձագետի եզրակացության գաղտնիությունը պետք է պահպանվի: Մեզ մոտ գալիս են մարդիկ, սեփականատերեր, որոնք չեն մտածում, թե ինչ-որ մեկը կիմանա այդ մասին»: Բաժին են բերվում գորգեր, նկարներ, կրոնածիսական առարկաներ, հնաոճ իրեր, կահույք, գրքեր, քանդակներ…
Ամենից շատ ո՞ր հարցով են դիմում: Պարզվեց՝ նկարների ինքնությունը պարզելու: Իսկ ֆիզիկական անձերից, իրավաբանական անձանցից բացի, ամենից շատ դիմում են թանգարանները, մշակույթի նախարարությունը:
Մեր այն հարցին, թե պայմանագրային հիմունքով փորձաքննությունը մատչելի՞ է, պարոն Ավանեսովը պատասխանում է. «Այո, մատչելի է: Այն կախված է փորձաքննության տեսակից եւ ծավալից»:
«Մեզ մոտ աշխատում են որակավորում ունեցող փորձառու մասնագետներ, որոնց տված եզրակացությանը կարելի է հավատալ եւ վստահել»,- վստահեցնում է փորձագետը: