Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՍ ՆԵՐՔՈՒՍՏ ԴԻՐԻԺՈՐ ԵՄ»

Հոկտեմբեր 15,2011 00:00

\"\"Ըստ պրոֆեսոր Ադա Հակոբյանի, կոնցերտմայստերական արվեստը համազոր է դիրիժորականին

Խորհրդային տարիներին, երբ ամեն ինչի վրա երկաթյա վարագույր էր, Երեւանում կային հատուկենտ ընտանիքներ, որտեղ հավաքվում էին արվեստի, գրականության սիրահարներ, ծանոթանում այն ստեղծագործություններին, որոնց մասին լայն հասարակությունը տեղյակ չէր: Այսպես տարածվում էին արգելված երկեր, Ա. Սոլժենիցինի եւ մյուսների ստեղծագործությունները, հանրահայտ «Հիսուս Քրիստոս. սուպերաստղ» ռոք-օպերան եւ այլն: Այդ բացառիկ օազիսներից էր դաշնակահարներ եւ ամուսիններ, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսորներ Ադա Հակոբյանի եւ Ռոբերտ Շուգարյանի ընտանեկան հարկը: Դեռեւս անցյալ դարի 70-ականներին Հայաստանում առաջին անգամ հենց այդ տանն են հնչել անգլո-ամերիկյան, ավստրո-գերմանական կոմպոզիտորների, այդ թվում՝ Շտրաուսի, Մալերի, Վոլֆի, Պուլենկի եւ այլոց երկերից շատերը, Բրուքների 9 սիմֆոնիաները եւ այլն: Ժամանակակիցները մինչ այսօր էլ զուգահեռներ են անցկացնում «Վերնատան», ռուսաստանյան «Հզոր խմբակի» եւ նշված ընտանիքի գործունեության միջեւ: 5-6 տարի է՝ ինչ ճանաչված մանկավարժ Ռ. Շուգարյանը հրաժեշտ է տվել երկրային կյանքին: Այսօր էլ նրան անմահությունում միանալու է գնում կյանքի ուղեկիցը՝ 1996-2005թթ. Երեւանի կոնսերվատորիայի կոնցերտմայստերական պատրաստման ամբիոնի պրոֆեսոր Ադա Հակոբյանը, ով Մոսկվայի կենտրոնական երաժշտական դպրոցում, ապա Երեւանի պետական կոնսերվատորիայում ուսանելուց հետո, կյանք է ճանապարհել շուրջ 150 մասնագետի: Մանկավարժությանը զուգահեռ, կոնցերտմայստերական գործունեության ընթացքում նվագակցել է այնպիսի անվանի արվեստագետների, ինչպիսիք են երգչուհի Լուսինե Զաքարյանը, թավջութակահարներ Մեդեա Աբրահամյանը, Արամ Թալալյանը, երկար տարիներ համագործակցել է ջութակահար, այսօր Փարիզի թագավորական ակադեմիայի պրոֆեսոր Հրաչյա Հարությունյանի հետ:
Անդրադառնալով Շուգարյան-Հակոբյան յուրահատուկ «վերնատանը», նշենք, որ այնտեղ հավաքվում էին կոմպոզիտորներ Ղ. Սարյանը, Ալ. Հարությունյանը, Էդ. Միրզոյանը, Գ. Սարաջյանը, ակադեմիկոսներ Էդ. եւ Ռ. Աթայանները, ավելի ուշ՝ Ս. Սարաջյանը, Ի. Յավրյանը, ինչպես նաեւ արտերկրյա ճանաչված երաժիշտներ, օրինակ՝ Վ. Գերգիեւը եւ այլք:
«Առավոտի» հետ զրույցում կոնսերվատորիայի կոնցերտմայստերական պատրաստման ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սենորա Գյուլբուդաղյանը, պրոֆեսոր Մարգարիտ Սարգսյանը, դոցենտներ Աննա Մանդալյանը, Օլգա Խոստիկյանը, Սյուզաննա Համբարձումյանը արտահայտվեցին, իրենց խոսքերով՝ ի ծնե ազնվական տիկին Հակոբյանի մասին, հատկապես նշելով, որ նա իր մանկավարժական եւ կանացի զուսպ պահվածքով կարողանում էր «հիպնոսացնել» ուսանողին, միեւնույն ժամանակ նրան տալով լիարժեք ազատություն: Սիրում էր երաժիշտ անհատականություններին եւ հաճախ էր արտահայտվում, որ նրանց կաղապարել անկարելի է: Տիկին Հակոբյանը այս ամենի հետ մեկտեղ էմոցիոնալ ու չափազանց լայն մտահորիզոնի տեր անձնավորություն էր: Մեր զրուցակիցները բերեցին միայն մեկ օրինակ. Ադա Հակոբյանի նախաձեռնությամբ էր, որ 2008թ. հիմնվեց կոնցերտմայստերների հանրապետական առաջին մրցույթը, որի ծրագիրը, ի դեպ, իր գործընկերների հետ կազմել էր հիանալի մասնագետը: Հասկանալի պատճառով կոնցերտմայստերական ամբիոնի դասախոսները դժվարանում էին արտահայտվել, սակայն մերթընդմերթ հնչեցնում էին պրոֆեսոր Հակոբյանի հետեւյալ միտքը. «Կոնցերտմայստերական արվեստը համազոր է դիրիժորականին: Ես ներքուստ դիրիժոր եմ», հավելելով, որ ժամանակին հիանալի կոնցերտմայստերներ են եղել աշխարհահռչակ դիրիժորներ Ֆոն Կարայանը, Աբադոն եւ այլք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել