Կատարվածից միայն մեկ տարի անց փորձ արվեց ապօրինությունը «շտկել» օրենքով
«Բջնի» հանքային ջրերի գործարան» ՓԲ ընկերությանը հսկայական գումարների տուգանքների առաջադրումը ոչ միայն անհամաչափորեն կիրառված պատժամիջոց է եղել այդ կազմակերպության սեփականատերերի նկատմամբ, այլեւ, որ ամենակարեւորն է՝ ապօրինի, քանի որ Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությունը նման պարտավորությունների առաջադրման որեւէ հիմք չէր պարունակում։ Նման հիմքեր հայտնվել են ՀՀ օրենսդրության մեջ պարտավորությունների առաջադրումից մեկ տարի անց՝ կատարած ապօրինությունները հետադարձությամբ «շտկելու» անհաջող փորձով։
2008թ. հունվարին, երբ «Բջնի» հանքային ջրերի գործարան» ՓԲ ընկերությանը ավելի քան 4 մլրդ դրամ գումարի բնօգտագործման վճարի պարտավորություն էր առաջադրվել հարկային մարմինների կողմից, ՀՀ օրենսդիր եւ գործադիր իշխանության մարմինների կողմից որեւէ ակտով կարգավորված չեն եղել այնպիսի հարցեր, որոնք եւ հիմք են հանդիսացել «Բջնի» հանքային ջրերի գործարան» ՓԲ ընկերությանն առաջադրված ֆինանսական պարտավորությունների համար: Մասնավորապես, 2008թ. հունվարին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որեւէ կերպ սահմանված չեն եղել ջրի հաշվիչի տեղադրման վայրը, առաջնային ջրահաշվիչ սահմանումը, առաջնային խողովակի եւ այլնի սահմանումները։ Օրենքում նման կարգավորումների բացակայության պայմաններում «Բջնի» հանքային ջրերի գործարան» ՓԲ ընկերության համար իր՝ տնտեսական գործունեությունն իրականացնելու համար իրավական որոշակիության բացակայության հարցը բազմիցս բարձրաձայնվել է թե գործադիր իշխանության մարմինների հետ հարաբերություններում, թե ՀՀ դատական ատյաններում։
Նման կարգավորումների բացակայության պայմաններում ամեն դեպքում պետական բյուջեի նկատմամբ վերը նշված պարտավորություններն առաջադրվել չէին կարող, քանի որ այդ պարտավորությունների համար հիմք ծառայած պարտականությունները նախատեսված չեն եղել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ մինչեւ 2008թ. հունվարը. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նման պարտականությունների, մասնավորապես, թե որտեղ տեղադրել ջրահաշվիչը եւ այլն, նախատեսված չլինելն ինքնին որեւէ իրավաբանական կամ ֆիզիկական անձի կողմից պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունների առաջադրման հիմք հանդիսանալ չէր կարող, ինչը փաստվել է հենց օրենսդիր եւ գործադիր իշխանության մարմինների հետագա գործողություններով։ Մասնավորապես, 2009թ. հունվարին, այլ խոսքով՝ «Բջնի» հանքային ջրերի գործարան» ՓԲ ընկերությանը պարտավորություններ առաջադրելուց մեկ տարի անց, օրենքում եւ կառավարության որոշման մեջ վերը նշված փոփոխությունների կատարումը ուղղակի ապացույցն է այն իրողության, որ «Բջնի հանքային ջրերի գործարան» ՓԲ ընկերությանը առաջադրված պարտավորությունների օրինականության համար պարտադիր պայման է օրենքում եւ կառավարության որոշմամբ փոփոխված պայմանների առկայությունը, այլ ոչ այդ պայմանների առկայության վերաբերյալ հարկային մարմինների պարզաբանումը։ Հակառակ դեպքում, եթե հարկային մարմինների պարզաբանումը բավարար իրավական եւ օրինական հիմք կարող էր հանդիսանալ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց «Բջնի հանքային ջրերի գործարան» ՓԲ ընկերությանը ֆինանսական պարտավորություններ առաջադրելու համար, ապա ինչ կարիք կար այլեւս նման օրենսդրական եւ ենթաօրենսդրական փոփոխությունների կատարման բարդ գործընթացներ նախաձեռնել։
Այսինքն՝ այն իրավական դիրքորոշումը, որ առանց օրենքներում եւ կառավարության որոշումներում կատարված փոփոխություններում պարունակվող իրավական պահանջների հնարավոր չէր Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, միջազգային պայմանագրերի եւ օրենքների պահանջների բավարարմամբ «Բջնի» հանքային ջրեր գործարան» ՓԲ ընկերությանը առաջադրել ֆինանսական պարտավորություններ, որոնք նշված էին վերը նշված ակտում, ունեցել է հենց Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ որ հատկապես կարեւոր է՝ սույն հարցը ամբողջությամբ պատկերացնելու համար, նման դիրքորոշումը միանշանակորեն հաստատել է հենց ՀՀ օրենսդիր մարմինը, որը օրենքի նշված փոփոխությունը կատարել է անհրաժեշտաբար, դրանով իսկ համաձայնվելով, որ առանց նման փոփոխության իրավաչափ չէր որեւէ իրավաբանական կամ ֆիզիկական անձի վերագրել կատարված փոփոխությամբ նախատեսված պարտականություններ։