Այս տարի ողջ աշխարհում Իտալիայի արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ արդեն 11-րդ անգամ նշվում է Իտալերեն լեզվի շաբաթ: Այս անգամ լեզվի շաբաթը նվիրված է Իտալիայի միավորման 150-ամյակին: Միջոցառումները կմեկնարկեն երկուշաբթի օրվանից՝ Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում, որտեղ այսուհետ իտալերեն լեզուն կդասավանդի իտալացի դասախոս: Միջոցառմանը կհաջորդի համերգ՝ Իտալիայից ժամանած օպերային երգիչների կատարմամբ: Երեկ Հայաստանում Իտալիայի դեսպանատանը տեղի ունեցած ասուլիսի ժամանակ դեսպան Բրունո Սկապինին մեկ առ մեկ թվարկեց, թե շաբաթվա ընթացքում որ մշակութային օջախում ինչ միջոցառում է նախատեսված: Դեսպանի ներկայացմամբ, այս ամենի նպատակը իտալական մշակույթի, գրականության եւ իտալերեն լեզվի ճանաչումն ու տարածումն է ողջ աշխարհում. «Հայաստանն ու Իտալիան մշտապես կապված են եղել մշակութային եւ պատմական կապերով, այդ պատճառով այս կարգի միջոցառումները Հայաստանում միշտ լավ արդյունքներ են տվել: Ես տեսնում եմ, որ գնալով ավելի շատ ուսանողներ են ցանկություն հայտնում սովորել իտալերեն լեզուն, ինչը մեզ ստիպում է, որպեսզի նորանոր միջոցառումներ նախաձեռնենք»: Ըստ պարոն Սկապինիի, ծրագրեր կան՝ իտալերեն դասավանդել նաեւ տարրական եւ միջնակարգ դասարաններում: Դեսպանը նաեւ հայտնեց, որ շուտով Իտալիայի դեսպանատանը նույնպես իտալերենի դասընթացներ կկազմակերպվեն:
Անդրադառնալով մեր երկրի եւ Իտալիայի միջեւ առկա ուսումնական ծրագրերին՝ պարոն դեսպանը նշեց, որ նոր համագործակցություն կսկսվի «ռեստավրացիայի» ոլորտում, ըստ որի՝ իտալացի մասնագետները մեր վարպետներին կաջակցեն՝ պահպանելու Հայաստանի ճարտարապետական եւ մշակութային ժառանգությունը: