Մինչդեռ գովազդային ընկերությունները գտնում են, որ քաղաքապետարանն օրենք է խախտում
Քաղաքապետարանը որոշել է Երեւանը մաքրել, իրենց կարծիքով, ոչ էսթետիկ եւ քաղաքի տեսքը խաթարող գովազդային վահանակներից: Նախօրեին, ուշ երեկոյան, Մաշտոցի պողոտայի տարբեր հատվածներում մի քանի վերամբարձ կռունկ էին կանգնած, որոնք պատրաստվում էին ապամոնտաժել գովազդային վահանակները: «Դեպքի» վայրում էին քաղաքապետարանի աշխատակիցները եւ գովազդային «Յունիքորն» ընկերության սեփականատեր, Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը: Նրանցից յուրաքանչյուրը փորձում էր, այսպես ասած՝ իր «ճիշտն» առաջ տանել. Գ. Արսենյանը պնդում էր, որ քաղաքապետարանը ապօրինի գործողություններ է կատարում, իսկ քաղաքապետարանի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արազ Բաղդասարյանն էլ հակառակն էր փորձում ապացուցել: Ըստ Ա. Բաղդասարյանի՝ «Յունիքորնը» չունի հողի վարձակալության պայմանագիր, ուստի քաղաքապետարանը որոշել է 5-օրյա ժամկետում ապամոնտաժել վահանակները: Իսկ պարոն Արսենյանն էլ վստահեցրեց, որ այս որոշումը խախտում է նրա իրավունքները, եւ քաղաքապետի որոշումը բողոքարկելու է դատարանում. «Նախ՝ ես տասնյակ անգամ դիմել եմ քաղաքապետարան, որպեսզի պայմանագիր կնքեն, սակայն ինձ միշտ ասել են՝ սպասեք: Անգամ դատարանի որոշում կա, որով իրենք պարտավորվել են մեզ հետ պայմանագիր կնքել, մերժել են՝ իբր դեռ սակագներ չկան, սպասեք: Քաղաքապետարանը տարածքային մարմին է եւ իր այս որոշմամբ անցել է դատական իշխանության իրավունքը»: Քաղաքապետարանի ներկայացուցիչն էլ պնդում էր, որ, ըստ ավագանու որոշման՝ 5-օրյա ժամկետում գովազդային կազմակերպությունը իր միջոցներով կարող է ապամոնտաժել վահանակները, իսկ եթե համաձայն չեն այս որոշման հետ, ապա 5-օրյա ժամկետում կարող էին բողոքարկել: Սրան ի պատասխան, պարոն Արսենյանն էլ ասաց, որ ընկերությունը, ըստ Վարչական դատավարության օրենսգրքի, իրավունք ունի 2-ամսյա ժամկետում բողոքարկել քաղաքապետի որոշումը, ինչն էլ արդեն արել են, պահանջել են նաեւ ապամոնտաժումը կասեցնել՝ մինչ գործի քննության ավարտը: Սակայն դատարանն էլ իր հերթին իրավունք ունի նրանց հայցն ընդունել կամ չընդունելու որոշումը կայացնել 7-օրյա ժամկետում: Այսինքն՝ մինչ դատարանը որոշի, ապամոնտաժման գործողություններն ավարտված կլինեն:
Այս բանավեճի ընթացքում պարոն Արսենյանը համակերպվեց, որ քաղաքապետարանի աշխատակիցներն անեն իրենց «սեւ» գործը, սակայն նաեւ բարոյախրատական հորդորով դիմեց Արազ Բաղդասարյանին. «Վաղը, որ դատարանում մենք հաղթենք, միմյանց բարեւելու խնդիր է առաջանալու, չէ՞»: Սակայն Ա. Բաղդասարյանը, ինչպես իր պատասխանից հասկացանք, մտադիր է միշտ եւ ամեն դեպքում բարեւել Գ. Արսենյանին: «Հանդիպման» վայրից հեռանալով՝ պարոն Արսենյանն ասաց. «Շնորհակալություն, սերիալը սկսված է եւ դեռ շարունակվելու է»: Իսկ Ա. Բաղդասարյանն էլ վստահեցրեց, որ մի շարք ընկերությունների՝ մոտ 50 վահանակ են ապամոնտաժելու Մաշտոցի պողոտայում, Ֆրանսիայի հրապարակից մինչեւ Բաղրամյան 1-2 հասցեները, մինչեւ Տերյան խաչմերուկ: