Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱԿ-Ը ԴԱՏԱՐԱՆ ԿԴԻՄԻ

Հոկտեմբեր 15,2011 00:00

ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը երեկ համաձայնել է լրագրողների այն դիտարկմանը, որ Հայ ազգային կոնգրեսը երկխոսության ընթացքում համախոհներ կորցրեց. «Երկխոսության ամբողջ ընթացքում ՀԱԿ-ը համախոհներ կորցրեց, քանի որ ժողովուրդն էլ գիտեր, որ երկխոսությունը չիրականացող բան էր: Ծիծաղելի էր՝ բանակցել հանցագործի հետ, որը «մարտի 1» է իրականացրել: Մենք ձեւի համար չենք գնացել երկխոսության, այլ գտնում էինք, որ լավագույն միջոցն է խաղաղ անցում կատարելու ժողովրդավար Հայաստանի»,- հիմնավորել է նա՝ հավելելով, որ արտահերթ ընտրությունների պահանջն իր մեջ պարունակում էր բանակցությունների, քննարկումների հնարավորություն, որը տեղավորվում էր երկխոսության գործընթացի մեջ: «Իշխանությունները չարաշահեցին մեր ցանկությունը, նրանց թվում է, թե մեզ ֆռռացրեցին, ժամանակ շահեցին, բայց ես չեմ ափսոսում, որ մենք այդ քայլը կատարել ենք: Այլեւս այդ քայլին չենք վերադառնա»,- ասել է նա: Պատասխանելով «Ա1+»-ի հարցին, թե՝ չի՞ պատրաստվում ՀԱԿ-ը դատական ճանապարհով պատասխանատվության կանչել հանրահավաքների շրջանում դեպի Երեւան մարզային տրանսպորտի աշխատանքների խափանման պատասխանատուներին, Արամ Մանուկյանը տեղեկացրել է, որ արդեն մի քանի դատական հայցեր են պատրաստվել մարզային ուղեւորափոխադրումներ կազմակերպող ընկերությունների դեմ։ Հնարավոր են նաեւ դատական հայցեր ընդդեմ տրանսպորտի նախարարության՝ գործընթացը պատշաճ կերպով չվերահսկելու համար։ «Անկեղծ ասած, չեմ հավատում, որ իրավական ճանապարհով կարող ենք որեւէ բանի հասնել, բայց մեր քաղաքացիական գիտակցությունը պահանջում է դիմել նաեւ այդ միջոցին։ Ճիշտ այնպես, ինչպես ՀԱԿ որոշ անդամներ ի սկզբանե չէին հավատում երկխոսության արդյունավետությանը, բայց գնացինք դրան, քանի որ համոզված էինք, որ երկխոսությունը լավագույն միջոցն է անցնցում ճանապարհով ժողովրդավարության հասնելու»,- ասել է բանախոսը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել