Երեկ տեղի է ունեցել եվրոպական կառույցների հետ ՀՀ պետական մարմինների համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը: Նիստին ներկա էր նաեւ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը:
Միջգերատեսչական հանձնաժողովի հերթական՝ 11-րդ նիստի օրակարգում տեղ էին գտել մի շարք հարցեր, այդ թվում՝ Եվրոպական հարեւանության քաղաքականության ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի՝ 2011թ. III եռամսյակում իրականացված միջոցառումների ամփոփում եւ ԵՀՔ ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի կատարումն ապահովող նոր՝ 2012-2013թթ. միջոցառումների ցանկի վերաբերյալ քննարկումներ եւ առաջարկությունների ներկայացում:
Բացման խոսքում Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը փաստել է, որ ՀՀ-ԵՄ համագործակցության գործողությունների ծրագրով նախատեսված շուրջ 170 միջոցառումներ եւ գործողություններ ամբողջությամբ կատարված են, մինչեւ տարեվերջ կավարտվեն եւս 47-ը, որոնք գտնվում են ընթացքի մեջ: Այս կամ այն պատճառով դեռեւս չկատարված 24 միջոցառումները տեղ կգտնեն 2012-2013թթ. նոր ծրագրում: «Հայաստան-ԵՄ քաղաքական համագործակցությունը արդյունավետորեն զարգանում է: Մենք ունենք դրական արդյունքներ արդարադատության, ազատության եւ անվտանգության ոլորտում իրականացվող բարեփոխումներում: Դրական են գնահատվում ազատ, խորը եւ համապարփակ առեւտրի, ասոցացման համաձայնագրի շուրջ ընթացող աշխատանքները, եւ սահմանված ժամանակացույցի համաձայն՝ մենք մինչեւ դեկտեմբերի վերջ կավարտենք նաեւ տնտեսական բնույթի այն միջոցառումները, որոնք անհրաժեշտ են, որպեսզի մենք մեկնարկենք որակական նոր փուլ այս ոլորտում»,- ասել է Արթուր Բաղդասարյանը:
Որպես ԱԱԽ աշխատակազմի, ինչպես նաեւ միջգերատեսչական հանձնաժողովի հետ արդյունավետ գործակցության գնահատական՝ ԱԱԽ քարտուղարը պատվոգիր է հանձնել դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերին, որն ավարտում է ԵՄ պատվիրակության ղեկավարի իր առաքելությունը ՀՀ-ում: Նիստի ընթացքում զեկույցներով եւ համապատասխան առաջարկություններով հանդես են եկել միջգերատեսչական հանձնաժողովի անդամները: