Սերժ Սարգսյանը հարկ չէր համարել ցավակցել բանակում զոհվածների հարազատներին, իսկ ֆուտբոլի մասին ելույթ ունեցել է:
Facebook սոցցանցում գործող «Բանակն իրականում» խմբի նախաձեռնությամբ երեկ քաղաքացիական ակտիվիստները, իրավապաշտպանները, նաեւ բանակում սպանվածների ծնողները բողոքի ցույց էին անում ՀՀ նախագահի նստավայրի դիմաց: Նրանք պարզել էին բանակում կատարվող սպանությունները բացահայտելու պահանջ պարունակող պաստառներ եւ բանակում սպանված մի քանի տասնյակ երիտասարդների լուսանկարները: Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին, որ Սերժ Սարգսյանը՝ որպես բանակի գերագույն գլխավոր հրամանատար, որը պատասխանատու է բանակում տեղի ունեցող ողբերգությունների եւ դրանք կոծկելու համար, դուրս գա իր պալատից եւ հանդիպի սպանվածների ծնողներին: «Երեկ ֆուտբոլի մասին ելույթ էր ունենում: Թո՛ղ մի ելույթ էլ ունենա, ասի՝ եթե մի զորամասերից մի սպանված զինվոր բերեցին՝ իրենց մայրերին հանձնեցին, ուրեմն զորամասի ողջ սպայական անձնակազմը ձերբակալվելու եւ դատապարտվելու է ցմահ բանտարկության: Եթե երկրի նախագահը այդ հայտարարությունը անի ու կատարի իր խոստումը, էլ չի լինի սպանություն»,- հայտարարում էր 2010թ.-ին ԼՂ զորամասերից մեկում «ինքնասպանված» Վալերի Մուրադյանի մայրը՝ տիկին Նանան՝ հավելելով, որ եթե նախագահը չի ուզում, որ այս գործերը բացահայտվեն, կամ եթե այդքան անզոր է, թո՛ղ հրաժարական տա:
Բանակում սպանված, պաշտոնական վարկածով՝ «էլեկտրահարված», Տիգրան Օհանջանյանի հայրը՝ Սուրեն Օհանջանյանը, հայտարարեց. «Մեր երկիրը նախագահ չունի, քննչական մարմին չունի: Բոլորը համախմբվել ու ոչնչացնում են խաղաղ պայմաններում ծառայող մեր զինվորներին: Այս սպանությունները չեն բացահայտվում հիմնականում դատախազության, Շոթա Վարդանյանի բիզնես-կենտրոնի կողմից»: Իսկ հարցին՝ ի՞նչ պետք է անել բանակում տեղի ունեցող ողբերգությունները կանխելու համար, Օհանջանյանն ասաց. «Առաջին հերթին սպայական կազմն է պետք փոխել»:
Տիգրանի մայրն էլ՝ Գոհար Սարգսյանը, ցույց էր տալիս որդու դիակի լուսանկարները, որտեղ նրա մարմնի տարբեր հատվածներում բռնության հետքեր կային: Նա հենց պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանի օգնական Վարդան Ղուկասյանի ներկայությամբ իր որդու գործը քննած կոնկրետ քննիչների անուններ տվեց, մասնավորապես՝ Գնել Մանուկյանի եւ Արտակ Հարությունյանի, որոնք պարտակել էին սպանության գործը, իսկ նրանցից մեկը նույնիսկ գործում եղած իրեղեն ապացույցներն էր անհետացրել: Սրան նույնիսկ Ղուկասյանը չառարկեց, բայց, ինչպես պարզվում է՝ հիշյալ քննիչները ոչ միայն դրա համար պատասխանատվություն չեն կրել, այլեւ շարունակում են աշխատել եւ վարել այդ գործի քննությունը:
Ի դեպ, Ղուկասյանն անակնկալ կերպով էր հայտնվել ցույցի վայրում, բայց ինչպես պարզվեց, շատ կոնկրետ նպատակով՝ ցուցարարներին հեռացնել նախագահի նստավայրից եւ հերթական անգամ խոստումներ տալով նրանց գլխի տակ փափուկ բարձ դնել: Նա զոհերի հարազատներին եւ լրագրողներին համոզում էր գնալ զինվորական ոստիկանություն, որտեղ հավաքվել էին կայազորների քննիչներ, զինդատախազության ներկայացուցիչներ, եւ պարզել… ուշադրություն՝ «արդոք ճի՞շտ են ծնողները»:
«Այս հարցը պիտի նախագահի շենքում լուծվի, թո՛ղ ընդունի մեզ նախագահը: Մենք էդ մարդկանց չենք հավատում այլեւս: Քանի տարի է՝ վազում ենք դրանց հետեւից: Մենք ուզում ենք, որ նախագա՛հը մեզ լսի, թեկուզ ճաղավանդակներից այն կողմ: Հերիք ա մենք վազենք իրանց հետեւից. հա՛մ մեր երեխաներին սպանեն, հա՛մ էլ վիշտը մեզ վրա՝ ընկնենք իրանց հետեւից, որ մեր երեխեքի սպանողներին պատժե՞ն: Ո՞վ ա նման բան տեսել: Քննիչները գործերը կարան ոնց ուզեն՝ կեղտոտեն, իրանց ուզած ձեւով, ու իրանց դատ չի հասնում, որովհետեւ փողերը լավ են լափում»,- ընդդիմացավ տիկին Նանան:
Ղուկասյանին, իհարկե, ծնողներին համոզել չհաջողվեց, բայց նա այդ ընթացքում շատ զավեշտական մի հայտարարություն հասցրեց անել. այն է՝ մարդկանց «ստեղ հավաքվելը» ջուր է լցնում թշնամու ջրաղացին: Պարզվում է՝ բանակում տեղի ունեցող սպանությունները «ջուր լցնել չեն», իսկ ահա, բողոքի ցույցը հենց այդ էր, որ կար:
Ս. Սարգսյանը, իհարկե, դուրս չեկավ իր պալատից: Բողոքի ցույցն ավարտվեց՝ այն շարունակական լինելու խոստմամբ: