«Էներգացանցշին» ԲԲԸ-ն ասպատակել է Սյունիքի մարզի
Ծավ գյուղը. այս մասին գիտեն պետական ատյաններում, սակայն գյուղում լարված մթնոլորտը դեռ շարունակվում է:
Սյունիքի մարզի սահմանամերձ Ծավ գյուղի բնակիչները վերջերս նամակով դիմել էին հանրապետության նախագահին՝ տեղյակ պահելով, որ համայնքում «Էներգացանցշին» ԲԲԸ-ն փոքր ՀԷԿ է կառուցում՝ եւ շինարարական աշխատանքների պատճառով գյուղին ու բնակիչներին հասցվել են վնասներ ու առաջացել բազմաթիվ խնդիրներ: Ծավեցիները նախագահին խնդրել են աջակցել իրենց, վերացնել խնդիրներն ու կանխել հետագա անցանկալի զարգացումները:
Բնակիչների ներկայացմամբ, Հայաստան-Իրան միջպետական ճանապարհից մինչեւ ՓՀԷԿ-ի շենքն ընկած մոտ 3,5 կմ հատվածը տվյալ ընկերության կողմից իրականացվող շինարարության ընթացքում ավերվել է, ոչնչացվել են մեծ քանակությամբ ծառեր ու թփեր, տարածքը դարձել է անօգտագործելի: Բացի այդ, «Էներգացանցշին» ԲԲԸ-ի հետ պայմանագիրը կնքված է 1 հեկտարի համար, սակայն ընկերությունը օգտագործում է մոտ 3 հա հողամաս: Բնակիչների հավաստմամբ՝ ՓՀԷԿ-ի գլխամասային կառուցվածքից (հանգույցից) մինչեւ ՓՀԷԿ-ի շենքն ընկած մոտ 5 կմ հատվածում գետից ջրառ է կատարվել, որի արդյունքում վերը նշված հատվածում ձկնային պաշարը ամբողջապես ոչնչացել է, փոխվել է էկոլոգիական վիճակը, բնակիչները ջուր չեն ստացել կամ ստացել են անորակ խմելու ջուր, զրկվել են իրենց հողամասերը ոռոգելու հնարավորությունից:
Ստեղծված իրավիճակի արդյունքում համայնքում «Էներգացանցշին» ԲԲԸ-ի եւ համայնքի բնակիչների միջեւ առկա է որոշակի լարվածություն, ստեղծվել է ինչ-որ իմաստով անելանելի իրավիճակ, որը համայնքից բնակիչների արտահոսքի վտանգ է առաջացնում: «Շատ ենք նկատել, որ վերը նշված 5 կմ հատվածում երեկոյան եւ գիշերվա ժամերին (ժամը 22-ից մինչեւ ժամը 6-ը) Ծավ գետն ամբողջովին ջրազրկվում է: ՓՀԷԿ-ի գլխամասային կառուցվածքի ձկնուղին շինարարական նորմերին չի համապատասխանում, սովորականից բարձր է, որի արդյունքում ներկա պահին ձկնուղով ջուր չի հոսում: Մեր տպավորությամբ՝ ՓՀԷԿ-ի գործունեությունը պատկան մարմինների կողմից որեւէ կերպ չի վերահսկվում: Սյունիքի մարզի Ծավ համայնքում «Էներգացանցշին» ԲԲԸ-ի կողմից կառուցված 1-ին ՓՀԷԿ-ն արդեն իսկ պատուհաս է դարձել համայնքի բնակիչների համար, սակայն պարզվում է, որ նույն ընկերությունը մտադիր է Ծավ գյուղում 2-րդ ՓՀԷԿ-ը կառուցել: Այն նախատեսվում է կառուցել գործող ՓՀԷԿ-ի գլխամասային կառուցվածքից (հանգույցից) վերեւ, որից ներքեւ ընկած տարածքում գտնվում է գյուղի վարելահողերի մեծ մասը, այսինքն՝ 2-րդ ՓՀԷԿ-ի կառուցման դեպքում այս հողամասերն էլ կմնան անջրդի: Բացի այդ, կառուցման վայրից ներքեւ գտնվում են գյուղի խմելու ջրի հիմնական ակունքները: 2-րդ ՓՀԷԿ-ի շինարարության թույլտվություն չկա, բայց «Էներգացանցշին» ԲԲԸ-ի կողմից ապագա ՓՀԷԿ-ի շինարարության գոտում շուկայական գներով հողամասեր են գնվում, կասկածելի չափագրումներ են կատարվում ոչ միայն գնված, նաեւ այլ հողամասերում: Ստեղծված իրավիճակում մթնոլորտն ավելի է շիկանում, որը հղի է անկանխատեսելի հետեւանքներով: Արդեն իսկ պարզ է, որ ներքոստորագրյալներս դեմ ենք 2-րդ ՓՀԷԿ-ի կառուցմանը, որը 2-րդ պատուհասը կդառնա մեր գյուղի համար, եւ դիմելով ձեզ՝ վստահ ենք, որ կկանխվի երկրորդ ՓՀԷԿ-ի կառուցումը, իսկ 1-ին ՓՀԷԿ-ի շինարարության եւ գործունեության ընթացքում էլ մեր հայրենիքի այս չքնաղ անկյունում գտնվող սահմանամերձ Ծավ գյուղին պատուհասած աղետները կվերացվեն, եւ կկանխվեն հետագա չարաշահումները»,- նշված էր Ծավի 107 բնակիչների կողմից ստորագրված ՀՀ նախագահին ուղղված նամակում: Գյուղը ունի մոտ 350 բնակիչ:
Խնդրով բնակիչները դիմել էին Սյունիքի մարզի Շահերի պաշտպանության եւ աջակցության կենտրոնի՝ ՇՊԱԿ-ի ղեկավարին, ով հետամուտ է եղել խնդրին եւ դիմել տարբեր ատյաններ: Դրանց ի պատախան՝ Սյունիքի մարզպետարանից ՇՊԱԿ-ի ղեկավար Արշավիր Խալափյանը նամակ է ստացել, որով տեղեկացվում է, որ մարզում ստեղծված հանձնախմբի կողմից Ծավում կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ «Էներգացանցշին» ԲԲԸ-ի Ծավ գյուղում գտնվող հիդրոէլեկտրակայանի շահագործման ընթացքում եղել են ջրօգտագործման ռեժիմի խախտումներ, եւ երբեմն չի ապահովվել Ծավ գետի էկոլոգիական թողքը՝ վնաս հասցնելով շրջակա միջավայրին եւ համայնքի ջրօգտագործողներին: Բացի այդ, հիդրոէլեկտրակայանի խողովակաշարի (ջրընդունիչից մինչեւ ՀԷԿ-ի գլխամասային շենքի հատվածը) շինարարության հողային աշխատանքների ընթացքում ամբողջությամբ չի վերականգնվել բնական լանդշաֆտի նախնական տեսքը, վնասվել է համայնքային սեփականության խմելու ջրատարը: Ներկայումս նշված ընկերության կողմից վերանորոգվել է ջրատարի վնասված հատվածը, իսկ խողովակաշարի հարակից տարածքի վերականգնման աշխատանքներն ընթացքի մեջ են: Համայնքի ղեկավարի եւ «Էներգացանցշին» ԲԲԸ-ի տնօրինության հետ համատեղ ճշտվում է սերվիտուտի իրավունքով հատկացված հողերի չափը եւ, անհրաժեշտության դեպքում կվերանայվի կողմերի միջեւ 2006թ.-ին կնքված պայմանագիրը: ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի կողմից խնդրի առնչությամբ ներկայացված տեղեկատվության համաձայն՝ փոքր հիդրոէլեկտրակայանի գլխամասային կառուցվածքը մինչեւ օրս չունի պետական գրանցում Կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Կապանի տարածքային ստորաբաժանման կողմից, իսկ դրա զբաղեցրած տարածքում են գտնվում քաղաքացիների (2 ընտանիքի) պատկանող վարելահողեր: Այսինքն՝ 2010 թվականի հուլիսի 3-ից մինչեւ օրս այն ապօրինի է շահագործվում՝ չունենալով օրենքով սահմանված թույլտվություն: Իսկ քաղաքաշինության մարզային տեսչության պետը ստորագրել է ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի ակտի տակ: «Էներգացանցշին» ԲԲԸ-ի եւ քաղաքացիների միջեւ հողային վեճը դեռեւս լուծում չի ստացել, ներկայումս կողմերի միջեւ բանակցություններ են վարվում, իսկ Ծավ գյուղի բնակիչ Ա. Գալոյանն իր իրավունքների պաշտպանության եւ վնասի հատուցման հայցով դիմել է ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Իսկ «Էներգացանցշին» ԲԲԸ-ին ՀԷԿ-ի երկրորդ ջրընդունիչի շինարարության թույլտվություն չի տրվել եւ հողհատկացում չի կատարվել: Նշված հարցը դեռեւս չի քննարկվել, եւ համայնքի ղեկավարի ու ավագանու կողմից համապատասխան որոշում չի կայացվել: Ծավի ՀԷԿ-ի շինարարությամբ խնդիրների լուծման ընթացքը Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների կողմից վերցված է հսկողության»,- նշված է Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի կողմից ՇՊԱԿ-ի ղեկավարին հասցեագրված նամակում: