Հենց այդ պատճառով է նա դիմել ՍԴ-ին
– Պարոն Անդրեասյան, ժամանակին լրագրողական համքարությունը զգուշացնում էր, որ Ձեր նախաձեռնած օրինագիծը մեր տիպի երկրում դամոկլյան սրի նման կախվելու է ազատ խոսքի ու լրատվամիջոցների գլխին: Դուք այն ժամանակ առարկում էիք, հիմա՝ պարզվում է, դիմել եք Սահմանադրական դատարան՝ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի («Պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգը եւ պայմանները»)՝ Սահմանադրության 14-րդ հոդվածին, 27-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերին եւ 43-րդ հոդվածին համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով: Կասկածներ ունեք, որ այն հակասահմանադրակա՞ն է:
– Զրպարտության համար քրեական պատասխանատվությունը այդ խնդրի կարգավորման վատթարագույն ձեւն է, քաղաքացիաիրավական պատասխանատվությունը լավագույնը չէ, դա անցումային փուլ է, որը ես առաջարկեցի դեռեւս 2009-ին՝ որպես միջանկյալ փուլ, ինչպես եղել է բոլոր քաղաքակիրթ պետություններում: Լավագույնը, իհարկե, խնդրի ինքնակարգավորումն է: Այսպես է եղել պատմականորեն բոլոր երկրներում. դատական հայցերը ստիպել են լրագրողներին հասկանալ, որ դա իրենց ճնշում է եւ վտանգում խոսքի ազատությունը, եւ ինքնակարգավորվել են: Մարդիկ գիտեն, որ դատարանները մնում են, բայց լրագրողական մարմիններին դիմելով եւ հերքումներ ստանալով՝ բավարարվել են, ու ամոթ է եղել նույնիսկ լրագրողից ֆինանսական փոխհատուցում պահանջելը: Այսինքն՝ լավագույն կարգավորման մեխանիզմը ինքնակարգավորումն է եւ ոչ թե տուգանքների համակարգը, բայց այն բոլոր երկրներում կա եւ մեզ մոտ էլ պետք է լինի եւ պահպանվի, եւ ես դրան անկեղծորեն հավատացել եւ հիմա էլ հավատում եմ:
– Այդ դեպքում ինչո՞ւ եք դիմել ՍԴ-ին: Թերեւս չեք կասկածում, որ ՍԴ-ն օրենքը սահմանադրական է ճանաչելու: Ո՞րն է Ձեր հայցի իմաստը՝ ապացուցե՞լ դա:
– Այո, օրենքը բավարարում է միջազգային, եվրոպական չափանիշները: Ինքս բազմիցս ասել եմ, որ այս համակարգը պետք է գործի, բայց դիմում եմ ՍԴ, որովհետեւ երբ նախաձեռնեցի այդ հոդվածի ապաքրեականացումը, մտահոգված էի ավելի շատ անձի արժանապատվության խնդրով, եւ ինձ դա ավելի կարեւոր էր թվում, որովհետեւ այն ժամանակ սանձարձակ վիճակ էր. պատվերով հոդվածներ, զրպարտություն, վիրավորանք, հայհոյանք: Ամբողջ մամուլը դրանցով հեղեղված էր: Հիմա ես մտահոգված եմ այն սանձարձակ հարձակումով, որը տեղի է ունենում մամուլի դեմ: Այսինքն՝ իմ բոլոր գործողությունները, որպես մարդ, թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա, կախված են այն բանից, թե կոնկրետ իրավիճակում ո՞ր իրավունքն է ավելի վտանգված եւ ավելի կարեւոր՝ անձի արժանապատվությա՞ն, թե՞ խոսքի ազատության: Այսօր ես առկա իրավիճակի լուծման հնարավոր տարբերակներ տեսնում եմ: Առաջին՝ լավագույնը կլիներ այն, որ հասարակության ակտիվ զանգվածը, հատկապես լրագրողները, նախ կենտրոնանային այսօրվա օրենքի կիրառման վրա, այսինքն՝ ստեղծեին հանրային վերահսկողության մի դաշտ անօրեն դատավորների գործողությունները կանխելու համար: Դրան էր ուղղված դատավորներին հրապարակայնորեն հասցեագրած իմ ուղերձը, որտեղ դատավորներին խնդրել էի օրենքը ճիշտ կիրառել, իսկ լրագրողներին տալ հնարավորություն՝ հետեւելու՝ արդյոք դատավորը ՄԻԵԴ-ի նախադեպերի համատեքստում ճի՞շտ է կիրառում օրենքը, թե՞ ոչ: Դրանից հետո ստեղծվեց տեղեկատվական վեճերի խորհուրդ, որը դարձյալ հանրային վերահսկողության մեխանիզմ էր, բայց տեսնում ենք, որ այդ մարմնի արձանագրած արդյունքներն էլ բավարար չեն, եւ մամուլի դեմ շարունակվում են կայացվել վճիռներ վճիռների ետեւից: Տեսնում ենք, որ ՄԻԵԴ-ի կողմից սահմանված եւ մեր օրենքում ներկայացված ամենատարրական կանոնները անօրեն դատավորը խախտում է, կիրառվում է անհամաչափ տուգանքի, համարյա բոլոր գործերով մաքսիմում շեմ ընտրելու պրակտիկան, քաղաքական, հասարակական գործիչները, պաշտոնյաները, որոնք, ըստ ՄԻԵԴ-ի, պետք է ավելի հանդուրժող լինեն, մեզ մոտ, պարզվում է, ամենաանհանդուրժողն իրենք են: Եվրոպական դատարանն ասում է՝ պաշտոնյան պետք է ավելի հանդուրժող լինի քննադատության նկատմամբ: Ես ենթադրում էի, որ դատարանները ոչ թե հասկանալով կընդունեն սա, այլ պարտավո՛ր են սա կիրառել, բայց չի կիրառվում: Որպես մասնագետ՝ շատ լավ հասկանում եմ, թե խնդիրն ինչում է: Պատճառը որոշ դեպքերում դատավորների անգրագիտությունն է, մյուս դեպքում՝ դատավորի չարակամությունը: Երրորդ հիմնական պատճառը օրենքում թույլ տրված հայեցողության լայն շրջանակն է, որի պայմաններում դատավորը ինչպես ուզում՝ այնպես էլ օրենքը կիրառում է: Այդ հայեցողության շրջանակը, ի դեպ, մեզ պարտադրել են եվրոպացի փորձագետները:
Հիմա ես դիմել եմ ՍԴ ոչ թե այն պատճառով, որ օրենքը բացարձակ անընդունելի է կամ չի համապատասխանում միջազգային չափանիշներին, այլ հարցնելու՝ արդյոք այս օրենքը հակասահմանադրական չէ՞ այն իմաստով, որ դրա սխալ կիրառումը սահմանափակում է խոսքի ազատությունը: Եթե օրենքի իրավակիրառական իմաստով այնպիսի իրավիճակ է ստեղծվում, որը բերում է հակասահմանադրական արդյունքների, ապա ես պատրաստ եմ վիճարկել նման օրենքի սահմանադրականությունը՝ հասկանալով, որ եթե դատական համակարգը ճիշտ կիրառեր այս օրենքը, ցանկացած այլ համակարգում այս օրենքը կլիներ ոչ միայն լավ, այլեւ կատարյալ:
– Շատ լավ, բայց ո՞րն է վիճարկման առարկան:
– Օրենքի որոշակիությունը, հստակությունը եւ օրենքի հետ կապված՝ լրագրողի ակնկալիքները: ՄԻ Եվրոպական դատարանն ասում է՝ որպեսզի օրենքը կոչվի օրենք, այն պետք է կանխատեսելի լինի, հստակ լինի այն մարդկանց համար, որոնց վրա այն կիրառվելու է: Այս տեսանկյունից ՍԴ-ից ակնկալում եմ ստանալ մեկ հարցի պատասխան՝ արդյոք օրենքն այնքան հասկանալի, հստակ ու կանխատեսելի՞ է, որ այն կարող է սահմանադրական համարվել: ՍԴ-ից ես երկու ակնկալիք ունեմ եւ երկու դեպքում էլ, կարծում եմ, օգնած կլինեմ խոսքի ազատությանը: Մի դեպքում՝ եթե ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչում օրենքի այս հոդվածը՝ պարտադրում է ավելի հստակ եւ որոշակի սահմանումներ տալ, թե ի՞նչ է զրպարտությունը, վիրավորանքը, եւ ո՞ր դեպքում օրենքն ինչպե՞ս պիտի կիրառվի եւ տուգանքի չափը որքա՞ն պիտի լինի, կարծում եմ՝ արդեն ահագին կօգնի, որպեսզի անօրեն դատավորը չչարաշահի հայեցողության լայն շրջանակը: Երկրորդ դեպքում՝ եթե ՍԴ-ն կասի, որ օրենքը հակասահմանադրական չէ, իր հիմնավորումներում կարող է հստակ ուղղորդող առաջարկներ անել իրավակիրառ պրակտիկայի համար, եւ եթե դատավորները նույնիսկ չեն ուզում կարդալ ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքը, կկարդան գոնե ՍԴ որոշման այդ հիմնավորումները, ու իրենք ավելի հանդուրժող կլինեն պաշտոնյային եւ քաղաքական գործչին քննադատելու հանդեպ, ավելի ճիշտ կկիրառեն տուգանքի համաչափությունը, թույլ չեն տա, որ լրատվամիջոցը սնանկանա: Ամեն դեպքում արդյունքը, որը ես ակնկալում եմ, միշտ եղել է այն, ինչի մասին ես հիմա խոսում եմ՝ պաշտպանել անձի արժանապատվությունը, ավելի քիչ պաշտպանել պաշտոնյային, քաղաքական գործչին, որովհետեւ նրանք պիտի հանդուրժող լինեն, լրատվամիջոցին երբեք չհասցնեն սնանկության ու միեւնույն ժամանակ թույլ չտան, որ պատվիրված
հոդվածներով արատավորվի որեւէ մեկի արժանապատվությունը: Սա է եղել ընդհանուր գաղափարը 2009-ին, եւ այսօր էլ, որպես ՄԻ պաշտպան, ես ասում եմ նույնը: Ես այսօր էլ պատրաստ եմ եւս մեկ քայլ անել, որպեսզի խոսքի ազատությունը պաշտպանված լինի՝ չմոռանալով անձի արժանապատվության մասին:
– Ի՞նչ եք կարծում, եթե մամուլի դեմ դատական գործերով գանգատները հասնեն եւ քննարկվեն ՄԻԵԴ-ում, ի՞նչ վճիռներ կկայացվեն:
– Ես իրավունք չունեմ եւ ընդհանրապես ճիշտ չի լինի մեկնաբանել դեռեւս ընթացքի մեջ գտնվող դատական ակտերը, բայց կարող եմ մի բան ասել. այն անօրեն դատավորները, որոնք օրենքն այսպես վարկաբեկում են, շատ շուտ կհամոզվեն, որ իրենք անօրեն դատավոր են, որովհետեւ դրանց գործերի մեծամասնությունը ՄԻԵԴ-ը ուղղակի կոչնչացնի: ՄԻԵԴ-ի նախադեպերը կարդալով եւ համադրելով որոշ ընդունված որոշումների, վճիռների հետ՝ ակնհայտ է, որ դրանք ԵԴ-ի քննությանը չեն դիմանալու՝ ընդհանրապես, շատ արագ ճանաչվելու են խոսքի ազատության 10-րդ հոդվածի խախտում, եւ մեր պետությանը պատժելու են: Ես հույս ունեմ, որ գոնե վերադաս դատական ատյանները կկարդան ԵԴ-ի նախադեպային իրավունքը եւ մեր պետությանը ԵԴ-ում նման կարեւոր գործերով պարտվող չեն դարձնի:
– Ձեզ թվում է՝ մեր պետության վարկը այդ դատավորների համար շա՞տ կարեւոր է:
– Թուրքիան ամենավարկաբեկված երկրներից մեկն է ԵԽ-ում՝ հենց Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի՝ խոսքի ազատության ոտնահարման պատճառով, եւ դա համարվում է երկրի ամենամեծ խարաններից մեկը: Ես հույս ունեմ, որ շատ շուտ մեր դատական համակարգի ամենաառողջ, գրագետ ուղեղները կհասկանան, թե ինչ վարկաբեկիչ է լինելու մեր երկրի համար 10-րդ հոդվածով ՄԻԵԴ-ում անվերջ պարտվելը: Ես նաեւ հույս ունեմ, որ իմ այս նախաձեռնությամբ ՍԴ-ն, Վճռաբեկ դատարանը՝ կոնկրետ դեպքերով, կկարողանան այնպես կիրառել գործող օրենքը, ԵԴ նախադեպային իրավունքը, որ Եվրոպական դատարանում մեր դեպքում նման խայտառակություններ չլինեն:
– Բայց արդյոք խնդիրը մեր դատավորների տգիտությո՞ւնն է եւ ո՞չ թե երկրում տիրող ընդհանուր մթնոլորտը, մամուլին անընդհատ ճնշած պահելու իշխանության, պաշտոնյաների ցանկությունը կատարելը:
– Ինձ այսպիսի ընդհանրացումները դուր չեն գալիս, որովհետեւ ես չեմ հավատում, որ բոլոր այս վճիռների ետեւում կանգնած են կոնսպիրացիոն թեորեաներ՝ անպայման ջարդել, ոչնչացնել մամուլը: Ես դրան չեմ հավատում: Ինձ հետ կարող են չհամաձայնել, բայց ինչ-որ բանի չհավատալու իրավունքն ունեմ: Ես համոզված եմ, որ տգիտությունը պետության համար ծնում է ավելի մեծ պրոբլեմ, քան հատուկ կոնսպիրացիոն թեորեաներն են: Միգուցե, այդ վճիռները պայմանավորված են անձնական որոշակի հարաբերություններով, որոշ անօրեն դատավորների՝ առանձին անձանց նկատմամբ ունեցած վախկոտությամբ: Ի վերջո, միայն լրագրողների նկատմամբ չէ, որ դատավորներն անօրինական որոշումներ են կայացնում: Նույն կերպ են լուծվում երեխայի խնամակալության հարցերը, երբ երեխային մորից վերցնում ու տալիս են հարբեցող հորը, օտարում են մարդու գույքը, խլում նրա ազատությունը: Անօրեն դատավորները դա արել են տարիներ շարունակ: Պարզապես լրագրողների դեմ կայացված վճիռների այդ պրակտիկան դա ավելի ակնհայտ է դարձրել, որովհետեւ հիմա շոշափել են լրագրողի շահերը, տրորել են լրագրողի ոտքը: Սա, անշուշտ, բացասական երեւույթ է, բայց, գուցե, հենց լրագրողական կազմակերպությունների, լրագրողների ընդվզման ալիքի վրա հնարավոր կլինի փոխել ոչ միայն այս արատավոր պրակտիկան, այլեւ դատական ամբողջ համակարգը: Ես հավատում եմ, որ ճիշտ, թիրախային մոտեցմամբ հասարակական պարսավանքի պետք է ենթարկել ոչ թե օրենքը, այլ ճիշտ օրենքը ճիշտ չկիրառողին: Եթե այդպես լինի՝ մեր կյանքում շատ բան կփոխվի: