New
35-ամյա վանաձորցին ու նրա փաստաբանը պնդում են, որ դատավոր Թովմասյանը նախօրոք կազմակերպել է ծեծկռտուքը
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, շարունակվում է վանաձորցի Աշոտ Հարությունյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը:
Աշոտ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրօրի 258 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, այն է` խուլիգանությունը, դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որը զուգորդվել է իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով: Հոդվածը նախատեսում է պատիժ՝ սահմանելով տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկում` առավելագույնը 5 տարի ժամկետով:
Գործով տուժողներ են ճանաչվել կարգադրիչներ Էդգար Չատինյանն ու Էդգար Խանվելյանը, դատավոր Արման Թովմասյանն էլ ճանաչվել է վկա:
Ա. Հարությունյանն ասում է, որ ինքը դատական կարգադրիչների ու դատավորի նկատմամբ խուլիգանություն չի կատարել, ընդհակառակը՝ նրանք են սկսել ծեծկռտուքն ու մարմնական վնասվածքներ պատճառել իրեն:
Ավելին, նա պնդում է, որ որպես տուժող ներգրավված երկու կարգադրիչների` դատարանում տված ցուցմունքները հակասում են նախաքննության ժամանակ տված ցուցմունքներին:
«Երկուսն էլ բացարձակ ուրիշ բաներ են ասում, որոնք չեն համապատասխանում նախաքննության ժամանակ տված ցուցմունքներին ու բացատրություններին»,- ասում է Աշոտ Հարությունյանն ու մանրամասնում:
«Երկու կարգադրիչներն էլ սկզբում նույնաբովանդակ բացատրություններ են գրել: Մի քանի օր անց տված ցուցմունքները նույնպես նույնաբովանդակ են եղել` հակասելով իրենց տված բացատրություններին, առերեսման ժամանակ ընդհանրապես այլ բաներ են գրել` հակասելով ցուցմունքներին, այժմ էլ դատարանում տալիս են բոլորովին այլ ցուցմուքներ»,-բացատրում է Աշոտ Հարությունյանը:
Մասնավորապես, առերեսման ժամանակ կարգադրիչները գրել են, որ դատավորը զանգել է՝ իրենց ասել իր գալու մասին: Սակայն դատարանում կարգադրիչ Էդգար Չատինյանը ցուցմունք է տվել այն մասին, որ դատավորը իրեն չի զանգել: Հակառակ սրան` դատարանում մյուս կարգադրիչը` Էդգար Խանվելյանը, պնդել է, որ դատավորը զանգել է Չատինյանին:
Դատարանում տուժող կարգադրիչները ցուցմունք են տվել, որ Աշոտ Հարությունյանը չի հարվածել իրենց` հակասելով նախաքննական ցուցմունքներին:
«Խանվելյանը դատարանում ասաց, որ ցանկացել են ինձ տանել դատարանի շենք ու այնտեղ ձերբակալել: Եթե գոնե մի հինգ-տասը տոկոս արդարություն ու օբյեկտիվություն կա մեր դատարաններում, ապա ես միայն արդարացում եմ ակնկալում»,-ասում է վանաձորցին:
Նրա փաստաբան Տիգրան Հայրապետյանը նունպես ուշադրություն է հրավիրում բազմաթիվ հակասությունների վրա` պնդելով, որ մինչ դատարան հասնելը դատավոր Արման Թովմասյանը կանչել է մյուս երկու կարգադրիչներին` այդկերպ կազմակերպելով այս միջադեպը:
«Ծեծն ի սկզբանե կազմակերպված է եղել»,-ասում է փաստաբանը:
Հաջորդ դատական նիստի ժամանակ հարցաքննվելու է վկա Արման Թովմասյանը: