NEW
Բաքվում սիրողական բռնցքամարտի աշխարհի առաջնության մեկնարկի օրերին BBC Newsnight հեռուստատեսային ծրագիրը հայտարարել էր, թե փաստեր կան, որոնք վկայում են, որ Ադրբեջանը գաղտնի «միլիոնավոր դոլարներ» է վճարել Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիային (World Series Boxing) երաշխիքի համար, որ ադրբեջանցի բռնցքամարտիկները 2012 թվականի Լոնդոնի օլիմպիական խաղերում երկու ոսկե մեդալ կնվաճեն:
Դրանից հետո օլիմպիական մենամարտերի կազմակերպումով զբաղվող Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիան (AIBA) խոստովանել էր, որ «Ադրբեջանի ոմն քաղաքացի մրցումներից մեկի ֆոնդ $9 մլն է փոխանցել», սակայն հերքել էր «պայմանավորված մեդալների» հետ կապված գործարքների առկայությունը: AIBA-ի իրավաբանները հայտարարել էին, թե այդպիսի ցանկացած հայտարարություն «աբսուրդ եւ բացարձակապես թյուր» կարող է լինել: Այդ դիրքորոշմանն աջակցել էր նաեւ AIBA-ի նախագահ Չինգ-Կուո Վուն (Ching-Kuo Wu), որի խոսքերով՝ այդպիսի պնդումները «բացարձակապես իրական չեն եւ ծիծաղելի են», քանի որ «WSB-ն միանգամայն թափանցիկ է աշխատում»:
Սակայն, ինչպես գրում է Բաքվի «Յենի մուսավաթ» թերթը, այս ամբողջ պատմության մեջ ծիծաղելի քիչ բան կա, որովհետեւ BBC հեռուստաալիքը հաստատել է, որ AIBA-ին եւ օլիմպիական կոմիտեին ներկայացրել է Ադրբեջանի հավաքականի համար օլիմպիական երկու մեդալի դիմաց Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի՝ $ 9 մլն ստանալու փաստերը: Հայտնվում է, որ փաստաթղթերը փոխանցվել են AIBA-ի պաշտոնական ներկայացուցիչ Թոմ Վիգետսին: Այլեւայլ ապացույցների թվում շրջանառվում է Ադրբեջանի պաշտոնական անձանց հետ գրագրությունը եւ նույնիսկ նշված գումարը փոխանցելու ծրագիրը: Այս մասին գրում է «Regnum» գործակալությունը: