Հոկտեմբերի 15-ին «Նաիրի» կինոթատրոնում կկայանա ռեժիսոր Աշոտ Գեւորգյանի «Անթրոպոլոգիա» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան: «Ֆիլմը այժմյան մեր իրականության մասին է, այն մարդկանց, ովքեր կորցրել են իրենց արժեքները եւ դրանք վերագտնելու փնտրտուքների մեջ են»,- ասաց ֆիլմի պրոդյուսեր Արտակ Մուսայելյանը, հավելելով, որ նկարում ավելի շատ ներկայացված են մարդկային վատ կողմերը` նյութապաշտությունը, հուսահատությունը, անգրագիտությունը… Բայց այս ամենից զատ, ակնհայտորեն արտահայտված է այն մարդկանց լավատեսությունը, ովքեր, անկախ ամեն ինչից, չեն դադարում երազել: Այս առումով ֆիլմը նաեւ զուգահեռներ ունի Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» ստեղծագործության հետ: Ֆիլմը դեռեւս փառատոների չի մասնակցել, քանի որ, ինչպես զրույցում նշեց պրոդյուսերը, «առաջնայինը հայ հանդիսատեսին ներկայացնելն է, ամենապահանջկոտը հենց հայ հանդիսատեսն է»: Նրա խոսքով, պրեմիերայից հետո «Անթրոպոլոգիան» մասնակցության հայտ կներկայացնի ԱՄՆ-ի կինոփառատոներին, ինչպես նաեւ ֆիլմը կցուցադրվի Վանաձորում, Գյումրիում եւ Արցախում: Ֆիլմի գլխավոր դերակատարը Հովհաննես Բաբախանյանն է, դերերում են` Կարեն Ջանիբեկյանը, Լուիզա Ղամբարյանը, Անժելա Սարգսյանը, Արա Դեղտրիկյանը: