Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆԸ՝ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻն

Հոկտեմբեր 14,2011 00:00

Հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 5-ը Երեւանում կանցկացվի ճանաչված ֆոտոլրագրող Ռուբեն Մանգասարյանի «Անկախության ճանապարհին» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը, որը նախաձեռնել է «Ռուբեն Մանգասարյանի մեմորիալ» հիմնադրամը: Երեկ ՆՓԱԿ-ում լրագրողների հետ այս մասին խոսեցին նրա եղբայրը՝ Տիգրան Մանգասարյանը, ընկերը՝ լրագրող Մարկ Գրիգորյանը եւ աշակերտուհին՝ Իննա Մխիթարյանը:
Ռուբեն Մանգասարյանը որպես ֆոտոլրագրող մեծ վերելք ապրեց 80-ականների վերջերից. նրա գործունեությունը սկսվեց միտինգներից, անցավ արցախյան ազատամարտով, այդ ընթացքում եղավ երկրաշարժը եւ սոցիալական ծանր իրավիճակը՝ Հայաստանում: Ըստ բանախոսների՝ շատերն էին պատերազմ լուսանկարում, բայց Ռուբենը տարբերվում էր մյուսներից. ոչ միայն զուտ ստեղծագործում էր, այլեւ բառացիորեն ապրում դրանով: «Նա երկար ժամանակ էր անցկացնում Արցախում, Հայաստան գալիս էր միայն ժապավենները երեւակելու համար: Այսօր շատ-շատ լուսանկարներ են հավաքվել՝ կան ընտրանիներ, կան նաեւ հենց Ռուբենի կողմից առանձնացված հավաքածուներ: Այս ցուցահանդեսի համար նախատեսել էինք ներկայացնել 94 աշխատանք, բայց որոշ խնդիրների պատճառով կլինի 64–ը»,- ասաց Տիգրան Մանգասարյանը:
«Առավոտի» այն հարցին՝ արդյո՞ք լուսանկարները հանրությանը հասանելի կդառնան համացանցի կամ գրքերի միջոցով, Ի. Մխիթարյանը պատասխանեց, որ դա հիմնադրամի հեռահար նպատակներից է, կան որոշ խոչընդոտներ, օրինակ՝ այն, որ լուսանկարների մեծամասնությունը դեռեւս թվայնացված չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել