Կամ՝ ինչպես են «ուխտավորներն» ավերում Նորավանքը, Հավուց Թառը, Կաքավաբերդը…
Հավուց Թառը եւ Կաքավաբերդը գտնվում են Խոսրովի արգելոցի տարածքներում: Սրբատեղիներ տանող արահետները դժվարանցանելի են՝ սկսվում են Գառնիի ձորից եւ տանում դեպի բարձունքներ: Դարեր առաջ հոգեւորականները անմարդաբնակ եւ դժվարահաս տարածքներում էին կառուցում հոգեւոր կենտրոնները, որպեսզի հեռու մնան բարբարոսներից, օտար նվաճողներից եւ աշխարհական կյանքից: Այս տարածքներն այսօր էլ ամայի են, այս վայրերում պատահական մարդ չի հայտնվում: Հիմնականում գալիս են ուխտավորներ, ոմանք էլ զուտ սրբատեղին ապականելու «ուխտով»՝ յուղաներկերով եւ կավճով, կոշտ գործիքով փորագրելու եւ գրություն թողնելու մարմաջով:
Հավուց Թառի վանական համալիրը աչքի է ընկնում իր խաչքարերով: Այստեղ պատմական արժեք ներկայացնող նմուշները համարակալված են: Երեւում է՝ գիտական աշխատանքներ են կատարվել, սակայն խաչքարերը շարունակում են մնալ բաց երկնքի տակ, անխնամ: Որոշ խաչքարեր թույլ են կանգնած իրենց տեղերում, մի քանիսը արդեն մասնատված է եւ տեղաշարժված: Պատերի վրա արված գրությունները՝ անունները, սիրային խոստովանություններն էլ արդեն խառնվում են համարակալված քարերի նշումների հետ եւ կորցնում են միմյանց:
Կաքավաբերդի փլատակները ավելի լավ են պահպանվել, բայց միայն պատահականությամբ: Բերդի միջնադարյան եկեղեցում դեռ կանգուն պատեր կան՝ չգրոտված տարածքներով, սակայն մեկ այլ «յուրահատկություն» կա՝ այստեղ մեծ ու փոքր խաչքարերի ու խաչազարդերով սալիկների մի մասը համարակալված չէ: Եթե արկածախնդիր վանդալներից մեկը ցանկանա՝ հեշտությամբ կարող է պայուսակի մեջ մի խաչազարդով սալիկ թաքցնել ու տանել:
Անընդհատ բարձրաձայնում ենք, թե ուրիշ ազգեր դարերի ընթացքում եկել, թալանել եւ ավերել են մեր երկիրը, իսկ ինքներս ոչ միայն չենք վերականգնում դարերի ընթացքից մեզ հասած ավերակները, այլեւ ավերում ենք:
Հաճախ ավերումի պատճառներից մեկն այն է, որ կիսաքանդ ու խոնարհված սրբատեղիներից որոշները չեն գործում եւ գտնվում են ամայի տարածություններում: Բայց կան նաեւ գործող հոգեւոր կենտրոններ, որոնք նույնպես բախվում են այդ խնդրին: Օրինակ՝ Նորավանքը: «Ասում են՝ թուրքերը կոտորեցին, արաբները, մոնղոլները, պարսիկները… Ինքս ականատես եմ, մեծ մասամբ ինքներս ենք մեղավոր»,- տարիներ շարունակ սա է պատմում մարդկանց Նորավանք վանական համալիրի հոգեւոր հովիվ տեր Սահակ քահանա Մելիքյանը:
Ժամանակին պահակը ադրբեջանցի էր՝ ԽՍՀՄ-ի տարիներին տարածքում ադրբեջանական գյուղեր էլ կային: Ըստ վանահոր, ոչ մի հայ չէր ցանկացել պահակ լինել, ադրբեջանցին էր համաձայնել, սակայն պատերի վրա ոչ մի ադրբեջանական անուն չկա փորագրված, միայն հայկական անուններ են:
«Մարդու մեջ ամենասարսափելի եւ վտանգավոր հատկություններից մեկը ատելությունն է, կարող ենք ատելություն սերմանել երեխաների մեջ՝ ազգամիջյան ատելություն, միջմարդկային փոխհարաբերությունների մեջ,- ասում է տեր Սահակ քահանա Մելիքյանը եւ հուշում,- ոչ մի գործ ատելությամբ առաջ չի գնում: Ուրեմն պետք չէ ատել այս կամ այն ազգին, փոխարենն արժե մեր մեջ փնտրել թերությունները, բացթողումները, մեր սերունդներին ճիշտ դաստիարակել: Հաղթած կլինենք ցանկացած ոճրագործի, եթե կարողանանք մեր հոգեւոր ժառանգությանը տեր լինել»: