Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆ՝ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ

Հոկտեմբեր 14,2011 00:00

\"\"Տնօրենը յուրաքանչյուրի աշխատավարձից 15-20 հազար դրամ պահելով՝ տնտեսումներ է արել

Արարատի մարզի Արտաշատ քաղաքի թիվ 4 դպրոցում ուսուցիչների տոնի կապակցությամբ տնօրենը հետաքրքիր «անակնկալ» է մատուցել: Նվերի փոխարեն ստիպել է ուսուցիչներին ստորագրել մի փաստաթուղթ, ըստ որի՝ իրենք համաձայն են, որ իրենց աշխատավարձն իջնի 25%-ով: Ինչպես ճշտեցինք, դպրոցում ուսուցիչների միջին աշխատավարձը 60-70 հազար դրամ է, ու հրաժարվել 25% աշխատավարձից, նշանակում է՝ զրկվել մոտ 15 հազար դրամից: Գնաճի պայմաններում այս լուրը, բնականաբար, ուսուցիչների կողմից սվիններով է ընդունվել, վերջիններս բողոքել են ԿԳ նախարարությանը, ՀՀ վարչապետին ու խնդրել պետական տոնի այս եւ նմանատիպ շնորհավորանքներ այլեւս չանել:
Պարզվում է՝ Արտաշատի թիվ 4 միջնակարգ դպրոցի կարգավիճակը փոխվել է, դարձել է ավագ դպրոց, իսկ դա լրացուցիչ վարձատրության խնդիր է առաջացրել: Իր առջեւ դրված ֆինանսական խնդիրներն էլ տնօրեն Անահիտ Սուլթանյանը որոշել է լուծել ուսուցիչների աշխատավարձի հաշվին: Տիկին Սուլթանյանի պարզաբանմամբ՝ «Ես ոչ մեկին չեմ ստիպել ստորագրել, պարզապես ծանուցում եմ պատրաստել, որ հարգելի էսինչյան, տեղեկացնում ենք, որ բյուջեի սղության պատճառով կատարվելու են մանկավարժական դրույքաչափի փոփոխություններ: Բոլորը ստորագրել են, համաձայնվել են: Եթե դա չանեի, հնարավոր է հետո ինձ մեղադրեին, ասեին՝ ինչո՞ւ չզգուշացրեցիք, որ աշխատավարձը պակասելու է, գուցե այլ աշխատանք գտնեինք, գնայինք մեկ ուրիշ տեղ, ասենք, պահակ աշխատել»: Մեր հարցին՝ ինչո՞ւ չփորձեցիք ձեր աշխատավարձի հաշվին լուծել ֆինանսական խնդիրները եւ ոչ թե ուսուցիչների, Ա. Սուլթանյանը պատասխանեց. «Ես էլ եմ ուսուցիչ, ի՞նչ տարբերություն, ինչու ես վերին արտի ծաղի՞կն եմ, որ իմ աշխատավարձը չկրճատվեր: Պարտադիր իմ աշխատավարձն էլ պիտի պակասեր: Այդ ծանուցագրի մեջ նշված է՝ աշխատավարձը պետք է պակասի ընդամենը հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին»:
Տիկին Սուլթանյանը վստահեցնում էր, որ իր աշխատակազմը հաշտ-համերաշխ մի ընտանիքի պես է եւ երբեք չէր բողոքի. «Մենք միայն մեկը ունենք, որ անշնորհք բողոքավոր է: Մի անգամ էլ, երբ մեր դպրոց էր եկել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նրա ձեռքի ափի մեջ թաքուն նամակ էր մտցրել ու բողոքել մեզանից»:
ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն այս մասին «Առավոտին» պարզաբանեց, որ «Դպրոցում իսկապես ֆինանսական պրոբլեմներ կային, գումարը չի բավականացրել մինչեւ հունվար: Պարզապես մենք քննարկեցինք ու արդյունքում տնօրենին առաջարկվեց դրույքաչափը թողնել նույնը եւ այլ տնտեսումներ անել: Աշխատավարձը կրճատելը կարծես թե ճարահատյալ որոշում է եղել, ուղղակի ես չգիտեմ, թե ինչու են որոշել ծանուցում գրել-ստորագրել տալ: Դա հակաօրինական է, բայց հանցանք չէ. իրենք իրենց համար ֆինանսական վարչության հետ խնդրին լուծում են տվել եւ սխալ եզրակացության եկել: Մենք վարչապետից էլ ենք գրություն ստացել, եւ նրան էլ ենք պատասխանել, որ խնդիրն արդեն լուծվել է»:
Արարատի մարզպետարանի կրթության վարչության պետ Անահիտ Հակոբյանի պարզաբանմամբ՝ «Ճիշտ է, տնօրենի գործողություններին տեղյակ չենք եղել, բայց դպրոցն ունի խորհուրդ, որը եւ նման որոշում է ընդունել: Քանի որ ավագ դպրոց է ստեղծվել, դասարաններն ունեն հոսքեր, բնական էր, որ գումարի խնդիր էին ունենալու: Ուսուցիչներին ո՞նց կարող են ստիպել՝ չեմ պատկերացնում, ախր ուսուցիչն այնքա՜ն գրագետ, խելոք մարդ է, ստիպելով չես կարող նման բան անել»:
Նախարարությունից նաեւ մեզ տեղեկացրին, որ հիմա ավագ դպրոցի համար բացված խմբակները միավորել են, ինչի արդյունքում խնայել են ռեսուրսներ: Այնպես որ, ուսուցիչների աշխատավարձը պետք է վճարվի այնքան, որքան նախկինում էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել