Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մխիթար Պապոյանի նախագահությամբ շարունակվեց ԱԱԾ նախկին քննիչ Վլադիմիր Կոթոլյանի գործով նոր դատաքննությունը: Քննիչը դատապարտվել է ազատազրկման՝ 4000 դոլար կաշառք ստանալու համար: Վերաքննիչ դատարանը, սակայն, գործը ուղարկեց նոր քննության, քանի որ 9 տարվա ազատազրկման դատապարտված Հովհաննես Գեւորգյանը մեկուսարանից նամակ էր ուղարկել դատարան եւ տարբեր ատյաններ, պնդելով, որ ինքը քննիչին կաշառք չի տվել:
Երեկ ազատազրկված քննիչի հետ դատարան բերվեց Հովհաննես Գեւորգյանը, որն ասաց, թե տեղյակ է այդ դիմումից՝ իր աչքի առաջ են գրել այն:
Նա ասաց, որ Իրանից Հայաստան վերադառնալիս «Զվարթնոց» օդանավակայանում բռնվել է թմրանյութի համար եւ տարվել է ԱԱԾ: Մի քանի օր հետո իմացել է, որ իր քննիչը Կոթոլյանն է: Գործի դրական ավարտի համար վկան ասաց, որ երկու անգամ 2000-ական դոլար գումար է տվել քննիչին, մեկը 2009թ. հուլիսին՝ ԱԱԾ-ի շենքից ներքեւ, մեկն էլ օգոստոսին՝ «Մամա Միա» սրճարանում:
Ասաց, որ այդ ցուցմունքները ճիշտ են եւ պնդեց դրանք:
Կոթոլյանի պաշտպանները խնդրեցին 3 օր ժամանակ՝ հարցերին նախապատրաստվելու համար, գտնելով, որ վկայի ցուցմունքները հակասական էին եւ տարբեր ատյաններում մեղադրողի նույն հարցերին նա տվել է տարբեր պատասխաններ:
Մեղադրողը եւ դատավորը «անարգանքի սյունին» գամեցին 2 պաշտպաններին, գտնելով, որ պահանջը ողջամիտ չէ: Պաշտպան Վաղինակ Գեւորգյանը գնաց զիջման. լավ, կես ժամ տվեք, իսկ Կոթոլյանը պահանջեց 1 օր: Հիմա էլ ողջամիտ չհամարվեց այդ 1 օրվա պահանջը, եւ դատարանը հայտարարեց ընդմիջում: