Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչը հերքենք

Հոկտեմբեր 14,2011 00:00

Երբ դատարանում թերթը ներկայացված չի եղել

Հոկտեմբերի 2-ին «Առավոտի» էլեկտրոնային փոստով ստացվել է «Դատարանը պարտավորեցնում է հերքել» խորագրով մի տեքստ՝ Երեւանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի նախկին ուսուցիչներ Լիլիա Մարգարյանի, Մարգարիտ Իսպիրյանի, Լիանա Սիմոնյանի ներկայացուցիչ Մարգար Մախսուդյանի ստորագրությամբ:
Հոկտեմբերի 10-ին ստացել ենք նույն ներկայացուցչի նամակը, որով նա տեղեկացնում է, թե այս տարվա փետրվարի 10-ին օրինական ուժի մեջ է մտել դատարանի մի վճիռ, որով պարտավորեցվում է թերթին տպագրել հերքում:
Թերթն իսկապես անակնկալի եկավ, երբ ներկայացուցչին խնդրեց բերել դատարանի վճիռը:
Պարզվեց, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այս տարվա փետրվարին քննության է դրվել ուսուցիչների եւ տնօրենի պատվի, արժանապատվության հետ կապված վեճը: Դատաքննության ժամանակ «շոշափվել» են լրատվամիջոցների անուններ, այդ թվում եւ «Առավոտինը», որը դատավարության կողմ չի էլ եղել:
«Առավոտի» եւ այլ լրատվամիջոցների անունները երեւում է միայն վճռի եզրափակիչ մասում, ուր դատարանը «պարտավորեցնում է հերքել»: Սակայն ի՞նչը, ինչո՞ւ, ի՞նչ ժամանակահատվածում, ի՞նչ ծավալով, ԶԼՄ գործող օրենքի ո՞ր հոդվածի համաձայն՝ վճռում չի երեւում:
«Առավոտը» ուսուցիչ-տնօրեն բողոքներին անդրադարձել է 11.12.2009թ.՝ «Ուսուցիչների նամակը», 15.12. 2009թ.՝ «Մինչեւ ե՞րբ», 19.02.2010թ.՝ «Բանը հասավ դիվանբաշուն» հոդվածներով:
Դատարանի վճռից, որը, ի դեպ, անփոփոխ է մնացել վերաքննիչ եւ վճռաբեկ դատարաններում, եւ գործը գտնվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, պարզ չէ, թե վերոնշյալ հոդվածներից ո՞րն է վիճարկվել, առհասարակ վիճարկվե՞լ է, կողմերը ի՞նչ դիրքորոշում են ունեցել, ո՞ր հրապարակումն է, որը պիտի հերքվի, դատարանը 3 հրապարակումներից որի՞ համար է «պարտավորագիր» տվել: Առհասարակ ի՞նչ է տեղի ունեցել փետրվարին եւ ինչո՞ւ թերթին հիշեցին հոկտեմբերին:
Ուսուցիչների ներկայացուցիչը, որը տվյալ գործով շահագրգիռ կողմերից մեկն է, «Առավոտին» առաջարկել է տեքստ՝ պարտադիր իր մեկնաբանություններով. «Խնդրում եմ տեքստը տպագրել ամբողջությամբ, հակառակ պարագայում այն կարող է իմաստազրկվել»:
Բայց ինչո՞ւ թերթի էջ տրամադրելու հաշվին:
Մարգար Մախսուդյանն իր նամակում վկայակոչում է ՀՀ սահմանադրության 27 հոդվածը, ըստ որի՝ յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Միեւնույն ժամանակ, «հիշեցնում» է, որ լրատվամիջոցների ազատությունը երաշխավորվում է:
Մի դեպքում հավելում է, թե իր «հերքման տեքստը» մեկնաբանություններով «Լրագիրը» տպագրել է, մոռանալով, որ գործ ունի մեկ այլ լրատվամիջոցի հետ, եւ ցանկացած լրատվամիջոց ունի իր կանոնադրությունը, իր վարքագծի կանոնները, որ մեկը տպագիր մամուլ է, մյուսը՝ էլեկտրոնային: Այսպես շարունակ:
«Հերքման» տեքստի մեր մերժումը դրանով էլ չավարտվեց:
Խմբագրություն եկած եւ ուսուցիչ ներկայացած մեկը հեռախոսով կապվեց դատական ակտերի հարկադիր կատարողի հետ, եւ հեռախոսը փոխանցեց ինձ: Չտեսնելով հեռախոսի այն կողմում գտնվողին, այնուամենայնիվ, ակնարկեցի կատարողական վարույթ հարուցելու եւ կատարողական թերթիկի գոյության մասին: Մի բան, որից իրազեկ չէր խմբագրություն այցելած տիկինը:
ԴԱՀԿ-ականը, չլսելու տալով ասվածը, ասաց, որ հերքումը տպագրենք, որպեսզի ուսուցիչները «ավելորդ տուգանքների» տակ չընկնեն: Իսկ թե ի՞նչ տուգանքների մասին էր խոսքը եւ ինչո՞ւ դարձյալ թերթի հաշվին՝ պարզ չէր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել