Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԲԻԶՆԵՍ Է ԽԼՈ՞ՒՄ

Հոկտեմբեր 14,2011 00:00

\"\"Ուղեւորափոխադրումներով զբաղվող «Գալակտիկա Տրանս Սերվիս»  ընկերությունում պնդում են, որ՝ այո, եւ հավելում, որ պատգամավորի որդին,
որ աշխատում է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունում, ծեծել է իրենց վարորդներից մեկին:

Երեկ տեղեկացրել ենք, որ հոկտեմբերի 11-ի երեկոյան երիտասարդների մի խումբ Արմավիրի մարզկենտրոն Արմավիր քաղաքում փակել է Երեւան-Արմավիր-Երեւան թիվ 207 երթուղին սպասարկող միկրոավտոբուսների ճանապարհը, ուղեւորների աչքի առաջ մեքենաներից դուրս հանել վարորդներին ու պահանջել դադարեցնել աշխատանքը, վարորդներից մեկին ծեծել են, մեքենայի բանալիները ձեռքից խլել եւ սպառնացել՝ «եթե շարունակի քշել՝ վատ կլինի»: Ծեծված վարորդը դեպքի մասին հայտարարություն է տվել ոստիկանության Արմավիրի բաժին:
«Գալակտիկա Տրանս Սերվիս» ՍՊԸ հիմնադիր Շուշանիկ Խաչատրյանը ասաց, որ ուղեւորափոխադրումները խափանած եւ վարորդին ծեծած երիտասարդները հանրապետական պատգամավոր Նահապետ Գեւորգյանի (արմավիրցիներին հայտնի է Նավո անունով) ազգականներն են եղել եւ տղան, ով աշխատում է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունում: Անհնար է զուգահեռ չանցկացնելը: 2010 թվականի դեկտեմբերի 8-ի երեկոյան Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը հրաժարականի դիմում ներկայացրեց, քանի որ դրանից օրեր առաջ ծեծել էր Հայաստանի նախագահի աշխատակազմի արարողակարգի բաժնի աշխատակից Արամ Կանդայանին, եւ դեպքը աննկատ չէր մնացել: Այն ժամանակ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը ասել էր. «Հայաստանի նախագահը բազմիցս արտահայտել է իր հստակ դիրքորոշումը նմանօրինակ արարքների վերաբերյալ: Այդպիսի վարքագիծն անընդունելի է եւ անհանդուրժելի: Իսկ պետական պաշտոնյայի դեպքում՝ առավել եւս»: Հիմա ծեծել են ոչ թե նախագահականի աշխատակցին, այլ նախագահականի աշխատակիցն է մարդ ծեծել: Եթե Սերժ Սարգսյանը այս հարցում վերջին մեկ տարում չի մտափոխվել, ուրեմն նախագահականում պետք է որ հրաժարական լինի:
Արմավիրի մարզկենտրոնից եւ տարբեր գյուղերից մայրաքաղաք ուղեւորափոխադրումներն իրականացնում են լիցենզավորված երկու՝ «Գալակտիկա Տրանս Սերվիս» եւ Նահապետ Գեւորգյանի «Արտակ եւ Քաջիկ եղբայրներ» ընկերությունները: Երկու ընկերությունները սպասարկում են նաեւ Արագածոտնի մարզից դեպի Երեւան մի շարք գծեր: «Գալակտիկա Տրանս Սերվիս» ընկերությունը նաեւ Արարատ-Երեւան-Արարատ, Արտաշատ-Երեւան-Արտաշատ գծերն է սպասարկում: «Գալակտիկա Տրանս Սերվիսը» սպասարկում է 9 երթուղի, «Արտակ եւ Քաջիկ եղբայրներ» ընկերությունը՝ 11: Ուշագրավ է, որ Երեւան-Ոսկեվազ-Երեւան եւ Երեւան-Փարպի-Երեւան երթուղիներում աշխատում են երկու ընկերություններն էլ. «Գալակտիկա Տրանս Սերվիսը»՝ ավտոբուսներով, 350, 400 դրամ ուղեվարձերով, «Արտակ եւ Քաջիկ եղբայրները»՝ միկրոավտոբուսներով, 250, 300 դրամ ուղեվարձերով:
Մրցակցող ընկերությունների միջեւ այսօրվա «հակամարտությունը», պարզվում է, երեք ամիս առաջ է ծագել: Երեք ամիս է, ինչ ԱԺ պատգամավոր Նահապետ Գեւորգյանի ընտանիքին պատկանող «Արտակ եւ Քաջիկ եղբայրներ» ՍՊԸ-ի տերերը կամ տերերի անունից ուրիշ մարդիկ արգելում են Երեւան-Արմավիր-Երեւան երթուղին սպասարկող «Գալակտիկա Տրանս Սերվիսի» մեքենաներին, սպառնում վարորդներին՝ պահանջելով երթուղի դուրս չգալ: Ըստ «Գալակտիկա Տրանս Սերվիսի» տնօրեն Հարություն Պետրոսյանի՝ պատգամավորի մարդիկ պատգամավորի հայրենի Հոկտեմբեր գյուղում բնակվող Իշխան անունով վարորդին նույնիսկ ամոթանք են տվել, թե մեր գյուղացին լինելով՝ գնացել իրենց մո՞տ ես աշխատում:
«Հայավտոկայարան» միավորման Արմավիրի ավտոկայարանի պետ Լաուրա Մկրտչյանին զարմացրեց խնդիրը պատգամավորի անվան հետ կապելը: «Եթե ինքը (նկատի ունի Շուշանիկ Խաչատրյանին- Մ.Ա.) պատգամավորի հետ հարցեր ունի, թող գնա՝ պարզի, մեզ թող չխառնի իր գործերին: Մենք ընդամենը մեր աշխատանքն ենք անում, իսկ Շուշանը խանգարում է: Առավոտյան 7.30-ին եկել եմ, որ մեքենաները դուրս բերեմ երթուղի, տեսնեմ՝ «Գալակտիկա Տրանս Սերվիսի» մեքենայի փոխարեն ուրիշն է կանգնած՝ «պասաժիրը» մեջը: «Պասաժիրին» իջացրի, մեքենան գծից հանեցի: Իսկ դրա հետեւը կանգնածին, որ երթուղու օրինական մեքենաներից էր, դուրս բերեցի գիծ: Եթե երթուղին չվացուցակով եմ աշխատացնում, որեւէ մեկին խանգարո՞ւմ եմ»,- ասաց Լարիսա Մկրտչյանը: Վերջինս պնդում էր, որ Երեւան-Արմավիր-Երեւան երթուղու աշխատանքները խոչընդոտողը «Գալակտիկա Տրանս Սերվիսի» ղեկավարությունն է, որի ապօրինի չվերթները ավտոկայարանի ղեկավարությունը բացահայտում եւ կանխում է: «23 մեքենա ունեն, 53-ի փոխարեն օրական 93 երթ են կատարում: Մենք էլ հարցը բերել ենք օրինական դաշտ: Ասում ենք՝ ամենքին երեք երթ է հատկացված, ինչի՞ եք 6-7 երթ անում»,- իր հերթին բողոքում էր ավտոկայարանի պետը:
Հակադարձելով նրա դիտարկումներին, «Գալակտիկա Տրանս Սերվիս» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Շուշանիկ Խաչատրյանն ասաց՝ ավտոկայարանի տնօրինությունը թող աշխատի ոչ թե 2005, այլ 2011 թվի չվացուցակով: «Երթուղիների մրցույթում շահած ընկերությունները պարտավոր են ուղեւորներին սպասարկել ըստ պահանջի: Եթե ուղեւորների հոսքը շատ է՝ պարտադիր պետք է մեքենաներ ավելացնեն, ինչը մենք արել ենք: Կարող է ուղեւորների էնպիսի կուտակում առաջանա, որ պահանջվի մեկ րոպեում երեք մեքենա գիծ հանել: Դրա համար դիսպետչերը չվերթի կողքը համապատասխան գրանցում է անում»: «Գալակտիկա Տրանս Սերվիսի» եւ «Արտակ եւ Քաջիկ եղբայրների» միջեւ լարվածությունը առաջինի ներկայացուցիչ Շուշանիկ Խաչատրյանը պայմանավորեց պատգամավոր Նահապետ Գեւորգյանի անձով. «Նավոն ուզում է գիծը ձեռիցս խլի, ես չեմ թողում: Ինքն էլ գիծ ունի, որ գյուղերն է սպասարկում: Իր մեքենաները կիսադատարկ են գիծ դուրս գալիս, ինքն էլ ուզում է իմ ուղեւորով իր ավտոները աշխատացնի: Եթե ես գնամ իր մի գիծը վերցնեմ՝ աշխատացնեմ, կթողի՞… Բա ես ինչի՞ պիտի թողեմ»:
Շուշանիկ Խաչատրյանի ասելով՝ գիծն իրենից խլելու համար պատգամավորն ամեն ինչ անում է: Ըստ Շուշանիկի, ավտոկայարանը ոստիկանների հսկողության տակ պահելը եւս պատգամավորի նախաձեռնությամբ է. «փողով ու ոստիկաններով է ուզում գիծը խլի»: Հարցին, թե ոստիկանների ներկայությունը արդյո՞ք վարորդների անվտանգությունն ապահովելու համար չէ, զարմացրեց ու զայրացրեց վարորդներին: «Չգիտենք էլ, թե ով ա ոստիկաններին հրավիրել, կարո՞ղ ա Լաուրան ա հրավիրել: Եվ հետո, ո՞վ ա ասել, թե մենք անվտանգության խնդիր ունենք: Ընդհակառակը, ոստիկանները մեզ խանգարում են աշխատել. դիսպետչերին չեն թողնում աշխատի, մեքենաներն իրենք են երթուղի հանում»,- ասացին վարորդները: Իսկ Շուշանիկ Խաչատրյանն ավելացրեց՝ ոստիկանները քաոսային իրավիճակ են ստեղծել եւ թույլ չեն տալիս երթուղին սպասարկելու իրավունքը մրցույթով շահածը աշխատի:
Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության պետ Ալբերտ Սողոմոնյանը զերծ մնաց որեւէ մեկնաբանությունից: Ասաց՝ մինչեւ չպարզի վեճի իրական պատճառը՝ որեւէ բան ասել չի կարող: Իսկ վեճը, ինչպես ասվեց, ամիսների պատմություն ունի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել