Հոկտեմբերի 14-18-ը Երեւանում կմեկնարկի Հարավային Կովկասում միակ բնապահպանական միջազգային փառատոնը՝ «Արեւորդին»: Կսկսվի կենդանիների դիմակահանդես-շքերթով: Լինելու է ավելի քան 500 մասնակից՝ հիմնականում պատանիներ Երեւանից եւ մարզերի տարբեր կրթօջախներից: Այդ մասին երեկ կազմակերպիչները պատմեցին լրագրողներին: «Արեւորդի» բնապահպանական փառատոնի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը հավաստում է, որ այս տարի «Արեւորդին» կրկին Հայաստանը կդարձնի բնապահպանական խնդիրների լուրջ բանավեճեր ծավալող միջազգային հարթակ: Այն կներկայացնի ոչ միայն բնապահպանական ֆիլմերի լավագույն ընտրանի աշխարհի շուրջ 30 երկրներից, այլեւ կներկայանա բնապահպանական ակցիաների, միջոցառումների, նախաձեռնությունների, ծրագրերի ամբողջությամբ: «Փորձ ենք արել ընդգրկել հասարակության բոլոր շերտերին՝ երեխաներ, մասնագետներ՝ թե տարածաշրջանից, թե միջազգային հասարակական կազմակերպություններից»,- ասում է Ռուբեն Խաչատրյանը:
«Այսօր աղտոտված բնությունը վաղը վրեժ է լուծելու մեր երեխաներից» նախադասությունը գրված է եղել «Արեւորդի» փառատոնի շրջանակներում օգտագործված ցուցապաստառներից մեկի վրա:
«ՎիվաՍԵլ-ՄՏՍ»-ը փառատոնի հովանավորն է: Ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նկատելով ցուցապաստառը՝ ասաց. «Սա իսկապես շատ կարեւոր պատգամ է: Մենք միշտ պետք է աշխատենք ու ձգտենք մեր բնությունը պահել մաքուր, պետք է գիտակցենք. ինչ անում ենք՝ փոխանցվելու է մեր երեխաների ապագային: Հետեւաբար շատ կարեւոր է, որ մեր բնությունը մաքուր պահենք, մտածելակերպի մեջ ունենանք բնապահպանության մոտեցում… Ցանկանում եմ ուժով եւ եռանդով գնաք առաջ, դժվարություններ, մարտահրավերներ լինելու են, բայց մենք հավատում ենք այդ գաղափարին, արդեն ժամանակն է, որ մեր, հասարակության գիտակցական մակարդակը բնապահպանական խնդիրների մասին բարձրանա եւ զարգանա»:
Փառատոնի կազմակերպիչները նշում են, որ իրենց գլխավոր առաքելություններից է վայրի բնության պահպանումը: Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ծրագրերի տնօրեն Բարբարա Զիբերթը կարեւորեց քաղաքացիական հասարակության դերը բնության պահպանման հարցում. «Հայաստանի վիճակն այնպիսին է, որ երեւի իմաստ չունի նստել-սպասել, թե պետությունն ինչ կանի: Քաղաքացիական հասարակությունը եւ մենք պետք է ինչ-որ բան նախաձեռնենք: Փառատոնի շնորհիվ կփորձենք հասկանալ, թե ինչպես կարելի է Հայաստանի բնական հարստությունը պահպանել»: