Լրահոս
Օրվա լրահոսը

Շաբոյանը էլի տեսություն ներկայացրեց

Հոկտեմբեր 14,2011 00:00

Ձվի, ձեթի, կարագի, սուրճի բարձր գները մտահոգում են բոլորին, բացի Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովից: Թե գների ի՞նչ նոր բարձրացումներ են սպասվում առաջիկայում շարքային սպառողին, երեկ կառավարության նիստի ժամանակ հետաքրքրվեց վարչապետ Տիգրան Սարգսյանը: Վարչապետի բարձրացրած այս կոնկրետ հարցին, սակայն, Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն այդպես էլ կոնկրետ որեւէ պատասխան չտվեց: «Ձեր թվարկած բոլոր ապրանքների շուկաներն էլ ուսումնասիրել ենք ու խնդիրներ արձանագրել, մի մասի գծով պատասխանատվության միջոցներ ենք արդեն կիրառել: Շուկաները մեր հսկողության տակ են»,- ասաց պարոն Շաբոյանը: Նա, ինչպես միշտ, գերիշխող դիրքը չարաշահող տնտեսվարողների մասին խոսելիս մեջբերեց վիճակագրության տեսությունը ու մեկ առ մեկ թվարկեց, թե օրենսդրական բարեփոխումների արդյունքում ինչքան են տուգանել ու մինչեւ տարեվերջ պետբյուջե ինչքան գումար են ուղարկելու: Այն, որ հանձնաժողովի պայքարը շարքային քաղաքացիներն իրենց մաշկի վրա այնքան էլ չեն զգում, այդ մասին վկայում են նաեւ շաքարավազի վերջին թանկացումները: Սա պարոն Շաբոյանը բացատրեց ինվոյսային արժեքի բարձրացմամբ. «Ինվոյսը ապրանքի ձեռքբերման փաստաթուղթն է, որի վրա նշված գինն է հենց հիմք համարվում մաքսազերծման համար»: Նա նաեւ վստահեցրեց, որ ինվոյսային արժեքը ներկայումս համապատասխանում է միջազգային գներին: Ա. Շաբոյանն անդրադարձավ նաեւ «Զվարթնոց» օդանավակայանի նոր տերմինալի տարածքում կայանելու իրավունք ստացած 2 տաքսի ծառայությունների մասին «Առավոտի» հրապարակմանը եւ խոստացավ առաջիկայում ուսումնասիրել ու պարզել, թե կա՞ն այստեղ հակամրցակցային խնդիրներ:
Բագրատաշեն-Այրում ճանապարհին տեղի ունեցած սողանքին, արդեն 2-րդ շաբաթն է, որ  կառավարությունն այդպես էլ չի անդրադառնում: Սողանքի հետեւանքով մահացած քաղաքացիներին սոցիալական օգնության տրամադրման հարցը այդպես էլ ոչ մի նախարարություն չբարձրացրեց: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ տուժած ընտանիքներին սոցիալական օգնություն տրամադրելու հարցը իրենց նախարարության կարգավորման դաշտում չէ: Նրա խոսքերով, սոցիալական օգնություն իրենց նախարարությունը տրամադրում է միայն այն դեպքերում, երբ դժբախտ պատահարը տեղի է ունեցել աշխատանքի վայրում. «Կոնկրետ այս դեպքում կառավարությունը պետք է որոշում կայացնի, իսկ թե որ գերատեսչությունը պետք է լինի նախաձեռնող, այս պահին դժվարանում եմ պատասխանել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել