Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՐԿՈՒՏԸ ԾԵԾԱԾ ՏԵՂՆ Է ԾԵԾՈՒՄ

Հոկտեմբեր 14,2011 00:00

Սողանքի պատճառով մահացածների հարազատները եւ հոգեկան,  եւ սոցիալական ծանր վիճակում են, իսկ օգնություն՝ չկա:

\"\"
Մեխակ Սորսումատյանը՝ կնոջ եւ երեխաների հետ:

\"\"
Արմեն Սորսումատյանի ընտանիքը:

Տավուշի եւ Լոռու մարզերի Ալավերդի-Բագրատաշեն մայրուղում տեղի ունեցած սողանքի պատճառով մահացած Սորսումատյան եղբայրների ընտանիքները դեռ ուշքի չեն գալիս: Չնայած դեպքից 10 օր անցել է ու մահացածներն արդեն թաղված են, բայց հարազատները չեն կարողանում հավատալ կատարվածին: Արմեն Սորսումատյանի կինը՝ Նաիրան, արցունքն աչքերին անընդհատ ասում էր. «Մենք սրան չէինք արժանի, արդար քրտինքով ապրող մարդիկ էինք»: Նա ընդամենը 32 տարեկան է եւ չի պատկերացնում, թե իր հետագա կյանքն ինչպես է ապրելու առանց ամուսնու: «Մենք շատ կապված էինք, ես առանց նրա տնից դուրս եկած չկայի, թաղման օրը արդեն չէի կարողանում քայլել, առանց իրեն չէի կարողանում: Հիմա ո՞նց ենք անելու, ինչպե՞ս եմ պահելու 3 երեխաներիս: Մեր տան գումար աշխատողներն իրենք էին՝ եղբայրներով: Թաղման օրն էլ մեր ամուսնության տարեդարձն էր»,- նեղսրտած ասում է նա:
Մեխակ Սորսումատյանի կինն էլ՝ Մանուշակը, չէր կարողանում արցունքները զսպել, ամեն տուն մտնողի ու ցավակցողի հետ հեկեկալով լաց էր լինում: Պատմեց, որ ամուսինը եւ տեգրը 30 րոպեում են որոշել ու դուրս եկել ճանապարհ. «Սկեսրայրս Ալավերդիում էր, գնում էին նրան բերեին տուն: Ճանապարհին որոշում են նաեւ մտնել Բագրատաշեն, որպեսզի մորաքույրներին էլ տեսնեն, բավական ժամանակ չէին տեսնվել: Մորաքույրներին տեսնում են, դուրս գալիս ու մնում են հողաշերտի տակ»: Մինչեւ նրանց դիակների գտնելը, Մանուշակը հույս է ունեցել, որ նրանք կենդանի են. «Մենք ասում էինք, որ պետք է համապատասխան տեխնիկա բերեին ու լավ աշխատեին, որ ժամանակին հանեին, որ նրանք չխեղդվեին, բայց 2-ն էլ մահացել էին. Մեխակը՝ ջարդվածքներով, Արմենը՝ խեղդվել էր»:
Նա 7 երեխա ունի, որոնցից 5-ն անչափահաս են. «Տան անդամներից ոչ մեկը չի աշխատում, եղբայրներով էին մասնավոր գործ անում՝ մեքենաների վրա, մի 2 կոպեկ վաստակում, որ ապրեինք: Մեքենան էլ նոր էին գնել, հին մեքենա էր»: Նա պետությունից միայն 46 հազար դրամ է ստանում՝ որպես բազմազավակ ու սոցիալապես անապահով, իսկ այդքան գումարով ամսվա մեջ ամեն օր հաց հնարավոր չէ գնել այդքան բազմանդամ ընտանիքի համար:
Մանուշակն ու Նաիրան, ինչպես նաեւ նրանց մյուս տեգրոջ ընտանիքը, բոլորով ապրում են Սարկավագի 67 տանը, որն ընդամենը 3 սենյակ ունի, կիսաքանդ է, խոնավ, ինչի պատճառով տանը առնետներ են լինում: Մի քանի տարի առաջ առնետը վնասել էր երեխաներից երկուսին՝ քնած ժամանակ կրծելով նրանց գլխամաշկը: Տան մի սենյակում, որը ծառայում է որպես ննջասենյակ, այնքան անկողին կա, որ այդտեղ տեղաշարժվելն է անհնարին: Պատուհաններն էլ միայն տան դիմացի մասից են, հետեւի 2 սենյակում արեւի լույս չի ընկնում:
Ընտանիքները 8 տարվա ընթացքում բազմիցս դիմել են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարությանը, ինչպես նաեւ Երեւանի քաղաքապետարան՝ բնակարան ստանալու ակնկալիքով, բայց ամեն անգամ մերժվել են՝ ընդգրկվելով բնակարանային պայմանների բարելավման ցուցակում: Մանուշակի խոսքերով, իրենց անունով սեփականություն էլ չունեն. «Այս տունն էլ սկեսրայրինս է, մերը չէ: Այստեղ անգամ փողոցն է քանդվում, մեր տունն էլ հետը»:
Բնական աղետից տուժած ընտանիքների համար, ինչքան էլ զարմանալի է, պետական ոչ մի աջակցության ծրագիր չկա: Այս բազմանդամ ընտանիքներին ոչ մի տեսակի փոխատուցում չեն հատկացնելու: Սոցիալապես ծանր վիճակում գտնվող այս մարդկանց անգամ «Ռոսգոստրախ» ընկերությունը փոխհատուցում չի տալու ապահովագրված մեքենայի համար՝ պատճառաբանելով, որ պայմանագիրը ԱՊՊԱ էր, ոչ թե մեքենան էր ապահովագրված: Նաիրայի ներկայացմամբ. «Բոլոր փաստաթղթերը մեքենայի մեջ էին, տանը կան պատճենները, բայց ով սիրտ ունի հիմա նայի դրանք: Ինչքան գիտեմ, պայմանագրում նշված պետք է լինի նաեւ այդ կետը, որ մեքենայի վնասվելու դեպքում փոխհատուցում պետք է տրվի, բայց մեզ ասացին, որ չեն տալու»:
Այսքան ժամանակ ոչ մի պաշտոնյա նրանց անգամ ցավակցական նամակ չի ուղարկել: Նրանց այցելել է միայն «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը, նրա կուսակցությունն էլ ցավակցական հեռագիր է ուղարկել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել