Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է «ՋՐԻ ՄԱՐԴԸ»

Հոկտեմբեր 14,2011 00:00

«Առավոտի» տեղեկություններով, երեկ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր է տեղափոխվել Արկադի Թորոսյանը: Մեզ հայտնի դարձավ, որ հոկտեմբերի 12-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն է դիմել Կոտայքի մարզի Նոր Հաճըն քաղաքում գործող «Սապֆիր» ԲԲԸ տնօրեն Բաբկեն Պետրոսյանը: Տնօրենը ոստիկաններին հայտնել է, որ Նոր Հաճընի քաղաքապետարանի «Հաճըն Ջուր» համայնքային ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն Արկադի Թորոսյանը իրեն առաջարկել է, որ կարող է «Սապֆիր» ԲԲԸ-ի ջրի պարտքը, որը մոտ 1 մլն 800 հազար դրամ է, զրոյացնել: Այնուհետեւ դրա դիմաց առաջարկել է 300 հազար դրամ մուծել պետության գանձարան՝ պետբյուջե, իսկ 700 հազար դրամ, որպես կաշառք, թողնել իրեն: Իսկ պարտքի մնացած 800 հազարն էլ տնօրենը ջրում է: Երեկ 700 հազար դրամը «Սապֆիր» ԲԲԸ գլխավոր էներգետիկ Օնիկ Սարգսյանը որպես կաշառք փոխանցել է Արկադի Թորոսյանին: Կաշառքը ստանալու պահին վերջինս բռնվել է: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրօրի 311 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով: Վաղը քննչական մարմինը դիմելու է դատարան, որպեսզի ընտրվի կասկածյալ կաշառակերի խափանման միջոցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել