«Մոնղոլ-թաթարներ, տականքներ՝ եկեք բանակցենք. ես այդ տրամաբանությունը չեմ հասկանում»,- երեկ մամուլի ասուլիսում պատասխանելով «Առավոտի» հարցին՝ ինչպե՞ս է գնահատում Հայ ազգային կոնգրեսի վերջին ակցիաները, ո՞ւմ եւ ի՞նչ տվեցին դրանք, ասաց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:
«Ժամանակն է եկել վերջապես որոշում կայացնել՝ մոնղոլ-թաթարնե՞ր, տականքնե՞ր, թե՞ բանակցություններ»,- կարծում է Արամ Կարապետյանը՝ չնայած, որ ինքը, որպես ընդդիմադիր քաղաքացի, միշտ մասնակցել ու մասնակցելու է ՀԱԿ հանրահավաքներին: «Անլրջության աստիճանը շատ մեծ է դարձել քաղաքական դաշտում»,- ՀԱԿ-ի գործունեությունը հիմնականում այդ եւ պոպուլիզմի համատեքստում դիտարկելով՝ նա նաեւ նկատում է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն այն քիչ քաղաքական գործիչներից է, ովքեր ինֆորմացիա են ստանում եւ դա վերլուծելու կարողություն ունեն, հետեւաբար չի բացառում, որ արտաքուստ անտրամաբանական թվացող մեկշաբաթյա նստացույցը կարող է լուրջ եւ հեռահար ծրագրերի մի մաս լինել, մանավանդ որ՝ այդ ընթացքում Հայաստան եկավ Ֆրանսիայի նախագահը, եւ աշխարհաքաղաքական մի շարք իրադարձություններ տեղի ունեցան:
Քաղաքական դաշտի անլրջության համատեքստում բանախոսն անդրադարձավ նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձին. «Շատ հաճախ ասում են, որ Ռոբերտ Քոչարյանը չպիտի մնա երիտասարդ թոշակառու. թող չմնա, թող հանրօգուտ աշխատանքով զբաղվի, ո՞վ է իրեն արգելել դա: Ինչի՞ անպայման մարդը երիտասարդ թոշակառու պիտի չլինի հատկապես նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի պաշտոնում: Ես, օրինակ, կհամարեի, որ Ռոբերտ Քոչարյանը հրաշալի, ոչ երիտասարդ թոշակառու կլիներ, եթե լիներ Ղարաբաղի նախագահ: Ունի հրաշալի կապեր, ունի հրաշալի հնարավորություններ, Ղարաբաղն արդեն իսկ նրա նախագահության օրոք չի կարողանա չվերադառնալ բանակցությունների դաշտ»: Կամ՝ «Ռուսաստանին հանձնած գործարանները, որոնք մինչ այսօր գործարկված չեն, երիտասարդ թոշակառուն թող որպես ոչ թոշակառու վերցնի ու գործարկի, առավել եւս, ինչքան որ մենք ենք լսել, փող էլ, հնարավորություններ էլ, կապեր էլ ունի, Վլադիմիր Պուտինի մոտ էլ գնում ու գալիս է»: