Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ անկախության 20-ամյակի առիթով

Հոկտեմբեր 14,2011 00:00

Մի չգրված հոդվածի պատմություն

1995-ի վերջերը կամ 96-ի սկզբներն էին, արդեն լավ չեմ հիշում, մի օր ինձ իր մոտ կանչեց իմ առաջին խմբագիրը՝ լուսահոգի Հենրիկ Աբրահամյանը, եւ մի հանձնարարություն տվեց: Նա խմբագրում էր «Հայաստան» վերանվանված «Սովետական Հայաստան» թերթը: Ընդհանրապես, Հենրիկ Աբրահամյանը շատ հազվադեպ էր հանձնարարություններ տալիս, ինչն ինձ գոհացնում էր: Ու երբ իմացա, որ հանձնարարություն-հոդված պիտի գրեմ՝ սրտնեղեցի, բայց… Հանձնարարության իմաստը հետեւյալն էր՝ ես պիտի զրուցեի իմ ընկերների, համակուրսեցիների, շրջապատիս, տարեկիցներիս հետ եւ հասկանայի, թե ինչպիսի՞ն են նրանք պատկերացնում վաղվա օրվա Հայաստանը: Խմբագրիս ձեւակերպմամբ՝ պիտի գտնեի «վաղվա օրվա հեռանկարը»: Սկզբում մտածեցի, որ ինձ՝ ուսանողիս համար չափազանց լուրջ ու բարդ հանձնարարություն է, մանավանդ որ՝ ինքս էլ որեւէ կերպ չէի տեսնում «վաղվա օրվա հեռանկարը»: Շատ-շատ զրույցներ ունեցա ու մի քանի անգամ փորձեցի գրել այդ հոդվածը: Փորձեցի, բայց այդպես էլ չգրեցի: Մի տեսակ կիսատ-պռատ, մոխրագույն հոդված էր ստացվում, իսկ հոգուս խորքում ես Հայաստանի վաղվա օրն այդպիսին տեսնել չէի ցանկանում: Ընկերներիցս ոմանք Հայաստանի եւ իրենց վաղվա օրը շատ ուղիղ համեմատության մեջ տեսնում էին այսպես. ինստիտուտն ավարտենք՝ այս ընթացքում անգլերենի իմացությունը կատարելագործելով, ինչ-որ ձեւով մի եվրոպական երկրում կարողանանք տեղավորվել, նորմալ գործ ճարել ու լավ ապրել: Հետագայում շատերը հենց այդպես էլ վարվեցին ու այսօր տարբեր եվրոպական երկրներում շատ լավ ապրում են ու հեռվից հեռու ինձ էլ երեւի հեգնում, որ հրաժեշտ տալու փոխարեն՝ իրենց «դավաճան» եմ անվանել: Ոմանք նույնիսկ հեռավոր եվրոպաներից հայրենասիրական նախաձեռնություններով են հանդես գալիս, ժամանակի ընթացքում՝ մի 150 տարի անց երեւի կսկսեն «փափագիլ հանգչիլ հայրենիքում…»: Քանի որ «Հայաստան» թերթում իմ առաջին հանձնարարությունը ստանալու տարիներից արդեն երիտասարդությունը շերտավորված էր, եւ այդ շերտավորումը բավականին ակնհայտ էր՝ մետրոյի ժետոնի գումար չունեցողների եւ Հայաստանում արդեն տարածում ստացող արտասահմանյան մակնիշով մեքենաներով դասի եկողների մոտ, կար երիտասարդների մի խավ, որոնց հետ զրուցելն անգամ անիմաստ էր: Նրանց պապաները արդեն հոգացել էին եւ իրենց վաղվա օրվա հեռանկարը, ցավոք՝ նաեւ մեր ու ողջ Հայաստանի: Ինչպես կյանքն ու հետագան ցույց տվեցին, իրենց երազած ապագան, որ ամբողջանում էր մեքենաներով, «օբյեկտներով», աղջիկներով ու նաեւ պաշտոնով-բանով, մեզ պարտադրված ցավալի իրողություն էր՝ լկտի պաշտոնյաներով, ցինիկ ոստիկաններով, անազատ գոյությամբ:
Մի խոսքով, ես այդպես էլ չկատարեցի այն հանձնարարությունը եւ այդպես էլ չգրեցի այդ հոդվածը ու այս տարիների ընթացքում անընդհատ մի տեսակ մեղքի զգացում ունեի՝ այդպես էլ չգտնված վաղվա օրվա հեռանկարի համար: Հայաստանի վերանվաճած, վերագտած անկախության 20-ամյակը, այդ առիթով տեղի ունեցող ամենատարբեր ֆորմատի միջոցառումները, հնչող գնահատականները ստիպեցին վերանայել, վերագնահատել Անկախ Հայաստանի ապրած 20 տարիները եւ անկախ Հայաստանում ապրածս 20 տարիները: Ու հասկացա մի ավելի ցավալի իրողություն՝ վաղվա օրվա հեռանկարը այսօր էլ չեմ տեսնում: Տեսնես՝ կտեսնե՞մ: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել