Պատգամավորներն ու սպառողների շահերը պաշտպանողներն ասում են՝ այդ կարգն ապօրինություն է, մրցակցության անհավասար պայմանների ստեղծում
«Ժառանգության» պատգամավորները (աջից Արմեն Մարտիրոսյան) «Զվարթնոցում» էին:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի նոր տերմինալի շահագործումից ի վեր, բացի օդակայանի կողմից արտոնագրված երկու տաքսի ծառայությունների՝ «Aero» եւ «Taxi Tur», մեքենաներից, այլ տաքսիների կայանումն արգելվել է: Արդեն երկու օր է, ինչ առավելապես անհատ տաքսիստներ օդակայանում բողոքի լոկալ ակցիա են անում՝ օդակայանի ղեկավարությունից պահանջելով հավասար պայմանների ապահովում: Տաքսու վարորդները նախօրեին «Առավոտի» հետ զրույցում հայտարարել էին, թե օդակայանի հայտարարած մրցույթում հաղթած եւ լրացուցիչ արտոնագիր ստացած տաքսի ծառայությունների դիսպետչերներն իրենց արգելում են նույնիսկ մոտենալ ժամանողներին: Օդակայանի ղեկավարությունն իր հերթին պնդում է, թե այլ տաքսի ծառայությունների եւ անհատ տաքսիստների՝ ծառայություն մատուցելու իրավունքն այս նորարարությամբ չի ոտնահարվում: «Ընդամենը 60 մետրի վրա կա անվճար ավտոկանգառ, որտեղ կարող է կանգնել ցանկացած տաքսի, ինչպես նաեւ երթուղային տաքսիներ, 20 մետրի վրա ունենք վճարովի կանգառ, որտեղ մյուս տաքսիները կարող են կանգնել՝ որքան ուզում են: Ընդամենը մի գիծ է հատկացված օդակայանի տաքսիների համար, որոնց մատուցած ծառայության որակի համար պատասխանատվությունը մենք ենք կրում»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի քարտուղար Գեւորգ Աբրահամյանը: Օդակայանի պատասխանատուների մատուցմամբ, իրենք փորձում են, ի տարբերություն «գրդոնչիների», ավելի քաղաքակիրթ ծառայություն մատուցել Հայաստան եկող հյուրերին եւ քաղաքացիներին, որովհետեւ նրանցից շատերն են բողոքել Երեւան ժամանելուն պես իրենց վրա «հարձակված» տաքսիստների «էստի համեցեքից»: Այս դիտարկումն, իհարկե, ճիշտ է, առավել եւս, որ այս դեպքերում սովորաբար ուղեւորը ստիպված է որեւէ տաքսի նստելուց առաջ նախ երկար-բարակ սակարկել տաքսու վարորդի հետ իրեն նշանակության վայր հասցնելու անտրամաբանական բարձր վարձավճարի շուրջ: Բայց, պարզվում է, օդակայանի կողմից արտոնագիր ստացած տաքսի ծառայությունների սակագներն էլ «գրդոնչիների» սահմանած սակագներից պակաս թանկ չեն, բայց տարբերությունն այն է, որ եթե անհատ տաքսիստի հետ ուղեւորը կարող է սակարկել, ապա օդակայանի տաքսիների դեպքում բարձր սակագինը՝ օդակայանից մինչեւ Երեւանի կենտրոն՝ 3000-4500 դրամ, ֆիքսված է եւ տաքսիների կայանատեղիում ցուցանակի վրա էլ գրված, որոշ մեքենանրն էլ, հակառակ պնդումների, ոչ թե բենզինով, այլ գազով են աշխատում, նաեւ հաշվիչներ չունեն: Թե որքանով է սա ավելի մատչելի եւ հարմար ՀՀ ժամանողներին՝ դժվար է ասել: Բայց սպառողների շահերը պաշտպանողներն ու նաեւ «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության պատգամավորները սա չէ, որ շեշտում են: Նրանք համարում են, որ այս նախաձեռնությունը ապօրինի, հակասահմանադրական է եւ մրցակցության անհավասար պայմաններ ստեղծելու տարրեր է պարունակում:
Հասարակական կազմակերպություններն այս խնդրով արդեն դիմել են կառավարությանն ու նաեւ «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանին: Երեկ վերջինս եւ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը
«Զվարթնոց» օդակայանում հանդիպեցին հերթական բողոքի ակցիան անող անհատ տաքսիստների, նաեւ օդակայանի նախաձեռնությունը պաշտպանողների հետ:
Լ. Ալավերդյանի համոզմամբ, անհավասար հնարավորություններ են ստեղծվել թե՛ սպառողի, թե՛ ծառայություն մատուցողի համար: «Հասկանալի է՝ ծառայություն մատուցելու պայմանագիր է կնքվել երկու ձեռնարկության հետ, դա օդակայանի իրավունքն է, բայց նա իրավունք չունի սահմանափակել նմանատիպ ծառայություն մատուցող եւ կառավարության կողմից համապատասխան լիցենզիա ստացած մյուս տաքսու վարորդների իրավունքն ու հնարավորությունը: Եթե պետությունը ունի լիցենզավորման կարգ, դա նշանակում է՝ բոլոր լիցենզավորված սուբյեկտներն ունեն հավասար իրավունքներ: Մենք ավելի բան չենք ասում: Ստացվում է, որ օդակայանի այս վայրը վերածվում է մենաշնորհային գոտու, խնդիրը սա է: Այլասերվում է ընդհանրապես լիցենզիա ստանալու եւ մրցույթի գաղափարը: Երբ տաքսի ծառայությունը կամ անհատը կառավարությունից լիցենզիա է ստանում, նա պիտի հավասար իրավունք ունենա՝ անկախ տենդերում հաղթած լինել-չլինելու հանգամանքից: Եթե մրցույթում հաղթողն արտոնություն է ստանում՝ դա արդեն անհավասար պայման է»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Ալավերդյանը: Նա արձանագրեց, որ գործող օրենսդրությամբ՝ լիցենզավորված տաքսու վարորդները հավասար իրավունքներով կարող են գործունեություն ծավալել եւ ծառայություն մատուցել, ու օդակայանի ղեկավարությունն իրավունք չունի արգելել կամ սահմանափակել այլ տաքսի ծառայություններին որեւէ տարածքում ծառայություն մատուցել: Նա կարող է միայն ազդարարել, որ ինքն իր տաքսիների համար պատասխանատվություն է կրում, իսկ ընտրությունը հաճախորդինը պիտի լինի: Պատգամավորի ասելով՝ այն, ինչ անում է օդակայանի ղեկավարությունը, ապօրինություն է. «ՀՀ Սահմանադրությամբ սահմանափակումները կարող են տեղի ունենալ բացառապես օրենքով, եւ վերջ»: Ի դեպ, ՀՀ Սահմանադրության հոդված 33.1.-ն ասում է. «Յուրաքանչյուր ոք ունի օրենքով չարգելված ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք: Շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահումը եւ անբարեխիղճ մրցակցությունն արգելվում են:
Մրցակցության սահմանափակումը, մենաշնորհի հնարավոր տեսակները եւ դրանց թույլատրելի չափերը կարող են սահմանվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է հանրության շահերի պաշտպանության համար»:
Պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն էլ, դիմելով գործի պատասխանատուներին, նկատեց՝ ինչո՞վ է օդակայան ժամանող օտարերկրացին կամ հայաստանցին առավել մյուսներից, որ մտածում ենք նրանց լավ ծառայություն մատուցելու մասին, իսկ մյուսների մասին՝ ոչ:
Նա նկատեց, թե այս հարցը կանոնակարգելու խնդիր կա. «Ուրեմն՝ այդ չափանիշները բոլորի համար պիտի լինեն, կամ եթե տաքսի ծառայություններ մատուցող մեքենաները ունեն սահմանված չափանիշները, ապա նրանք պիտի հնարավորություն ունենան մատուցել իրենց ծառայություններն ազատ մրցակցության պայմաններում: Սա հասարակական վայր է եւ օդակայանի սեփականությունը չէ: Դա նույնն է, թե որեւէ խանութ կամ ռեստորան, կամ այլ օբյեկտ արգելի որեւէ տաքսի ծառայության կայանել իր օբյեկտի դիմաց՝ բացառությամբ կոնկրետ տաքսու: Իսկ այն, որ տաքսու վիճակը պետք է նորմալ եւ անվտանգ լինի՝ օրենքը դա է պահանջում է եւ կարգավորում է հենց լիցենզիա ստանալու կարգով»:
Մեզ հետ զրույցում «Քաղաքացիական դիրքորոշում» հ/կ-ի նախագահ Գեւորգ Դոստուրյանն էլ նկատեց. «Բայց արդյոք մրցույթո՞վ է որոշվում, թե տաքսի ծառայության մեքենան ազատ տեղաշարժի իրավունք ունի՞ ՀՀ տարածքում: Լիցենզավորված բոլոր մեքենաներն այդ անսահմանափակ հնարավորությունն ու իրավունքն արդեն ստացել են: Կամ եթե կա տաքսու կայանատեղի, ուրեմն որեւէ տաքսի իրավունք ունի այնտեղ կայանել»:
Ի դեպ, օդակայանի նորարարությունը ակտիվորեն պաշտպանողներից մեկն էլ զարմանալիորեն «ՀՀ տաքսի ծառայությունների գործատուների միության» (իրավաբանական անձանց միություն է) նախագահ Վահագն Սահակյանն էր: Նա հավաստիացնում էր, որ միության կողմից ոչ մի բողոքարկում չի եղել:
Դա հավասա՞ր պայմաններ է: Պատգամավոր Ալավերդյանի հարցին ի պատասխան՝ նա ասաց. «Ո՛չ, չէր լինի հավասար հնարավորություն: Ամեն տաքսի ծառայություն եւ ամեն տաքսու վարորդ չէ, որ իրավասու է երկրի դեմքը ներկայացնել օդակայանում»: «Վերջ: Սա էի ուզում լսել»,- արձանագրեց պատգամավորը՝ ի պատասխան Սահակյանի ակամա խոստովանության: Իսկ օդակայանից դուրս ամեն վարորդ կարո՞ղ է երկրի դեմք ներկայացնել. «Այո, որովհետեւ քաղաքինը ընտրովի է»,- մեր հարցին ի պատասխան՝ հայտարարեց Վ. Սահակյանը: Նա, որ, իր ասելով, օդակայանի հայտարարած մրցույթում շահած տաքսի ծառայություններից մեկում 34 տոկոս մասնաբաժին ունի, հայտարարում էր, թե այլ տաքսիներ «անբարոյական փոխադրումներ են կատարել եւ հիմա այդ հարցը փորձում են լուծել քաղաքակիրթ պայմաններ ստեղծելով»:
Ի դեպ, պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը «Առավոտին» փոխանցեց, որ պատրաստվում է նամակ գրել կապի եւ տրանսպորտի նախարարին, որպեսզի քննարկում կազմակերպվի, որտեղ բոլոր տաքսի ծառայություն մատուցողների համար օդակայանի տարածքում արհեստականորեն ստեղծված անհավասար պայմանները հաղթահարելու քայլեր կառաջարկվեն: «Եթե մտահոգությունը ուղեւորի անվտանգ եւ բարձրակարգ փոխադրումն է, ապա պետք է հնարավորություն ընձեռել այդ խնդիրը լուծել բոլորի համար: Այսինքն՝ այն մեքենաները, որոնք ունեն համապատասխան չափանիշներ եւ լիցենզիա, կարողանան անարգել ծառայություն մատուցել: Արհեստական սահմանափակումներն անընդունելի են: Մենք հենց հիմա գործ ունենք հենց այս դեպքի հետ, երբ խախտվում է ազատ մրցակցության իրավունքը»: