NEW
Ըստ ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության, ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր, Երեւանի վարչությունների եւ Էրեբունու բաժնի ծառայողները, ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով, Երեւանի Կռիլովի փողոցի թիվ 17 տան մոտից բերման են ենթարկել նախկինում 5 անգամ դատապարտված 48-ամյա Կարո Մուրադյանին`«Գարուշ» մականվամբ:
Նրա մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է 5 մլ-անոց ներարկիչ` ափիոն թմրամիջոցի լուծույթով:
Ըստ վերջինիս հայտարարության` թմրամիջոցը նույն օրը ինքը 20.000 դրամով ձեռք է բերել Ազատամարտիկների փողոցում բնակվող ոմն Տիգրանից:
Ոստիկանության ծառայողներին հաջողվել է պարզել, որ Տիգրանը նախկինում 4 անգամ դատապարտված՝ 33-ամյա Տիգրան Չավուշյանն է:
Նույն օրը, ժամը 11.50-ի սահմաններում, Տիգրան Չավուշյանը եւ եւս 5 անձ բերման են ենթարկվել:
Տ. Չավուշյանի մոտից հայտնաբերվել է մոտ 27 գրամ ափիոն թմրամիջոցին նմանվող զանգված, 20 մլ-անոց ներարկիչ` քացախաթթվի անհիդրիդին նմանվող 15 մլ հեղուկով, 2 մլ-անոց 6 ներարկիչ` յուրաքանչյուրը` 0.5 մլ նմանատիպ հեղուկով եւ էլեկտրական կշեռք:
Ըստ Տիգրան Չավուշյանի հայտարարության՝ հայտնաբերված զանգվածը ափիոն թմրամիջոց է, իսկ հեղուկը` քացախաթթվի անհիդրիդ:
Առգրավվածներն ուղարկվել են փորձաքննության:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն: