ՀՀ ԿԳՆ-ը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը եւ «ԳՐԵՖ» (Թոշակառու մանկավարժներ առանց սահմանների) կազմակերպությունը Հայաստանում ֆրանսերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման լեզվական քաղաքականության ներդրումն ու զարգացումը կարեւորելու համար որոշել է երկարացնել 2008 թվականին 3 տարի ժամկետով վավերացված եռակողմ համագործակցության պայմանագրի ժամկետը: Երեկ «ԳՐԵՖ»-ի փոխնախագահ Ալեն Օրնեզը, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը եւ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն ստորագրեցին համագործակցության նոր պայմանագիր, որի շրջանակում նախատեսվում է ֆրանսերենի ուսուցիչների եւ նախնական մասնագիտական կրթական հաստատություններում դասավանդողների մանկավարժական ուղղորդում, գնահատում, մասնագիտական ծրագրերի մշակում ու իրականացում: Համաձայնագրի նպատակն է հայկական դպրոցներում ֆրանսերեն դասավանդող ուսուցիչներին օժանդակելը:
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ֆրանսիացիներին հավաստիացրեց, որ հայկական կրթական համակարգում ֆրանսերենը 3-րդ օտար կրթական լեզուն է: Նախարարի խոսքով՝ իրենք պատրաստ եւ շահագրգռված են Հայաստանի կրթական համակարգում ֆրանսերենի դասավանդման ընդլայնման, խորացման եւ ֆրանսերենի՝ որպես հիմնական օտար լեզուներից մեկը Հայաստանում ամրապնդելու համար: