Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան թատրոնի 80-ամյակի առիթով կազմակերպված հանդիսության ժամանակ ասաց Սոս Սարգսյանը
Արդեն տեւական ժամանակ Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան թատրոնում աննախադեպ աշխուժություն էր: Ընթանում էին վերանորոգման աշխատանքներ, թատրոնի կոլեկտիվը՝ գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանի հետ, անհամբեր սպասում էր նորոգման աշխատանքների ավարտին: Առիթը 80-ամյա հոբելյանն էր, որ նշվեց օրերս: Հոբելյանի առիթով, ինչպես տեղեկացրեց Վ. Շահվերդյանը, թատրոնի ղեկավարությունը հնարավոր ամեն ինչ արել է, որ կոլեկտիվում 10 եւ ավելի տարվա վաստակ ունեցող անդամները գնահատվեն: Ինչպես յուրաքանչյուր հոբելյանի, այս անգամ էլ հրավիրյալներից ոչ ոք ձեռնունայն չէր եկել: Մշակույթի նախարարության Ոսկե մեդալներ ու պատվոգրեր շնորհվեց նախարարի անունից, ԱԺ Պատվո մեդալ ու պատվոգրեր՝ Հովիկ Աբրահամյանի: Այլ պարգեւներ էլ եղան, այնքան շատ, որ հայ բեմի մեծերից Սոս Սարգսյանը նկատեց. «Թատրոնը մի տեսակ ոսկեզօծվեց եւ ավելի ազնվացավ»: «Ի՞նչ է թատրոնը՝ ոչ ոք չգիտի, անկեղծ եմ ասում: Իմ կարճ խելքով՝ թատրոնը վերեւից հուշած մի բան է: Ուրիշ կերպ հասարակություն ձեւավորել, առանց թատրոնի, առանց մշակույթի՝ հնարավոր չէ: Մեր հաղթանակի համար կռվեց մի սերունդ, որը դաստիարակվել էր մեր ֆիլմերով, մշակույթով, Դաշտենցով… Սա պետք է չմոռանանք. թե ո՛վ է լինելու վաղվա մեր քաղաքացին, շատ կարեւոր է: Այսօր, հազար ներողություն, չունենք զարգացած իշխանություններ, քաղաքական ու մտավորական էլիտա, մեր ղեկավարները չեն հասկանում թատրոնի կարեւոր դերը, – ասաց Սոս Սարգսյանն ու շարունակեց:- Դերասանները չեն դառնում ամբողջական անձ, խառնիխուռն ժողովուրդ են, լիքը հակասություններով. շատ բաների համար ենք պատասխանատու՝ լեզվի, կարգ ու կանոնի, բարոյականության… Ես խոնարհվում եմ թատրոնի ութսուն տարվա անցած ճանապարհի առջեւ, մինչեւ գետին խոնարհվում եմ դերասանների թափած քրտինքի առջեւ»: