Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՐԵՆԱՑՈՒՑ ՄԻՆՉԵՎ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Հոկտեմբեր 13,2011 00:00

\"\"Սիրված երգիչ-երգահանը մենախոսեց կյանքից ու արվեստից

Այսօրվա սերունդը Ռուբեն Հախվերդյանին ճանաչում է որպես բազմաթիվ սիրված երգերի հեղինակի ու կատարողի: Մինչդեռ արվեստագետին ավելի մոտիկից ճանաչողները գիտեն նրան իբրեւ հիանալի ռեժիսորի: Հիշում են ժամանակին Թատերական ինստիտուտում խաղացված Եվգենի Շվարցի «Վիշապը» ներկայացման հատկապես հախվերդյանական երգերը, Հայկական հեռուստատեսության առաջին գունավոր՝ «Սատանայի ջրաղացը» ներկայացման երգերը, այլ ներկայացումների համար գրված գործերը, օրինակ՝ Պատանի հանդիսատեսի թատրոնում Շեքսպիրի «Մեծ աղմուկ ոչնչից» բեմադրության համար եւ այլն: Ափսոս, որ ժամանակի ընթացքում երգահանը հաղթեց թատերական գործչին:
 «Առավոտի» հետ զրույցում Ռ. Հախվերդյանի այս եւ այլ հարցերի պատասխաններում դոմինանտում էր խորենացիական «Ողբամ զքեզ, հայ ժողովուրդ…» ենթատեքստը: Ու թեեւ սիրո մասին չեն բարձրաձայնում, սակայն, ըստ մեր զրուցակցի, ցավոք, ինքը ստիպված է դա անել:
Հարցազրույցը ճանաչված արվեստագետի հետ վերածվեց յուրատեսակ մենախոսության, որը ներկայացնում ենք առանց խմբագրման:
– Իմ երգերում ներկա է ռեժիսորը, երգերս ունեն կադրային մտածողություն: Ունկնդիրս դա տեսնում է:
– Մենք ֆեոդալական երկրում ենք ապրում, էլ չասեմ՝ ստրկատիրական, որտեղ ամեն մի ճարպակալած օլիգարխ այնպիսի կեցվածք է ընդունում, որ շեշտվի սեփական անձի անփոխարինելի լինելը:
– Ամեն օր եկեղեցիներ ենք կառուցում, բայց իշխանավորներից ո՞ր մեկն է գնացել, օրինակ՝ Սպիտակավոր եկեղեցի: Առանց չափազանցության, ավելի հեշտ կարող ենք բարձրանալ Հիմալայան լեռներ, քան Սպիտակավոր եկեղեցի՝ Նժդեհի աճյունի մոտ:
– Մենք չենք պահպանում հայկական անունները. օտար անուններն ավելի լա՞վ են հնչում, ասենք, ֆրանսերենից՝ Սերժիկը, ռուսերենից՝ Սաշիկը…
– Մենք չենք հարգում մեր լեզուն. հաճախ իշխանավորներն այնպես են արտահայտում իրենց մտքերը, որ թարգմանչի կարիք է զգացվում:
– Մենք չենք սիրում մեր երգերը, որոնք դարձել են ռուսա-անգլո-արեւմտա-սեւամորթախառը խմորումներով հագեցած անհասկանալի, ոչինչ չասող վայնասուններ:
– Պատիվ- հարգանքն ու նման բաները դարձել են հանրագիտարանային, փոխարենը վրացիներից սովորեցինք տեղի-անտեղի համբուրվելը (նկատի ունի տղամարդկանց), ռուսներից՝ չափը կորցնելու աստիճան օղի խմելը, թուրքերից՝ քծնելը… ու էլի շատ տհաճ բաներ:
– Մեր սերունդը ո՞նց սիրի իր հայրենիքը, որ մի կարգին դասագիրք էլ չունի: Մենք չենք սիրում մեր հողը, ինչը կեղտոտում ենք ամեն քայլափոխի, թեպետ անընդհատ խոսում ենք էկոլոգիայից:
– Մենք չենք սիրում մեր մշակութային գործիչներին, որոնցից տաղանդավորներն այսօր թափառում են աշխարհով մեկ: Շնորհակալ լինենք Ազգային գրադարանին, որ հնարավորություն է ընձեռել շփվելու կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանի արվեստի հետ, ստեղծագործող, որ դրսում ճանաչված ու սպասված է, իսկ հայրենիքում՝ մոռացված: Միեւնույն ժամանակ, նույն իշխանավորները աջակցում ու հովանավորում են ինձ ու գործընկերներիս, բայց վստահ են, որ մեր ստեղծածը նաեւ իրենց երեխաների ու թոռների, ապագա սերունդների համար է:
– Գուցե մի՞շտ է այսպես եղել, վկան՝ Խորենացին՝ 5-րդ դարում, Ֆրիկը՝ 13-ում, Տերյանը՝ 20-ում… ու մեր բոլոր մեծերը՝ բոլոր ժամանակներում:
Հ. Գ. Այսօր Ազգային գրադարանում կկայանա հանդիպում կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանի հետ: Այլ արվեստագետների թվում հանդես կգա նաեւ Ռուբեն Հախվերդյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել