Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղահրապարակ

Հոկտեմբեր 13,2011 00:00

Խաղաղ օվկիանոսը փոքր կաթիլների մեծ ամբողջություն է եւ միայն

\"\"

«Բնատաճար» հասարակական նախաձեռնության անդամները մի օր որոշեցին, որ բնության հետ անմիջական հաղորդակցության միջոց բնաճանաչողական արշավներով չսահմանափակվել եւ կարիքավորների եւ սոցիալապես անապահովների համար ծրագրեր անել: Ըստ նախաձեռնության հիմնադիր եւ համընդհանուր համակարգող Ապրես Զոհրաբյանի, արշավները ե՛ւ առողջ ապրելակերպի քարոզ են, ե՛ւ պատմություն, ե՛ւ մշակույթ՝ «արշավը բազմաշերտ ու օգտակար երեւույթ է»: Բայց կան արշավի մասնակցելու հնարավորությունից զուրկ մարդիկ:
Առաջին այցը Երեւանի Նորք-Մարաշ վարչական շրջանի թիվ 2 հատուկ դպրոց էր: Նախ մտադրվել էին երեխաների համար հագուստ ձեռք բերել կամ տարատեսակ դասընթացներ կազմակերպել: Բայց փող չկար: Պարզ էր նաեւ, որ երեխաների առօրյայում ակտիվություն եւ աշխուժություն մտցնելու համար մեծ փողեր պետք չեն: «Այսպես որոշեցինք խաղահրապարակներ կառուցել: Ունենք լավ ու շատ ընկերներ, որ պատրաստակամ մարդիկ են եւ եթե ամեն մեկը 5000 դրամ տար, գործը գլուխ կգար: Այդպես էլ եղավ: Արշավներ կազմակերպեցինք, սոցկայքերով հայտարարություն տարածեցինք: Եվ քանի որ առաջին խաղահրապարակի մասին հայտարարությանը այդքան շատ մարդ արձագանքեց, որոշեցինք շարունակել նախաձեռնությունը»,- հայտարարեց Ապրես Զոհրաբյանը:
Ըստ մեր զրուցակցի, 2010 թվականից մինչ օրս տեղադրվել է արդեն 8 խաղահրապարակ՝ տասնյակ մարդկանց փոքր ներդրումների, նվիրատվությունների արդյունքում: Մեկ խաղահրապարակի արժեքը մոտ 250-300 հազար դրամ է, երեք-չորս խաղ՝ ճոճարաններ, պտտվող կարուսելներ:
Երեւանում չորս խաղահրապարակ տեղադրելուց հետո (Երեւանի հոգեբանամանկավարժական գնահատման կենտրոն, Ձիարշավարան, Խոսքի խանգարում ունեցող երեխաների գիշերօթիկ դպրոց), «Բնատաճարում» որոշել են մարզերում եւ մասնավորաբար սահմանային գյուղերում խաղահրապարակներ կառուցել: Այս նախաձեռնության արդյունքում խաղահրապարակներ են ստացել Տավուշի մարզի սահմանամերձ Կիրանց, Չինարի գյուղերը, Գյումրիի սոցիալական կենտրոնը:
Վերջին խաղահրապարակը տեղադրվել է Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղում՝ Հայաստանի մանուկների հիմնադրամի (COAF) աջակցությամբ: «Բնատաճարի» նախաձեռնությունը դուր է եկել Հայաստանի մանուկների հիմնադրամին, եւ հիմնադրամը արդեն իր դոնորների օգնությամբ ոչ պակաս գեղեցիկ խաղահրապարակ-համայնքային պուրակ է կառուցել Լեռնագոգի հարեւան Դալարիկ գյուղում՝ հենց մանկապարտեզին «կպած»:
Ըստ COAF-ի տնօրեն Սերոբ Խաչատրյանի, Դալարիկի խաղահրապարակ-համայնքային պուրակի վրա ծախսվել է շուրջ 8 միլիոն դրամ: Խաղահրապարակի կառուցման աշխատանքները հովանավորել են բարերարներ՝ Արտո, Թալար եւ Գարոտ Հորոզօղլուները։ Այս նախաձեռնությունն էլ դուր է եկել դալարիկցի ուսանողներին եւ նրանք Հայաստանի մանուկների հիմնադրամի (COAF) օգնությամբ ներկել-թարմացրել են մանկապարտեզի ցանկապատը:
Հայաստանի մանուկների հիմնադրամի տնօրեն Սերոբ Խաչատրյանն ասաց, որ գյուղերում խաղահրապարակ-պուրակների կառուցումը նպատակ ունի երեխաների եւ բնակիչների համար ստեղծել ակտիվ հանգստի պայմաններ, ինչի կարիքը հատկապես գյուղական համայնքներում զգալի է։ «Պուրակը մեծ աշխուժություն է առաջացրել համայնքում։ Թեեւ պուրակի պաշտոնական բացումը լինելու է նոյեմբերին, բայց այն արդեն միշտ մարդաշատ է։ Պուրակը գտնվում է համայնքի մանկապարտեզի եւ դպրոցի հարեւանությամբ եւ ծառայելու է նաեւ ուսումնական նպատակների համար»,- ասում է Սերոբ Խաչատրյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել