Նոր տերմինալում, ըստ տաքսիստների, մրցակցային անհավասար պայմաններ են
Ինչ բացվել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի նոր տերմինալը, այլեւս չի թույլատրվում այդ տարածքում արտոնագրված 2՝ «Aero» եւ «Taxi Tur» տաքսի-սերվիսներից բացի, այլ տաքսիների կայանումը: Սա հարուցել է մի շարք այլ տաքսի-սերվիսների եւ անհատ տաքսիստների դժգոհությունը: «Անհավասար պայմաններ են ստեղծում տաքսիների համար եւ խախտում տնտեսվարող սուբյեկտների իրավունքները: Մինչդեռ տաքսի վարելու համար լիցենզիա են տրամադրել՝ պայմանով, որ հնարավորություն լինի տաքսիների համար նախատեսված ցանկացած վայրում կայանել մեքենա: Իսկ այսպես, օդանավակայանի տաքսիներն իրենց գներն են թելադրում եւ ուղեւորներին այլընտրանքի հնարավորություն չեն տալիս»,- մեզ հետ զրույցում ասաց «Քաղաքացիական դիրքորոշում» հասարակական կազմակերպության ղեկավար Գեւորգ Դոստուրյանը: Նրա խոսքերով՝ օդանավակայանի ղեկավարությունը իրենց տաքսիների համար արտոնյալ պայմաններ է ստեղծում, իսկ մյուս տաքսիները ստիպված են լինելու շատ հեռու վայրում կայանել՝ ուղեւորների աչքից հեռու: Փաստորեն, Երեւան ժամանածները եթե փորձեն օգտվել տաքսի-սերվիսներից, այլընտրանք չեն ունենալու եւ ուզած-չուզած պետք է այդտեղ արտոնված 2 սերվիսներից օգտվեն:
«Առավոտը» այցելեց օդանավակայան եւ զրուցեց անհատ տաքսու վարորդների հետ, որոնք վստահեցրին, որ սերվիսների դիսպետչերներն իրենց արգելում են մոտենալ ժամանողներին եւ, այսպես ասած՝ կլիենտ վերցնել: Անհատ տաքսիստների եւ «Քաղաքացիական դիրքորոշում» հ/կ-ի դժգոհություններին էր միացել նաեւ «Սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանը: Նրա խոսքերով՝ օդանավակայանի նման դիրքորոշումը սպառողների իրավունքի խախտում է:
Այս առնչությամբ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի գլխավոր մենեջերի տեղակալ Անդրանիկ Շխրյանը վստահեցրեց, որ մեքենաների համար 20 մետր հեռավորության վրա կա առանձնացված վայր, որտեղ կարող են կայանել նաեւ այլ տաքսիներ, իսկ իրենց տաքսիների համար նախատեսված տարածքը սահմանափակ է, եւ հնարավոր չէ Հայաստանում գրանցված մոտ 400 տաքսիների եւ սերվիսների համար տեղ հատկացնել. «Մենք առաջնորդվել ենք միջազգային չափանիշներով՝ հաշվի առել տեղական առանձնահատկությունները: Աշխատում ենք լավագույն ընկերությունների հետ, որոնք ապահովում են ոչ միայն լավ մեքենաներ՝ օդափոխիչով, բենզինով աշխատող, մաքուր նստելատեղերով, այլեւ ուղեւորին նորմալ եւ անվտանգ տեղ են հասցնում: Ուղեւորը գիտի, որ օդանավակայանը պատասխանատվություն է կրում այդ ծառայության համար: Հակառակ դեպքում մենք կունենանք գրդոնչիների հին պատմությունը, որոնք հարձակվում էին ուղեւորների վրա: Արդյունքում ուղեւորը բողոքում էր օդանավակայանին, իսկ մենք չգիտեինք, թե ում դիմենք: Ցանկացած մարդ կարող էր գալ եւ ծառայություն մատուցել, մենք էլ չիմանայինք՝ ով էր վարորդը»: Հենց օդանավակայանում հ/կ-ների ղեկավարներն ու օդանավակայանի մենեջերը զրուցեցին այս խնդրի շուրջ: Պատասխանատուները խոստացան, որ ցուցանակ կտեղադրեն, որը ուղեւորին կտեղեկացնի այլ տաքսիների կայանելու վայրի մասին, այսինքն՝ հյուրերը, եթե անգամ չեն համաձայնվի օդանավակայանի տաքսիների առաջարկած գնով ուղեւորվել, ապա ցուցանակը կհուշի այլընտրանքային տաքսիների տեղը: Բացի այդ, օդանավակայանի մենեջերը վստահեցրեց, որ, ճիշտ է, այլ տաքսիներ իրավունք չեն ունենա իրենց տաքսիների մոտ երկար կայանել, սակայն եթե ուղեւորը պատվիրել է քաղաքից մեկ այլ սերվիսի մեքենա, ապա առանց որեւէ խոչընդոտի մեքենան կարող է այդ հատվածին մոտենալ եւ վերցնել իր պատվիրատուին: Իսկ ինչ վերաբերում է այն դժգոհություններին, որ օդանավակայանի տաքսիների սակագները բավականին թանկ են՝ 4000 դրամ, օդանավակայանից վստահեցրին, որ մինչեւ Երեւանի կենտրոն 3000 դրամ է, ինչն էլ տաքսիների կայանատեղիում ցուցանակի վրա գրված է:
Խնդրի առնչությամբ հասարակական կազմակերպությունները դիմել են կառավարություն եւ «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանին: