Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՐԱԹԵՐԹ՝ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Հոկտեմբեր 13,2011 00:00

\"\"Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը վերականգնում է քաղաքի հին ավանդույթը

Մոտ 20 տարվա ընդմիջումից հետո երեկ Գյումրիում լույս տեսավ մի նոր օրաթերթ՝ «Գյումրի Ասպարեզ» անվամբ: Հիմնադրի՝ Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանի տեղեկացնելով, իրենք օրաթերթ հրատարակելու գաղափար ունեցել են շատ վաղուց՝ դեռեւս 2001-2002թթ.-ից՝ ակումբի հիմնադրման տարիներից, սակայն խանգարել է ձեռքի տակ տպարան չունենալը: Հիշեցնենք, որ Գյումրիի միակ տպարանը մոտ 4 տարի առաջ քարուքանդ եղավ, քանի որ շենքը Շիրակի նախկին մարզպետ Ռոմիկ Մանուկյանի օրոք հանձնվեց ամերիկահայ բժիշկ-բարերար Հովհաննես Օյունջյանին, ով եւ տպարանի փոխարեն շքեղ գիշերօթիկ դպրոց հիմնեց: Մի խոսքով, տպարանի փակվելուց հետո Գյումրիում լույս տեսնող բոլոր թերթերը կանգնեցին կրախի առջեւ: Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբին հաջողվել է լուծել ամենակնճռոտ խնդիրը. Գերմանիայից տպագրական մեքենա են պատվիրել: Լեւոն Բարսեղյանի ներկայացնելով, այս տարվա ապրիլից «Բաց հասարակության հիմնադրամներ» Հայաստան հիմնադրամը աջակցել է թերթի զարգացման ծրագրին, որի շնորհիվ 3 ամիս շարունակ դասընթացներ են կազմակերպվել ժուռնալիստիկայի բաժինն ավարտած երիտասարդ լրագրողների ու լրագրությամբ զբաղվելու ցանկություն ունեցողների համար, 37 հայտատուից ընտրել են 12-ին: «Չունենք քաղաքական պատվիրատու, ոչ էլ ուզում ենք ունենալ, մեր նպատակը քաղաքացիական գաղափարները արտացոլող թերթ ունենալն է, արտացոլվելու է սոցիալական ցանցը, այնտեղ տեղի ունեցող ամենադաժան քննարկումները, իհարկե՝ ջանալու ենք որեւէ մեկին չվիրավորել կամ զրպարտել»,- ասում է Լեւոն Բարսեղյանը: Նրա ասելով, իրենք գիտակցում են, որ Գյումրին օրաթերթի համար դրախտ չէ, հետեւաբար կսկսեն քիչ տպաքանակից՝ 300 օրինակից, ու աստիճանաբար կավելացնեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել