Լրահոս
Օրվա լրահոսը

Այսպես կարծում են հայաստանցիները

Հոկտեմբեր 13,2011 00:00

«500 Ձայն» հասարակական հետազոտությունների խմբի հերթական ուսումնասիրությունը առնչվում է հայաստանյան վերջին մի քանի իրադարձությունների դիտարկմանը՝ ֆուտբոլային կրքեր, շուրջօրյա հանրահավաքներ, կոռուպցիայի դեմ պայքար եւ այլն:
Հայաստանցիների 35 տոկոսի կարծիքով՝ վերջին շրջանում Հայաստանի համար ամենակարեւոր իրադարձությունը ֆուտբոլի ազգային հավաքականի հանդիպումներն են: Հավաքականն իր աննախադեպ հաջող ելույթներով ապահովեց ներքին համախմբում՝ թե դրական էմոցիոնալ մթնոլորտ երկրում, թե լավատեսություն ապագայի հանդեպ: Այն, ինչը քաղաքական ուժերը բոլորը միասին չեն կարողանում անել արդեն երկար տարիներ: Մեր երկրի համար հաջորդ կարեւորագույն իրադարձությունը հայաստանցիների 25 տոկոսի համար ՌԴ հաջորդ նախագահի անվան հայտնի դառնալն է, իսկ Ֆրանսիայի նախագահ Ն. Սարկոզիի այցը կարեւորագույն իրադարձություն է համարում ընդամենը 11 տոկոսը:
ՀԱԿ-ի վրանային ավանի ձեւավորումը Ազատության հրապարակում եւ շուրջօրյա հանրահավաքների անցկացումը հիշեցրին, որ հերթական ընտրությունները հեռու չեն, ու նախընտրական լարվածությունը գնալով աճելու է: Ընդդիմության հանրահավաքներին միանշանակ դրական է վերաբերվում հարցվածների 17 տոկոսը, ավելի շատ դրական՝ 15%-ը: Միեւնույն ժամանակ, ուսումնասիրության մասնակիցների 32 տոկոսը միանգամայն անտարբեր է Ազատության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքների հանդեպ: Ստացվում է, որ 32 տոկոսը այս կամ այն չափով կողմ է ՀԱԿ-ի հանրահավաքներին՝ անկախ մոտիվացիայից, եւ նույնքան տոկոսն էլ անտարբեր է:
Մինչեւ ընտրությունները՝ ներքին քաղաքական լարվածությունը, անշուշտ, մեծանալու է: Հաշվի առնելով նախորդ ընտրությունների հետեւանքները՝ մեծ է անհանգստությունը, որ այս անգամ էլ ընտրական կրքերն ու հետընտրական զարգացումները կարող են անցնել թույլատրելիի սահմանը: «Ո՞վ կարող է ՀՀ քաղաքական հակադիր բեւեռների հաշտեցման եւ իրական երկխոսության երաշխավորը դառնալ՝ ապահովելով երկրում անցնցում ընտրություններ եւ խաղաղություն» հարցին տրվել են հետեւյալ պատասխանները.
Գագիկ Ծառուկյան՝ 43 տոկոս, Քըրք Քըրքորյան՝ 22, Շառլ Ազնավուր՝ 12, Վլադիմիր Պուտին՝ 7, Գագիկ Հարությունյան՝ 5 (որպես ՍԴ նախագահ), Ամենայն հայոց կաթողիկոս՝ 4, Վազգեն Մանուկյան՝ 3 (որպես՝ Հանրային խորհրդի նախագահ): Եղել են նաեւ այլ պատասխաններ:
Ըստ հայաստանցիների 41 տոկոսի, ներքաղաքական վտանգավոր զարգացումներից երկիրն ու հասարակությունը կարող են զերծ պահել ոչ հայաստանյան գործիչները՝ Քըրք Քըրքորյան, Շառլ Ազնավուր, Վլադիմիր Պուտին: Թեեւ առաջին տեղում 43 տոկոսով հայաստանյան գործիչ Գ. Ծառուկյանն է, սակայն 41 տոկոսը այս հարցում լուրջ մտահոգության տեղիք է տալիս: Աչքի է ընկնում նաեւ հայաստանյան դեմքերի տոկոսների տարբերությունը՝ Ծառուկյանից հետո՝ 43 տոկոս, ՍԴ նախագահն է՝ ընդամենը 5 տոկոսով:
Ուսումնասիրության հաջորդ թեման վերաբերում էր կոռուպցիայի դեմ տարվող պայքարին: Ուսումնասիրության մասնակիցների 34 տոկոսը կարծում է, որ պայքար պարզապես չկա, 28 տոկոսը գտնում է, որ տարվում է խիստ թույլ պայքար, եւ միայն 4 տոկոսն է կարծում, որ ՀՀ-ում կոռուպցիայի դեմ տարվում է խիստ ուժեղ պայքար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել