Լրահոս
Օրվա լրահոսը

«Անբարո է աղքատ երկրում հարուստ լինել»

Հոկտեմբեր 13,2011 00:00

Կարծում է ԱԺ նախկին պատգամավոր Էմմա Խուդաբաշյանը

– Ներքին ու արտաքին քաղաքականությունը մեր երկրում այսօր ոչ բոլորին է դուր գալիս, Դուք՝ որպես քաղաքականությունից հեռու կանգնած մարդ, ի՞նչ եք մտածում այսօրվա մասին:
– Միջազգային քաղաքականության մասնագետ չեմ, բայց աչք ունեմ ու «տեսնում եմ», որ 2008թ. սկսած՝ մենք հանձնում ենք Արցախը, շրջակա տարածքները, շաբաթը մեկ պատերազմ է սանձազերծվում: Բայց իրականությունն այն է, որ «ստատուս քվոն» պահպանված է, Արցախը զարգանում է, հակառակորդի՝ Իսրայելի արտադրության անօդաչու սավառնակներ են խփվում, պատերազմ չկա, իսկ Հանրապետության հրապարակով, շքերթի ժամանակ, անցնում են Հայաստանում լուռումունջ արտադրված այդ նույն կարգի անօդաչու ապարատները: Աշխարհում ամենահեշտ բանը երեւի գործ անողին քննադատելն է. բոլորովին պարտադիր չէ այդ աշխատանքի նրբություններին ծանոթ լինելը, ուղղակի պետք է մուգ ակնոց հագնել ու սկսել: Բայց յուրաքանչյուր աշխատանք ի վերջո իր արդյունքով է արժեւորվում, իսկ արդյունքն ակնհայտ է: Ինչ ասես, որ չասացին՝ էլ դավաճանություն, էլ ազգուրացություն, անունն էլ ծաղրելով «ֆուտբոլային» քաղաքականություն դրեցին: Հիմա նայեք մեր հարեւանին՝ նրա իրական դեմքը միջազգային հանրության առաջ բացահայտված է, տարածաշրջանում պետություն չկա, որի հետ խնդիր չունենա, նույնիսկ ԱՄՆ-ի հետ են հարաբերությունները ձգված, ներքին խնդիրների մասին խոսելն էլ է ավելորդ: Հասկանալի է, որ դա մեր երկրի նախագահի վարած արտաքին քաղաքականության արդյունքը չէ, բայց այդ բոլորը պետք էր հաշվել ու հաշվարկել, չէ՞: Ափսոս, որ ներքին քաղաքականության մասին չեմ կարող նույնքան լիաբերան խոսել, արտաքուստ հսկայական աշխատանք է կատարվում, շատ լավ գործեր են ձեռնարկվում, բայց սայլը մնում է տեղում, իսկ որոշ հարցերում նույնիսկ ետ-ետ է գնում: Փողատենչությունը, ցոփությունը դարձել են մեր բոլորիս կյանքի անբաժան մասը: Քանի դեռ չենք հասկացել, որ անբարո է աղքատ երկրում հարուստ լինելը, քիչ բան է հնարավոր փոխել: Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ գործադիրը միայն վերեւից եկող նախաձեռնություններին ոգեւորված «դաբրո» տալու ու դրանք մի հատուկ՝ անկատար գործերի դարակում դնելու համար է: Նրանց կարծես բոլորովին չի հետաքրքրում մասսայական դժգոհությունը, արտագաղթը, որն այդպես թուլացնում է մեր երկիրը: Այդ պաշտոնյաները միայն իրենց վաստակի տերն են, իսկ աշխատանքը՝ աշխատանքն էլ «գայլ չի, անտառ չի փախչի»: Նրանց չի հետաքրքրում նորօրյա խոպանչիների մեծացող բանակն ու Հայաստանի բերրի հողերի խոպանացումը. չի հետաքրքրում, որ մեր աղջիկները Ստամբուլի ու Դուբայի փողոցներում են հաց վաստակում: 1992-ից, երբ հրացանավորներն էին մտնում որեւէ հիմնարկ ու ստիպում աշխատանքից ազատվելու դիմում գրել, քիչ բան է փոխվել, հիմա էլ կառուցվածքային փոփոխության անվան տակ նորելուկ փողկապավորներն են կադրային ջարդ անում ու մեծացնում բողոքողների՝ առանց այդ էլ հզոր բանակը: Իսկ այդ մարդիկ ի՞նչ են անելու, ինչպե՞ս են ապրելու. որը երկրից է գնալու, որն էլ՝ Ազատության հրապարակում է քնելու՝ պարզ չի՞: Կարծում եմ՝ սա կուսակցականացված կառավարման հետեւանքն է, որ մեր երկրի տնտեսության հերն է անիծում: Իմ կարծիքով՝ վերջին գործընթացներով Հայաստանն աշխարհում իր կայուն տեղը գրավեց, եւ երկրի նախագահն այսուհետեւ ավելի շատ հնարավորություն կունենա զբաղվելու ներքին քաղաքականությամբ, իսկ մնացյալն արդեն, ինչպես ասում են, «տեխնիկայի հարց է»:
– Այսօր շատ է խոսվում երկրորդ նախագահի վերադարձի մասին. Դուք, որ ժամանակին քիչ «թթու» խոսք չեք ասել նրա հասցեին, հիմա այդ վերադարձը հավանական համարո՞ւմ եք:
– Հնարավոր է, որ փորձի վերադառնալ: Մեր երկրի Սահմանադրության մեջ գրված է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի իր թեկնածությունը դնել: Քոչարյանը վերջապես լրացրել է Հայաստանի քաղաքացի լինելու տասնամյակը՝ առաջադրվելու իրավունք ունի: Բայց ժողովուրդն էլ ունի ընտրելու կամ չընտրելու իրավունք: Մարտի 1-ով Ռ. Քոչարյանն իր հաջորդ շուտափույթ նախագահական ընտրությունն էր նախապատրաստում, բայց հրացանը հակադարձ հարված հասցրեց: Նրա յուրայինների ասած «հասարակական պահանջը» վերադարձի համար քիչ է, մանավանդ՝ ես դա չեմ էլ տեսնում: Առանց քաղաքական հենարանի չեմ կարծում, թե դա հնարավոր է: Իսկ Դուք փորձեք պատկերացնել, թե այդ ո՞ր կուսակցությունն է պատրաստ նրա հետ կիսել ու պատասխանատվություն կրել տասը տարվա եւ մարտի 1-ի մեղքերի համար. չէ՞ որ ցանկացած քաղաքական ուժի համար դա ուղղակի ինքնասպանություն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել