Առաջարկում է Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագիր Բագրատ Էստուկյանը
– Հայ-թուրքական արձանագրություններին բաժին հասած ճակատագիրը թուրքական նոր խորհրդարանում ի՞նչ է նշանակում, Թուրքիան ընդամենը փորձում է խաղարկե՞լ արձանագրությունները:
– Հավանաբար՝ այո: Թուրքիան չցանկացավ նախագահ Սարգսյանի՝ միասին ֆուտբոլ նայելու հրավերն անպատասխան թողնել, եւ այդ հրավերից օգտվեցին՝ որպես բանակցություններ սկսելու պատճառ: Մինչդեռ մենք ի սկզբանե նման պատճառի կարիք չունեինք: Սահմանը բանակցություններով չէր փակվել, որպեսզի բանակցություններով բացվեր: Դա Թուրքիայի կողմից միակողմանի որոշում էր: Ինչպես նաեւ դիվանագիտական-պաշտոնական ճանաչումը. այո, Թուրքիան Հայաստանին ճանաչեց որպես անկախ պետություն, բայց դիվանագիտական կապ չհաստատեց: Թուրքիան իր այդ միակողմանի որոշումները վերածեց բանակցությունների, եւ մենք՝ հայերս, ընկանք այդ ծուղակը: Դա մեզ պետք չէր: Նախագահ Սարգսյանը, կարծում եմ, ճիշտ կվարվեր, եթե այն ժամանակ պատասխաներ, որ սիրով ընդունվել են փոխադարձ հրավերները՝ եւ միայն, պետք չէր, որ բանակցությունների մեջ մտներ եւ ասեր՝ ասելիքներ ունեք՝ համեցեք, սահմանն էլ մեր կողմից բաց է: Այդտեղ մենք մեծ սխալ թույլ տվեցինք, եւ մինչեւ այսօր թուրքերը դա շարունակում են շահագործել՝ տակավին քայլ չանելով, բայց նյութն օրակարգում պահելով: Այս վերջերս էլ, ըստ իս, արձանագրությունների «վերակենդանացման» հիմնական պատճառն այն է, որ Ադրբեջանը հստակ դիրքորոշում ունի դեպի Իսրայել: Իսկ Թուրքիան, ինչպես գիտեք, Իսրայելի հետ լուրջ խնդիրներ ունի եւ Ադրբեջանից պահանջում է իրեն զորակցել: Արձանագրությունների վերհանմամբ փորձում էր վախեցնել Ադրբեջանին: Մինչդեռ Ադրբեջանը հստակ հայտարարեց, որ ինքն այդ հարցում ինքնուրույն արտաքին քաղաքականություն է վարելու: Թուրքիան, որպես խաղաքարտ, դարձյալ փորձում է օգտագործել արձանագրությունները՝ դրանք օրակարգում պահելով: Իրականում այն նյութը, որն այսքան ժամանակ շարունակում է չքննարկված մնալ խորհրդարանում, օրակարգից դուրս է մնում ինքնաբերաբար: Սա է արձանագրությունների իրական ճակատագիրը:
– Ձեր պատկերացմամբ՝ այսօր, այս իրավիճակում, Հայաստանն ինչպե՞ս պետք է վարվի այդ արձանագրությունների հետ: Հայաստանում կան քաղաքական ուժեր, որոնք, օրինակ, պահանջում են, որպեսզի Հայաստանը ետ վերցնի իր ստորագրությունը:
– Եթե Հայաստանը կարող է խաղալ Թուրքիայի հետ՝ թող խաղա, բայց եթե Թուրքիան է, որ պետք է շարունակի խաղալ՝ այդ խաղին պետք է արգելք լինել: Եթե պետք է ուրիշի դիվանագիտությանը զոհ գնանք, լավ կլինի՝ կամավոր չգնանք: Ես կողմ եմ, որ Հայաստանն իր ստորագրությունը ետ վերցնի, քանի որ գտնում եմ, որ Թուրքիայի հետ ցանկացած հարցի շուրջ կարող ենք բանակցել, բայց սահմանը բացելու հարցում նման խնդիր չեմ տեսնում: Պետք է իբրեւ հավասարը հավասարի սեղան նստենք, ոչ թե մեկը խաղի կանոնները որոշի, մենք էլ ստիպված լինենք համակերպվել:
– Մասնավոր զրույցում ասացիք, որ թուրքական կառավարությունն օրենսդրական փոփոխություններ է մշակել, որոնք թույլ կտան պոլսահայ համայնքի սեփականությունը վերցնել հայերի ձեռքից: Ասացիք նաեւ, որ «Հրանտ Դինք» հիմնադրամը փորձում է այս առիթով ամբողջական տեղեկատվություն հավաքել եւ փորձել դիմագրավել: Իսկ տեղի հայ համայնքում չկա՞ն ազդեցիկ մարդիկ, ովքեր կմիանան այդ գործին:
– Մեր ամենակարեւոր խնդիրը միասնական շարժվելու հնարավորություններից հեռացած լինելն է: Մենք ամբողջ համայնքն ընդգրկող համակարգեր, դժբախտաբար, չունենք: Ամեն հաստատություն, հիմնադրամ առանձին պատասխանատու է իշխանություններին եւ առանց մյուսների հետ խորհրդակցելու՝ իր հաշիվներն առաջ տանելու մարմաջների մեջ է:
– Փաստորեն, ոչ թե միասնականանալ չեք կարող, այլ չե՞ք ցանկանում:
– Ճիշտ է, մի կողմից՝ օրենքներով այդ հնարավորությունները մեզ համար փակված են, բայց մենք էլ օրենքները հաղթահարելու նպատակ չունենք: Համակերպված ենք մեզ պարտադրվածին:
– Ասացիք նաեւ, որ թուրքական կառավարությունը ամեն ինչ անում է, որպեսզի հայ համայնքը, որը Թուրքիայում ամենամեծ ազգային փոքրամասնությունն է, որպես կրոնական կազմակերպություն ներկայացվի, իսկ Պոլսի հայկական պատրիարքարանը հլու-հնազանդ ենթարկվում է: Չկա՞ն գոնե անհատներ, որ ընդվզելու փորձեր անեն, պատրիարքի տեղապահից պարզաբանումներ պահանջեն այդչափ կրավորական կեցվածքի համար:
– Մեզ համար կարեւոր խնդիրներից մեկն էլ այն է, որ պատրիարք չունենք: Նշանակություն չունի՝ հավատացյալ ենք, թե ոչ, եկեղեցի հաճախում ենք, թե ոչ: Այդ ամենից անկախ՝ մենք պատրիարքի անհրաժեշտություն ունենք: Գործնականում այժմ պատրիարք չունենք, ունենք պետության կողմից մատնացույց արված, նշանակված փոխանորդ, ինչը մեզ համար ընդունելի չէ: Հարցեր կան, որ պիտի սպասենք մինչեւ պատրիարք լինի եւ նրա հետ քննարկենք: Անգամ խնդիր չէ եթե նույն փոխանորդը պատրիարք նշանակվի, բայց այսօր փոխանորդի հետ խոսելու տարբերակ չկա: