ԵԽԽՎ պատվիրակներն այս հարցին տվեցին բացասական պատասխան՝ հեգնելով, թե մեր աշխարհը կարծես մտնում է մի նոր ամբողջատիրական դարաշրջան, որտեղ Google-ը հանդես է գալիս իբրեւ «ժողովուրդների հայր»:
ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի վերջին օրը՝ հոկտեմբերի 7-ին, Վեհաժողովը քննարկեց «Համացանցում եւ առցանց լրատվամիջոցներում մասնավոր եւ անձնական տվյալների պաշտպանությունը» զեկույցը, որը հեղինակել էր Սլովենիայից պատվիրակ Անդրեյա Ռիհթերը (լուսանկարում): Զեկուցողն այդ տվյալների պաշտպանությունը համացանցում նշեց իբրեւ բոլորի համար մեծ նշանակություն ստացած խնդիր. «Մենք գործածում ենք բջջային հեռախոսներ ու էլեկտրոնային փոստարկղեր, համացանցով բանկային գործարքներ ենք անում ու քվեարկում, այցելում ենք կայքեր ու գուցե ունենք մեր սեփական բլոգերն ու էջերը Facebook-ում»: Նա շեշտեց, թե համացանցում արձանագրվում է ոչ միայն այն, թե որտեղ ենք մենք գտնվում աշխարհագրորեն, այլ նաեւ այն տվյալները, որոնք դնում ենք համացանցում՝ կարող են օգտագործվել այլոց կողմից. «Տեխնոլոգիապես հնարավոր է հայտնաբերել այն թվային հետքերը, որոնք թողնում ենք, երբ համացանցով ամրագրում ենք չվերթի տոմսեր կամ հյուրանոցի համարներ, գործածում բջջային հեռախոսներ ճանապարհորդելիս, գնում հուշանվերներ քարտով»:
Զեկուցողի ուրվագծած այս պատկերը թվում էր դեռ 1995-ին նկարահանված «Ցանց» կինոնկարում Սանդրա Բալոքի մարմնավորած գլխավոր հերոսի «Համացանցում ամեն մեկս մի ստվեր ունի, որը կարծես խնդրում է, որ իր հետ խաղան» չարագուշակ կանխատեսման իրականացումը: Այլ ելույթ ունեցողներն իրենց հետ պատահածը Վեհաժողովում պատմելով՝ լրացրին այս պատկերը: Մի օրինակ՝ Ֆրանսիայի պատվիրակ Ֆրեդերիկ Ռեիսը պատմեց, որ բոլորովին վերջերս իր տան հասցեն է հավաքել Google Maps-ում եւ գտել լուսանկարն իր տան, այդ թվում եւ, ճամփի վրա կանգնած ավտոմեքենայի, որի վրա կղմինդրե ծածկ արտադրող մի ընկերության խորհրդանիշն էր, որի հետ ինքը մի քանի տարի առաջ ուներ աշխատանքային պայմանագիր: Պատվիրակը զարմացած էր, որ նման տեղեկատվությունը մատչելի է հանրության համար եւ չի կարող ջնջվել. «Իմ տան դուռը, պատուհանը եւ ավտոտնակը հստակ երեւում էին՝ սա մի տեղեկատվություն է, որ սա կարող է դյուրությամբ խթանել ոտնձգությունները»: Եվ նշեց, թե աշխարհը կարծես մտնում է մի նոր ամբողջատիրական դարաշրջան, որտեղ Google-ն է հանդես գալիս իբրեւ «ժողովուրդների հայր»:
«Մենք գիտենք, որ մի անգամ ինչ-որ բան դնելով համացանցում՝ մենք կորցնում ենք դրա նկատմամբ վերահսկողությունը,- ասաց Սոցիալիստների խմբի անունից ելույթ ունեցող Հոլանդիայի պատվիրակ Թինեկե Սթրիկը:- Տվյալ պահին կարող ենք ջնջել տեքստը, բայց այն արդեն կարող է տեղափոխված լինել այնքան կայքեր, որ անհնար է ջնջել ամբողջությամբ»:
Ինչ միջոցներ էին առաջարկվում ԵԽԽՎ-ում՝ պաշտպանելու համար համացանցում մեր անձնական տվյալները: «Մեզ հարկավոր է Կիբեռհանցագործության վերաբերյալ համաձայնագրի նման միջազգային մի համաձայնագիր»,- նախ առաջարկեց զեկուցող Անդրեյա Ռիհթերը: ԵԽԽՎ իրավական հարցերի եւ հանձնաժողովի անունից առաջարկվեց մշակել այս խնդիրների կարգավորման եվրոպական չափանիշներ: Հնչեց նաեւ առաջարկ, որ եթե խոսքը պետական կայքերի եւ դրանցում անհատական տվյալների մասին է՝ պետությունը պետք է պահանջի հնարավորինս քիչ տեղեկատվություն եւ պահպանի տվյալները, միայն եթե դա խիստ անհրաժեշտ է եւ շատ կարճ ժամանակով: Բացի այդ, ակնկալվում է, որ տվյալների փոխանակումը պաշտպանված լինի խստագույն կանոններով եւ նորմերով: Սոցիալիստների խմբի անունից ելույթ ունեցողը նաեւ նման պահանջ առաջադրեց. «ԵԽ անդամ երկրների իշխանությունները պետք է պաշտպանեն այն ընկերություններից, որոնք անձնական տվյալների հարցում ունեն շահեր: Ընկերությունները, ինչպիսիք են Facebook-ը եւ Google-ը՝ շատ բան գիտեն մեր մասին, եւ նրանք ունեն առեւտրային հետաքրքրվածություն՝ շահագործելու այդ տվյալները: Պետությունները պետք է համոզված լինեն, որ այդ ընկերությունները տեղեկացնում են իրենց հաճախորդներին, թե հատկապես ինչ են անում այդ տվյալները»: Իսկ Եվրոպայի ազատականների եւ ժողովրդավարների դաշինքի անունից ելույթ ունեցած Կերստին Լունդգրենը կարեւորեց, որ ամրագրվի հնարավորություն ֆիզիկական անձանց համար՝ դիմել դատարան, եթե չարաշահվել են իրենց անձնական տվյալները: