Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի հանդեպ կայացված դատավճիռը շարունակում է անհանգստացնել համաշխարհային հանրությանը: Պեչերյան շրջանային դատարանի որոշումը դատապարտել են ինչպես ԵՄ երկրները, այնպես էլ ԱՄՆ-ն: Ինչպես տեղեկացնում է aysor.am-ը, Սպիտակ տունը կոչ է արել Կիեւին Յուլիա Տիմոշենկոյին վերադարձնել ազատությունը, եւ ոչ միայն նրան, այլեւ «բոլոր քաղաքական գործիչներին եւ նախկին պաշտոնյաներին»: Վաշինգտոնը կարծում է, որ նրանք պետք է կարողանան ազատորեն մասնակցել երկրի քաղաքական կյանքին, մասնավորապես՝ խորհրդարանական ընտրություններին: ԱՄՆ-ի դիրքորոշումը այս հարցի շուրջ համապատասխանում է ԵՄ կարծիքին, որը նախապես հայտարարել էր, որ «գազի գործը» կարող է դառնալ խոչընդոտ Կիեւի՝ երկար սպասված անդամակցությանը ԵՄ-ին: