Լրահոս
Օրվա լրահոսը

«Արի տունը» բրենդ է

Հոկտեմբեր 12,2011 00:00

NEW 

Երեկ Երեւանում ՀՀ տարածքային կառավարման եւ սփյուռքի նախարարությունների ատյանների համատեղ նիստում ամփոփվեցին «Արի տուն» ծրագրի այս տարվա եւ մեկնարկից՝ 2009-ից այսկողմ արձանագրած արդյունքները: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նկատեց, որ ծրագիրը այլեւս նախարարությանը չէ, պետական չէ, ժողովրդական է եւ համահայկական: Ծրագիրը կայացել է, «Արի տունը» բրենդ է դարձել, նկատեց Հրանուշ Հակոբյանը:
2009-ին այս ծրագրով Հայաստան է եկել 13-20 տարեկան 250 սփյուռքահայ, անցած տարի՝ 600, այս տարի՝ 800, եկող տարի, ըստ նախարարության կանխատեսումների, կգա մոտ 1000 հոգի:
Այս ծրագրով 14 օր Հայաստանում անցկացնող երեխայի ծախսերի մի մասը հոգում է Հայաստանը, մի մասը՝ հյուրընկալ ընտանիքը, օգնում են դրսի հայ համայնքները: Սփյուռքի նախարարությունը առաջարկում է եկող տարվա համար սփյուռքահայ երեխաներին հյուրընկալել Երեւանում եւ մայրաքաղաքամերձ մոտ 30 համայնքներում:
Սփյուռք ունեցող Իսրայելում գործող նման ծրագրով ամեն տարի պապերի երկիր է այցելում մոտ 50 հազար երիտասարդ: Մեր ցուցանիշները առայժմ սրա հետ համեմատելի չեն, սակայն Հրանուշ Հակոբյանը ասաց, որ Հայաստանը «Արի տուն» ծրագրին մասնակցելու ցանկություն հայտնող ոչ մեկին չի մերժելու. «կընդունենք այնքան, որքան հայտ կլինի, որեւէ երեխայի չենք ասի՝ քեզ տեղ չկա, դու չպիտի գաս»:
Իսկ մինչ այդ, արդեն եկած-գնացած երեխաներին հավուր պատշաճի ընդունելու համար նախարարության շնորհակալագրերին ու պատվոգրերին արժանացան Երեւանի վարչական շրջանների ղեկավարների մի մասը, մայրաքաղաքին հարեւան չորս մարզերի ղեկավարները, այս մարզերի մոտ երկու տասնյակ համայնքների ղեկավարներ, դպրոցների երեք տնօրեն եւ մոտ մեկ տասնյակ ուսուցիչ: Որ մյուսները տեսնեն ու ոգեւորվեն: «Արի տունը» արդեն հասցրել է դրսում ոգեւորություն, ներսում՝ ուրախություն տարածել, ասաց Հրանուշ Հակոբյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել