Լրահոս
Օրվա լրահոսը

Պատասխան կտա միայն Բարսեղյանը

Հոկտեմբեր 12,2011 00:00

NEW

\"\"Երեկ Շիրակի  մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Մինաս Ավետիսյանի որդու`  Արման Ավետիսյանի` Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանի դեմ  «պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունների հերքման, հրապարակայնորեն ներողություն խնդրելու պարտավորեցման, պատճառված  վնասի հատուցման» պահանջով ներկայացրած դատաքննությունը: Հիշեցնենք, որ նրանց միջեւ կոնֆլիկտը ծագել էր Մինասի «Թել ենք մանում» եւ «Երկանք» որմնանկարները  Գյումրիից մայրաքաղաքի «Զվարթոնց» օդակայան տեղափոխելու պատճառով: Որմնանկարչի որդին վիրավորվել էր Լեւոն Բարսեղյանի այն հրապարկումներից, որտեղ նրան որակել էին որպես «իր պայմանավորվածությունից թռնող, լարախաղաց, Էռնեկյանի պատվերով գործող, հոր որմնանկարներից եկամուտ ստացող» եւ այլն: Լեւոն Բարսեղյանի ներկայացուցիչ,  փաստաբան Վահե Գրիգորյանը դատարանին միջնորդեց հայցը մերժել, քանի որ հայցվոր կողմը դատարան է դիմել օրենքի առավելագույն ժամկետի խախտմամբ, այսինքն՝ խախտել է դատի տալու 6 ամսվա ժամկետը: Մինչդեռ Արման Ավետիսյանի ներկայացուցիչ Անի Խլղաթյանը առարկեց` պնդելով, որ իրենք դատարան են դիմել օգոստոսի 4-ին, իսկ հրապարկումները եղել են հունիսին: Քանի որ նախորդ դատական նիստի ժամանակ պարզվեց, որ Լեւոն Բարսեղյանը Մինասի որմնակարներին առնչվող ոչ բոլոր հրապարակումների հեղինակն է, կան նյութեր, որոնք հեղինակել է Նարեկ Լեւոնյանը, հայցվոր կողմը դատարանին միջնորդություն ներկայացրեց ընդունել իրենց լրացուցիչ հայցադիմումը, որով պահանջում են Նարեկ Լեւոնյանին  ներգրավել՝ որպես պատասխանող: Դատավոր Արմեն Խաչատրյանի այն հարցին, թե. «Չհասկացանք, հայցապահանջն եք փոխո՞ւմ», Անի Խլղաթյանը հայտարարեց, որ Լեւոն Բարսեղյանի դեմ ներկայացրած հայցապահանջը չեն պատրաստվում փոխել, որովհետեւ նա եւս Նարեկ Լեւոնյանի պես իր «Կան բաներ, որ չեն ներվում» հրապարակմամբ վիրավորել է  Արման Ավետիսյանին` ասելով, որ վերջինս հոր որմնանկարների տեղափոխումից  եկամուտ է ստացել: Դատարանը  մերժեց  հայցվոր կողմի  միջնորդությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել