Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԵԽԱՅԻ ՍԵՌԸ ԹԱՔՑՆԵԼԸ ՍԽԱԼ Է

Հոկտեմբեր 12,2011 00:00

\"\"Այդպես կավելանա աբորտների թիվը

Օրերս Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) քննարկման թեմա էր դարձել այն, որ Ալբանիայում, Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում նորածին տղաների թիվը գերազանցում է աղջիկների թվին՝ 112/100 հարաբերակցությամբ, հետեւաբար եւ այդ երկրների իշխանություններին կոչ էր արվել համամասնությունն ապահովելու համար ուսումնասիրել պատճառները, ընդհուպ առաջարկվել էր ծնողներից թաքցնել չծնված երեխայի սեռը: Արձագանքելով ԵԽԽՎ-ի՝ չծնված երեխաների սեռի ընտրության վերաբերյալ ընդունած բանաձեւին՝ Գյումրու ծննդատան գործադիր տնօրեն Արմեն Իսահակյանը «Առավոտի» հետ զրույցում վստահեցրեց, որ մեր երկրում առաջին եւ երկրորդ ծնունդների դեպքում երեխայի սեռը աբորտի պատճառ չի դառնում. «20 տարի աշխատում եմ ու նման դեպք չեմ տեսել: Եթե ծնողները հետաքրքրվում են երեխայի սեռով, ապա դա պայմանավորված է լինում երեխայի շորեր, մահճակալ եւ այլ պարագաներ գնելու հարցով. այդ երեւույթը միգուցե նկատելի է երրորդ երեխայի դեպքում, երբ ընտանիքում ցանկանում են անպայման տղա երեխա ունենալ, բայց մեր երկրում շատ քչերն են երրորդ կամ չորրորդ երեխան ունենում: Թեման լուրջ չէ, ինչ-որ արհեստական բան է իր մեջ պարունակում, հատկապես որ ծննդատներից հարցումներ չեն կատարել աբորտների մասին ու որպես հիմք վերցրել են կենդանածինների քանակը, որը Հայաստանում քիչ բարձր է աշխարհում ընդունված նորմայից՝ 106 տղա՝ 100 աղջկա պարագայում: Մեզ մոտ տղաների քանակը 112 է, սարսափելի թվերի տարբերություն չկա, որ անհապաղ միջոցառումներ ձեռարկվեն»:
Ըստ բժշկի, այսօր աբորտների հետ կապված շատ ավելի լուրջ խնդիր կա մեր երկրում: Արմեն Իսահակյանի ներկայացմամբ, հայ կանանցից շատերը ինքնագլուխ աբորտներ են անում՝ դեղատներում ազատ վաճառվող դեղորայքներով. «Դեղատներից էժանագին դեղեր են ձեռք բերում, որոնք ազատ վաճառքի են դրված ու նաեւ ստամոքսի համար են, մեկ հաբն արժե 500 դրամ, դա խմում են ու իսկական պատուհաս դառնում ծննդատան բժիշկների գլխին: Ոչ լիարժեք աբորտ է կատարվում, ոչ լիարժեք վիժում ու շատ ծանր վիճակում՝ արյունահոսությամբ, տեղափոխվում են ծննդատուն՝ ստացիոնար պայմաններում բուժվելու: Իսկ հիվանդանոցը, չունենալով այդ բարդության համար նախատեսված ֆինանսական միջոցներ, սկսում է ծախսատար աշխատանք կատարել, քանի որ հիվանդի կյանքին վտանգ է սպառնում: Ասեմ, որ մենք ունենք դեղորայքային աբորտ, որի մեջ օգտագործվում են այդ դեղերը, բայց որպես երկրորդային՝ հիմնական դեղը կանայք վաճառքում չեն կարող հայթայթել: Բայց չունենալով ինֆորմացիա ու գրագետ մոտեցում, չդիմելով բժշկի՝ օգնող դեղով ուզում են աբորտ անել»: Բժշկի հաշվարկներով, կինը հիվանդանոցային պայմաններում աբորտ կատարելու փոխարեն, փորձում է էժան պրծնել, 1500 դրամի դեղ է գնում, մինչդեռ ծննդատունը ստիպված է լինում նրա վրա 200000-300000 դրամի գումար ծախսել: «Չգիտենք անգամ, թե հետագայում ինչ կլինի տվյալ կնոջ հետ: Այդ ծախսերը ոչ մի տեղից հատուցել հնարավոր չէ, մի կողմից արյունահոսություն է, պարտավոր ենք օգնել, բայց մյուս կողմից ֆիքսված գումար չունենք բյուջեում, որ այդ բուժումը կազմակերպենք, իսկ այսօր շատացել են նմանատիպ աբորտները»,- ասում է ծննդատան տնօրենը: Ըստ նրա, կոնկրետ իրենց աբորտների հարցով դիմողները պակասել են, որի մասին փաստում են գրանցամատյանները. «Եթե անգամ Հայաստանում արգելել են աբորտները, միեւնույն է, կանայք դեղագործների կամ հարեւանների խորհրդով կգնեն անհայտ դեղորայքը, կօգտագործեն: Դարձյալ ծննդատունն է կրակն ընկնելու: Եղել են դեպքեր, երբ կինն արյունահոսել է այնքան, մինչեւ արյան փոխներարկում ենք արել, զրո ճնշումով հիվանդ ենք ընդունել, քանի որ նա դեղատնից առած հաբեր է խմել՝ առանց օգտագործման դոզան, քանակն ու ժամերն իմանալու: Կարծում եմ՝ ճիշտ կլինի այդ դեղահաբերը դեղատոմսով վաճառել»:
Բժշկի տվյալներով, ամսական երեք-չորս հղի կին կրիմինալ աբորտի զոհ է դառնում: Ըստ նրա, ոչ մի դեպքում չպետք է պետականորեն արգելել աբորտը կամ երեխայի սեռի որոշումը, այլապես կծաղկի կոռուպցիան ու կրիմինալ աբորտը, որն արդեն իսկ ծաղկման փուլում է: «Ո՞վ է երաշխիք տվողը, որ արգելքի դեպքում, հենց պետական հիմնարկում հղի կինը բժշկի հետ առանձնազրույցի ժամանակ, երկկողմանի համաձայնությամբ ու ավելի թանկ գին վճարելով, չի ստանա իր ուզած ինֆորմացիան: Ստացվում է, որ ավելորդ քաշքշուկ են ստեղծում»,- ավելացրեց Ա. Իսահակյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել